Արցախի պետական համալսարան

        img 1265            img 1372             img 1255

Մայիսի 15-18-ը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի ունեցավ Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցեցին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը:

Նշենք, որ Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիան ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին: Առաջին հիմնադիր համագումարը տեղի է ունեցել Աբխազիայում` Սուխում քաղաքում: Ասոցիացիայի, որի նախագահն է Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլը, կազմի մեջ են մտնում Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախի պետական համալսարանները: Հիմնական նպատակը նշված համալսարանների գիտակրթական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելն է` Ռուսաստանի Դաշնության գիտակրթական ոլորտի հետ ինտեգրման և կապերի սերտացման հիման վրա: Ասոցիացիան մշտապես փոխգործակցում և համագործակցում է ՌԴ կրթության և գիտության նախարարության հետ: Շուրջ 6 տարվա գոյության ժամանակաընթացքում միջազգային լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել, ինչպիսիք են, օրինակ, 2008 թվականին ՌԴ կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը:
Համագումարին ներկա էր և ուղերձ էր հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
Ասոցիացիայի գործունեության հինգ տարվա արդյունքների ամփոփմամբ հանդես է եկել նախագահ Ստեփան Բերիլը: Իսկ Ինքնորոշված պետությունների համալսարանների ռեկտորները հանդես են եկել իրենց պետությունների միջազգային ճանաչման ուղղությամբ համալսարանների կողմից տարվող աշխատանքների մասին տեղեկատվությամբ: Իր ելույթում ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանն անդրադարձել է 2008թ. Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Խոսելով ասոցիացիայի անցած ուղու մասին, ԱրՊՀ ռեկտորն ընդգծել է նրա անդամներից յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքը: Ինչ է տվել Ասոցիացիան իր կազում ընդգրկված համալսարաններին` այս մասին Ս. Դադայանը ելույթում նշել է.<<Մեր պետություններն ունեն քաղաքական զարգացման և կայացման նույն ճանապարհը: Մեր համալսարանների առջև նույն խնդիրներն էին ծառացած: Մենք` բուհերի ղեկավարներս, միմյանց տեղեկացնելով մեր համալսարաններից յուրաքանչյուրի առանձնակի գործունեությանն ու տիրող իրավիճակին, կարողացանք առավել ընդունելի ուղի մշակել այս կամ այն խնդրի լուծման համար, որոնք անհանգստացնում էին մեզ: Մեր բոլոր համալսարանները տուժել են պատերազմական գործողություններից` բառիս բուն իմաստով, իսկ Հարավային Օսիայի պետական համալսարանը պատերազմի հորձանուտում է հայտնվել, դժբախտաբար, երկու անգամ: Ուստի, համալսարանների վերականգնման և զարգացման աշխատանքների փորձով կիսվելը եղել և մնում է ռեկտորներիս առաջին և գլխավոր խնդիրը>>:
Ս. Դադայանը չի շրջանցել նաև բարձրագույն կրթության համակարգում ներդրվող բարեփոխումները, մասնավորապես` Բոլոնյան սկզբունքները. անցումը դիպլոմավորված մասնագետներից բակալավրիատին և մագիստրատուրային, կրեդիտային համակարգ, ընթացիկ քննությունների և ստուգարքների անցկացում, համակարգչային-թեստային եղանակով ուսանողների գիտելիքների ստուգում ու գնահատման ժամանակակից մեթոդներ և այլն: Դա դասախոսական կազմի հետ տարվող մեծ աշխատանք է` նրանց բարոյահոգեբանորեն նախապատրաստելու առումով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել վերոնշյալ խնդիրների լուծումը, ասել է Արցախի մայր բուհի ղեկավարը:
Հարավային Օսիայի նախագահի հրամանով ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին շնորհվել է հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում (ի դեպ, Ս. Դադայանը նաև Հարավային Օսիայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է), իսկ պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը պարգևատրվել է Հարավային Օսիայի անկախության 20-ամյակի հուշամեդալով:
Համագումարի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի նախագահի ընտրություններին. այդ պաշտոնում վերընտրվել է Ստեփան Բերիլը:
Վերջում հնչեցվել է հայտարարության տեքստը, որում մասնավորապես նշվում է, որ համագումարի մասնակիցները կազմակերպության անվանումը նոր իրողություններին համապատախանեցնելու նպատակահարամարության են հանգել: Կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների միջազգային կարգավիճակը փոխվելու հետ, համաձայն ռեկտորների խորհրդի միաձայն որոշման, կազմակերպությունը կանվանվի` Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա:
Հայտարարության մեջ Ասոցիացիայի անդամները նաև խորին երախտագիտություն են հայտնել իրենց պետությունների ղեկավարներին` կազմակերպության գործունեությանը մշտապես աջակցելու համար, ինչը բխում է այդ հանրապետությունների զարգացման հետաքրքրություններից: