Արցախի պետական համալսարան

Հունիսի 28-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի նոր խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ԱրՊՀ խորհրդի նախագահ և քարտուղար ընտրելու, ինչպես նաև` համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը:


Բացելով նիստը, նախկին խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ համաձայն ԱրՊՀ կանոնադրության 3-րդ մասի 10-րդ կետի` համալսարանի խորհուրդը ստեղծվում է հինգ տարի ժամկետով` Հաշվի առնելով, որ 2013թ. մայիսի 29-ին լրացել է նախորդ խորհրդի գործունեության ժամկետը, համալսարանի կանոնադրության համաձայն ձևավորվել է նոր խորհուրդ` 28 հոգուց բաղկացած: Արա Հարությունյանը շնորհավորեց խորհրդի նոր անդամներին` մաղթելով անաչառ և արգասաբեր գործունեություն: <<Սա մեր առաջին նիստն է և մինչև խորհրդի նախագահի ընտրությունը, ըստ կանոնադրության նախագահում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղար է նշանակվում տարիքով կրտսերը>>,-իրազեկեց Արա Հարությունյանը: Ելնելով կանոնադրության պահանջից` առաջին նիստի նախագահի իրավունքը տրվեց Արզիկ Մխիթարյանին, իսկ քարտուղարի` ուսանողուհի Սոնյա Աղաջանյանին:
Խոսելով առաջին հարցի մասին Ա. Մխիթարյանը իրազեկեց, որ ԱրՊՀ կանոնադրության համաձայն խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող: Բաց քվեարկությամբ` միաձայն, խորհրդի նախագահ վերընտրվեց վարչապետ Արա Հարությունյանը, իսկ քարտուղար` հ.7 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը:
Արցախի մայր բուհի կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունների առաջարկությունները ներկայացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ԱրՊՀ խորհրդի անդամ Լևոն Գրիգորյանը: Նրա խոսքերով` առաջարկվում է համալսարանի կառավարման գործընթացում հիմնադրի` լիազոր պետական մարմնի գործառույթների հստակ սահմանումը, մասնավորապես` հիմնադրին է վերապահվում համալսարանի գործունեության առարկայի և նպատակների, ինչպես նաև` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը, համալսարանի կանոնադրության հաստատումը, համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը: Փոփոխություններով առաջարկվում է նաև համալսարանի ռեկտորի թեկնածուներին ներկայացվող չափանիշները` կառավարման ոլորտում ստաժի և մասնագիտական աշխատանքային ստաժի վերաբերյալ: Այսինքն` համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող անձը: Առաջարկության մեջ նշված էին նաև խմբագրական բնույթի մի շարք առաջարկություններ:
Մինչ քվեարկությունը` խորհրդի անդամներից ոմանք ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ առաջարկվող փոփոխություններին, իսկ մեծամասնությունը գտնում էր, որ սպասելու կարիք առանձնապես չկա:
Հիմք ընդունելով բաց քվեարկության արդյունքները` նիստը որոշեց ԱրՊՀ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները ներկայացնել լիազոր մարմնին` ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
Վարչապետ Արա Հարությունյանի հավաստմամբ` կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները նպատակ ունեն ռեկտորի առաջիկա ընտրությունները կազմակերպել էլ ավելի բաց ու թափանցիկ: <<Կանոնադրության փոփոխության մեջ արտառոց ոչինչ չկա, - ասաց Արա Հարությունյանը: -Մենք ձեզ հետ միասին ենք ընտրելու այն անձին, ով պետք է ղեկավարի Արցախի պետական համալսարանը առաջիկա հինգ տարիներին: Եվ համոզված եմ, որ մեր որոշումը լինելու է արդարացի, օբյեկտիվ, ինչի արդյունքում մայր բուհը նոր առաջընթաց կարձանագրի: Մեր հույսերը` կապված համալսարանի հետ` երկրի շենացման գործում մասնակցության առումով, համոզված եմ, կարդարացվեն: Աճը, դրական առաջընթացը բուհում առկա է, դա մենք տեսնում ենք և գնահատում, բայց նաև պահանջները շատ ավելի մեծ են: Մենք պետք է դառնանք էլ ավելի մրցունակ>>:
Հուլիսի 3-ին լրանում է գործող ռեկտորի լիազորությունների ժամկետը և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը կհայտարարի մրցույթ, իսկ մեկ ամիս անց` օգոստոսին տեղի կունենան ընտրությունները: