Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 31-ին  տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող  մի շարք հարցեր:

Մինչ գիտխորհրդի մեկնարկը՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանին ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Անդրեյ Պետրոսյանին՝ ԱրՊՀ-ում երկարամյա գործունեության համար:

Օրակարգի առաջին հարցով ֆակուլտետների դեկանները և պրոռեկտորները հանդես են եկել տեղեկատվությամբ, ըստ որի՝  նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները ամբողջությամբ կատարված են և պատրաստ են սկսելու ուսումնական տարին:

Օրակարգի հաջորդ հարցով ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանը ներկայացրել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:

Գիտխորհուրդը հաստատել է նաև ԱրՊՀ կառուցվածքը, 2023-2024 ուսումնական տարվա գործունեության օրացույցի և փորձուսուցման ժամանակացույցի հաստատման մասին հարցերը:

Օրակարգային մյուս հարցը ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքների հաստատումն էր, որը ներկայացրել է գիտխորհրդի քարտուղար Գայանե Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ ընդունված հայտերը ընթացքավորվել են՝ ըստ կանոնակարգի:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել աշխարհագրության ամբիոնի դասախոսներ Յուրի Առաքելյանի և Տաթևիկ Սաֆարյանի «Արցախի Հանրապետության ֆիզիկական աշխարհագրության» գիրքը և «Արցախի ժողովրդագիտությունը» հատորաշարի 15-րդ հատորը:

Այլ հարցերում գիտխորհրդի քվեարկությամբ ընտրվել և հաստատվել են ամբիոնների վարիչներ. կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ է ընտրվել ք.գ.թ., դոցենտ Արթուր Ավետիսյանը, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Նոնա Դավթյանը, իրավունքի ամբիոնի վարիչ՝ ի.գ.թ., դոցենտ Տաթևիկ Գևորգյանը: