Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը` ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 1-ին հանդիպել է առաջին կուրսեցիների հետ։ Հանդիպման նպատակն էր առաջին կուրսեցիներին ծանոթացնել բուհի գործունեությանը, առանձին ստորաբաժանումների աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպման նրբություններին, կանոնակարգերին և հարակից այլ հարցերի։

Ռեկտորը, ողջունելով ներկաներին, իր և համալսարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` հավաստիացնելով, որ ԱրՊՀ-ն առաջին հերթին ուսանողակենտրոն համալսարան է։ «Ցանկանում եմ, որ համալսարանում ձեր ուսանողական տարիներն անցնեն խաղաղ մթնոլորտում, և դուք հասնեք ձեր նպատակներին»,-նշել է ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ղեկավարությունն անելու է ամեն հնարավորը որակյալ կրթություն ապահովելու համար, և կայացրած բոլոր որոշումները կլինեն ուսանողամետ։
Ուսանողներին շնորհավորական խոսք է հղել նաև ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը` վստահություն հայտնելով, որ նրանք ուսումնառության չորս տարիները կօգտագործեն ոչ միայն մասնագիտական գիտելիքների խորացման, հմտությունների ձևավորման, այլև համալսարանական կյանքում ներգրավվելու, կարողությունները զարգացնելու համար։
Հանդիպմանը մասնակցում էին նաև պրոռեկտորները, դեկանները, ստորաբաժանումների ղեկավարներ։
Առաջիկայում մեկնարկելու է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացնելու են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը և համալսարանին վերաբերող այլ հարցեր։