ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԻՆ

18.06

2013

                        pirumyan              Daniel Bek Pirumyan Bek Pirumov

Հայ ժողովրդի զավակ, անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի մասին մեր պատմությանը որոշակի տեղեկություններ հայտնի են: Նա ազգային հերոս է, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատարը: Ծնունդով Արցախի Նախիջևանիկ գյուղից է: Սովորել է Շուշիում, տոհմիկ Փիրումյանների ժառանգորդն է...


Պատմությանը հայտնի տեղեկություններին նոր բացահայտումներ ու պարզաբանումներ է ավելացրել Դանիել Բեկ-Փիրումյանի Լևոն որդու զավակը` մոսկվաբնակ Յուրի Փիրումյանը: Պապի ով լինելու մասին նա բավականին ուշ է իմացել, ու անմիջապես լծվել է մի աշխատանքի, որն իրենից 25 տարի է պահանջել` իր և շատերի համար բացահայտելով ռազմական խոշոր գործիչ Բեկ-Փիրումյանի անձնական ու մասնագիտական կյանքը: Նա ուսումնասիրել է արխիվային բազմաթիվ նյութեր, պատմական փաստեր, աշխատություններ ու գրել <<Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը>> ռուսերեն ստվարածավալ մենագրությունը, որը լույս է տեսել Մոսկվայում և որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս` Արցախի պետական համալսարանի նիստերի դահլիճում: Շնորհանդեսին ներկա էր հեղինակը` Յուրի Փիրումյանը` իր աղջկա` Կարիենի հետ:
Ողջունելով ներկաներին` Արցախի մայր բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը բարձր գնահատեց Արցախի հերոս զավակին նվիրված աշխատությունը` այն պահանջված համարելով պատմական, քաղաքական և ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Խոսելով Սարդարապատի պատմական ճակատամարտում տարած հաղթանակի մասին, որի զորահրմանատարն էր Դանիել Բեկ-Փիրումյանը, Ս. Դադայանը նշեց, որ մայիսյան հերոսամարտը հիմք հանդիսացավ Հայաստանի անկախության համար` դառնալով հայոց նոր ժամանակների Ավարայրը: Նրա խոսքերով` Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշնամու կողմից մեկ օր առաջ գրավված Սարդարապատը: Թուրքերը մեծ կորուստներ տալով խուճապահար նահանջեցին մինչև Արաքս` կայարանի մոտակա բարձունքները: Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15 հազարանոց զորքը ջախջախվեց ու նահանջեց դեպի Գյումրի: Շնորհիվ Սարդարապատի հերոսամարտի, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը:
Արցախյան շնորհանդեսի մասնակիցներից ոմանք հասցրել էին ծանոթանալ գրքի բովանդակությանը. Սոկրատ Խանյանը, Վալերի Ավանեսյանը, Վիտալի Յարամիշյանը, Կարեն Արամյանը, Վահրամ Բալայանը, Շահեն Այդինյանը, Գրիգորի Աֆանասյանն իրենց ելույթներում կարևորելով աշխատությունը` ընդգծեցին փաստագրական տեղեկությունների, Փիրումյան գերդաստանի ծագումնաբանության, պատմական ժամակաշրջանը համակողմանի ընկալելու արժանիքները: Գիրքը նորություն է` անվանի զորավարի կյանքի բազմաշերտ լուսաբանումներով: Կարսի անկման իրադարձությունների, պատճառների մեջ խորանալով` հեղինակը հակադրվում է պատմաբանների` մինչև այժմ հայտնած տեղեկություններին ու վերլուծություններին: Նա միաժամանակ նկարագրում է, թե հոգեկան ինչ տառապանքի միջով է անցել գերեվարված ու վիրավոր զորավարը, պատմական իրողությունները կոչում իրենց անուններով: Հեղինակը ներկայացնում է Կարսի նահանգապետի` գեներալ Հովսեփյանի ձեռնարկած թալանն ու գողոնի վաճառքը Ալեքսանդրապոլում: Գրքում նա կարողացել է ցույց տալ Բեկ-Փիրումյանի ռազմական տաղանդը` Սարդարապատի ճակատմարտը ղեկավարելիս: Յուրի Փիրումյանը ներկայացրել է նաև զորավարի կյանքի վերջին օրերը: Ռուսական իշխանությունները ցանկացել են ամեն գնով ազատվել Կարսում գերի ընկած ռազմական գործիչներից: Հեղինակն անուն առ անուն նշում է գերիների ցանկը, գնահատում իր պապին գերությունից ազատելու Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերը: Նշված է նաև, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Հովսեփյանի ցուցումով Դանիել Բեկ-Փիրումյանը թաղվել է Սուրբ Գայանե եկեղեցու բակում:

<<Ինձ համար մեծ պատիվ է լինել այս դահլիճում և ձեզ հետ միասին մասնակցել այս միջոցառմանը: Հաճելի էր լսել ձեր ելույթները, ձեր հնահատականները գրքի վերաբերյալ: Այն գրել եմ մեծ պատասխանատվությամբ և զգուշությամբ, չեմ ցանկացել ստել: Գրել եմ նաև պապիս բացասական կողմերի, թերությունների մասին. ինչպես բոլոր մարդիկ, նա էլ ունեցել է թուլություններ: Ես ձգտել եմ ոչինչ չթաքցնել. այն ամենը, ինչպես որ եղել է, նույնությամբ պետք է պատկանի պատմությանը:  Հպարտությամբ և վստահորեն կարող եմ հավաստիացնել, որ գրքում չկա մի այնպիսի մեջբերում, այնպիսի հղում, որը լինի իմ հորինածը. ամեն ինչ վերցված է փաստաթղթերի բնօրինակներից>>,-ասաց Յուրի Փիրումյանը:
Շնորհանդեսի ավարտին ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը Յուրի Փիրումյանին պարգևատրեց Արցախի մայր բուհի 40-ամյակի հուշամեդալով: