Արցախի պետական համալսարան
Նոր ուսումնականն Արցախում այս տարի մեկնարկում է շրջափակման ծանր պայմաններում: Թեպետ ստեղծված դժվար իրավիճակին՝ Գիտելիքի և դպրության օրը Արցախի պետական համալսարանում մարդաշատ է:
Առաջին կուրսեցիներին հանդիսավոր դիմավորելու համար բուհի ուսանողական խորհուրդը և համապատասխան ստորաբաժանումները նախապես էին պատրաստվել: Առաջին կուրսեցիներին դիմավորել, շնորհավորանքի խոսքերով բուհի պայմաններին ու լսարաններին ծանոթացրել են ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահներն ու անդամները:
Ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու կուրսղեկները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ, ներկայացրել անհրաժեշտ տեղեկություններ բուհի, ուսումնական գործընթացի կազմակերպման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնականի առթիվ՝ դեկանները մաղթել են արդյունավետ ուսումնառություն խաղաղ երկնքի ներքո:
Սիմոնա Օհանջանյանը, ով այս տարի ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտությունը, նախապես մտադրված էր ՀՀ բուհերից մեկն ընդունվել.
«Իմ ներքին ձայնն ինձ ասաց, որ ես պետք է մնամ Արցախում: Ես մտածում եմ, որ պետք եմ Արցախին, պիտի մնամ այստեղ: Շնորհակալ եմ ԱրՊՀ-ին ջերմ ընդունելության համար, հուսով ենք՝ընկերական միջավայրում և խաղաղ երկնքի ներքո կանցնի մեր ուսումնառությունը»:
Դիանա Հարությունյանն ընդունվել է «Ֆինանսներ» մասնագիտությունը: Նրա խոսքով՝ ԱրՊՀ-ն չի զիջում ՀՀ առաջատար բուհերին և ԱրՊՀ-ն ընտրելիս երկընտրանքի առջև չի կանգնել:
«Հայաստանը բոլորիս մայր հայրենիքն է, բայց Արցախը մեր սիրտն է: Ես պետք եմ Արցախին և ուզում եմ իմ գիտելիքներով ծառայել Արցախին՝ մնալով այստեղ և ուսում ստանալով Արցախի պետական համալսարանում»,-նշել է Դիանան:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ հանդիպումներ կլինեն նաև երկրորդ հերթով պարապմունքների հաճախող ֆակուլտետների ուսանողների հետ:
Օրվա ընթացքում ուսանողների հետ կհանդիպի նաև ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ լսելու նրանց խնդիրները և առաջարկությունները:
Բուհում պարապմունքներն ընթանում են ըստ դասացուցակի: