Արցախի պետական համալսարան

ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀԶՈՐ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է ՈՒ ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽՈՒՄ
           Irina 1         rus1        rus2
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Արցախի պետական համալսարանում կայացավ ռուս մեծ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 190-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցել են հյուրեր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության և Նյու Յորքի բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Կոնֆերանսի ավարտին  նրանցից ոմանք իրենց տպավորություններն են կիսել մասնակիցների հետ, որտեղ խոսել են ոչ միայն գիտաժողովի ու նրա նշանակության, այլև Արցախի ու նրա հերոսական ժողովրդի մասին։

Իրինա ԱՅԶԻԿՈՎԱ, Տոմսկի պետական համալսարանի ընդհանուր գրականագիտության ամբիոնի վարիչ.
- Ես առաջին հերթին հեռավոր Սիբիրի իմ գործընկերների ողջույններն եմ ուզում փոխանցել Ղարաբաղի ժողովրդին։ Ամբողջ գիտագործնական կոնֆերանսի ընթացքում հնչած ելույթներում խոսվեց Օստրովսկու՝ ռուսական և համաշխարհային մշակույթի զարգացման մեջ ունեցած ներդրման մասին։ Իսկ ես ուզում եմ ուրիշ բան ասել. այն, թե ինչ դեր ունեցավ այսօրվա միջոցառումը, այսօրվա հանդիպումը մեր հետագա հարաբերությունների համար։ Բոլոր դեպքերում՝ ես ձեզ խոստանում եմ, որ Տոմսկի համալսարանում կիմանան  ղարաբաղցիների, Արցախի պետական համալսարանի կոլեկտիվի մասին, այն մասին, թե ինչպես են նրանք սիրում ռուս գրականությունը, ռուսաց լեզուն։ Ես հիացած եմ ձեզնով... Այնքան կցանկանայի ինքս էլ ողջունել ձեզ հայերենով, տիրապետել հայոց լեզվին, բայց ցավոք, ի ամոթ ինձ, ես չեմ տիրապետում ձեր չքնաղ լեզվին։ Իսկ դուք պահպանեք ձեր լեզուն, պահպանեք ձեր սերը ռուսական մշակույթի, ռուս գրականության հանդեպ։
Տոմսկի իմ գործընկերների անունից երախտագիտություն եմ հայտնում ԱրՊՀ ռեկտորատին՝ Ստեփան Դադայանի գլխավորությամբ, Միքայել Ամիրխանյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար, ինչի շնորհիվ հասկացանք, որ չնայած հազարավոր կիլոմետրեր են մեզ բաժանում, բայց մենք հոգեպես մոտ ենք իրար։ Այսօր ես հասկացա, որ մենք արյունակիցներ ենք, մենք քույր ու եղբայրներ ենք։
Իրինա ՊՐԻՈՐՈՎԱ, բանասիրական գիտությունների դոկտոր, Աստրախանի պետական համալսարանի ընդհանուր լեզվագիտության ամբիոնի պրոֆեսոր.
- Ես ցնցված եմ... Ներկա գտնվել այսպիսի հեղինակավոր հավաքի՝ այսպիսի նշանավոր իրադարձության առիթով և ստանալ այսպիսի հուզական խթան՝ դա բառերով նկարագրել հնարավոր չէ։ Փոխադարձ հոգևոր հարստացման, փոխըմբռնման և բարեկամության շրջանակներում տեղի ունեցած այս հոյակապ միջոցառման համար առաջին հերթին պետք է երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին։ Կարծում եմ մասնակիցներս դեռ երկա՛ր, շա՛տ երկար կհիշենք այս օրը։ Մեզ համար զարմանալի ու միաժամանակ ուրախացնող է, որ Արցախի բեմարվեստն իր բեղմնավոր ուղին անցել է Ա. Օստրովսկու ստեղծագործությունների ուղեկցությամբ։ Սա նշանակում է, որ հայ-ռուս բարեկամության արմատները շատ խորն են։ Ուրախ ենք այն ավանդի համար, որ ներ է դրվում Արցախի մայր բուհում՝ ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի զարգացման համար։ Ես Աստրախանում իմ գործընկերներին, ուսանողներին, մագիստրանտներին, բոլորի՛ն կպատմեմ, թե որքան սիրելի է ու պահանջված մեծ, հզոր ռուսաց լեզուն այս փոքրիկ հողակտորում ապրող ժողովրդի համար։
Ելենա ԲԵԼՈՈՒՍՈՎԱ, Լ.Ն.Տոլստոյի ՙՅասնայա Պոլյանա՚ թանգարան-կալվածքի ավագ գիտաշխատող.
-   Ոտք դնելով հերոսական Արցախի հողի վրա ես առաջին հերթին հիշեցի հեռավոր 80-90-ականների սկիզբը, որոնք առանձնահատուկ ծանր էին հայ ժողովրդի համար. ավերիչ երկրաշարժին հաջորդած պատերազմը, շրջափակումը, բնականաբար, ծանր ազդեցություն թողեցին երկրի վրա։ Անկեղծ ասած, այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե որտեղ է Ղարաբաղը, ինչ է իրենից ներկայացնում… Զանգվածային լրատվամիջոցներով հնչող տեղեկատվություններն անչափ իրարամերժ էին։ Դեռ հայ ընկերներ չունեի՝ ճշմարտությունն իմանալու համար, իսկ հետո արդեն տեղեկանալով իրողությանը՝ ցավ էի ապրում լսածներիս, հանուն ազատության զոհված տղաների համար։ Մենք՝ ռուսներս, ձեր ողբերգությունը համարեցինք ինչպես մեր սեփականը։ Այսօրվա միջոցառումից առաջ երբ ծաղիկներ դրեցինք նահատակված ուսանողների հուշակոթողին՝ ես հասկացա, որ նրանցից յուրաքանչյուրը եղել է մեծատառով Հայրենասեր և պայքարել է հանուն իր ընտանիքի, հանուն իր ազգային անկախության։ Հասկացա, թե որքան  ծանր է եղել մայրերի համար որդիների կորուստը։ Ուստի, Լեվ Տոլստոյի հայրենիքից ես  ողջույններ ու խոնարհում եմ բերել ձեզ՝ Արցախի հյուրասեր ու հիրավի հերոսական ժողովուրդ։ Թող ձեր պայքարը հասնի իր վերջնակետին և թող ազգային ինքնությունը, ազատությունը պահել-պահպանելու ձեր ձգտումը ինչ-որ տեղ օրինակ հանդիսանա մեզ՝ ռուսներիս համար։ Մեկ անգամ ևս իմ գլուխն եմ խոնարհում այս տառապած ժողովրդի և այս միջոցառման կազմակերպիչների առջև։