Արցախի պետական համալսարան

  Marinai-grqi kazm                                        

Ապրիլի 30-ին Արցախի մայ բուհի գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցած գրքի շնորհանդեսը ոչ սովորական միջոցառում էր, քանզի բացակա էր հեղինակը: ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, երջանկահիշատակ Մարինա Առստամյանը չտեսավ իր գրքի ծնունդը, չնայած գիտական թեզը պատրաստ էր դեռևս 2002 թվականին:

Այդ էր նաև պատճառը, որ դահլիճում նստածների հայացքներում թախիծ ու ցավ կար: Շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, դասախոսներ, ուսանողներ, Մ. Առստամյանի հարազատները: Ներկա էր նաև Հանրապետության առաջին տիկին Անահիտ Սահակյանը: Ընթերցողի սեղանին է մի գիրք, որով ոչ միայն հիշատակի ու հարգանքի տուրք է մատուցվում մեր շարքերից անսպասելի ու անհիշատակ հեռացած դասախոսի և գիտնականի, այլև ողջակիզված մի ողջ ժողովրդի հիշատակին: Հենց այսպես է մեկնաբանել գրքի լույս ընծայման անհրաժեշտությունը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով հանձն է առել ձեռնարկի հովանավորությունը: Այն նվիրված է գերմանական և ավստրիական գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմային: Գործընկերների հավաստմամբ` Մ. Առստամյանի գիտական ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Էդոյանն է նրան առաջարկել անդրադառնալ այս թեմային` հաշվի առնելով նրա արդիականությունը, ինչպես նաև  Մարինայի գերմաներենի իմացությունն ու անձնական նախասիրությունները: Իր գիտական աշխատության համար Մ. Առստամյանն ընտրել է երեք նշանավոր հեղինակների` Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան քառասուն օրը՚ հանրահայտ վեպը, Վեգների հրապարակախոսական ելույթները, նամակները, մենագրություններն ու պատմվածքները և Էդգար Հիլզենրաթի ՙՎերջին մտքի հեքիաթը՚ վեպը: Եվ եթե առաջին երկու անունները վաղուց հայտնի են եղել մեր գրականագիտության մեջ, ապա Էդգար Հիլզենրաթի անունը գրեթե անծանոթ էր հայ իրականությանը: ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանի խոսքերով` Մարինա  Առստամյանի ուսումնասիրությունն առաջին լուրջ մոտեցումն է Հիլզենրաթի ՙՎերջին մտքի հեքիաթը՚ վեպին: ՙՆա, հիրավի, կարողացավ գիտական պատշաճ լուծումներ տալ իր առջև դրված խնդիրներին,- ասաց Հ. Մուսայելյանը:- Դժվար է պատմությունը գեղարվեստականացնել, իսկ Մարինան կարողացավ նկատել այդ գրողների պատմական փաստերը տեսնելու, գեղարվեստականացնելու հնարանքները և գիտական ճիշտ մոտեցումներ տալ երևույթներին՚:
Գրքի մասին իր կարծիքը հայտնելով` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը մասնավորապես ասաց. ՙՄարինա Առստամյանի գրքից պարզ երևում է, որ Հայոց մեծ եղեռնը շարունակում է հուզել ոչ միայն քաղաքական և իրավական ոլորտի մարդկանց, այլև գեղարվեստական խոսքի ականավոր դեմքերին՚:
Այն փաստը, որ գերմանացի և ավստրիացի գրողների` Հայոց մեծ եղեռնին նվիրված ստեղծագործությունները` որպես թեմա, քիչ են շոշափված մեր գրականության և գրականագիտության մեջ` խոստովանեցին ելույթ ունեցողները, ինչն էլ ավելի ընդգծեց գրքի կարևորությունը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի համոզմամբ` դա պարզապես խիզախում է, քանզի այս փաստերի առաջքաշումը, դրանց հիման վրա եզրակացությունների հանգելը բավականին հետաքրքիր են հայ ընթերցողների համար: ՙԵթե ուզում ենք մեր ցեղասպանության մասին ճշմարիտ խոսք ասել` մենք պետք է հենվենք ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների խոսքի վրա՚,- ասաց Վ. Հակոբյանը: Իսկ ԱրՊՀ պրոֆեսոր, հոգեբան Արզիկ Մխիթարյանի խոսքերով` գիրքը հայտնություն է նաև նրանով, որ երիտասարդ գիտնականը, հանձն առնելով Հայոց ցեղասպանության թեման, օտարի աչքերով վեր է հանել հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ էջերը:  
ՙՌուսախոս, ռուսական գրականության, ռուսաց լեզվի մասնագետը հանկարծ ձեռք է մեկնել նման թեմայի, ինչը և զարմանալի, և միաժամանակ հաճելի է: Ես կարծում եմ, որ մատչելի լեզվով գրված այս աշխատանքը ոչ միայն հայկական, այլև ռուսաց լեզվի և գրականության բաժինների ուսանողների համար խիստ անհրաժեշտ է՚,- ասաց Արզիկ Մխիթարյանը:
Բարի, հայրենասեր, բարձր ոգու տեր անձնավորություն. այսպես են հիշում նրան` Մարինա Առստամյանին ճանաչողները: ԱրՊՀ պրոռեկտոր Վահրամ Բալայանի խոսքերով` գրքում նկատելի է նրա պայքարի ոգին: Նա ապրում էր այդ գաղափարով: