"ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐԸ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԵԼ ԵՄ"

30.09

2013

          IMG 3155         IMG 3147

Այս օրերին ճանաչողական այցով Արցախում էր թալիշական ազգային շարժման առաջնորդ, քաղաքական և հասարակական գործիչ Ալաքրամ Հումբաթովը: Սեպտեմբերի 26-ին Արցախի մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած նրա հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պատմության ու քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ էր:

<<Թալիշները Հարավային Կովկասի հազարամյակների պատմության տեր ժողովուրդներից են, ովքեր ունեն հարուստ մշակույթ և սեփական լեզու,- ողջույնի խոսքում ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը: -Առ այսօր հազարավոր թալիշներ ապրում են Ադրբեջանում` իրենց նախնիների հողի վրա: Խորհրդային Ադրբեջանում ապրող ազգերի միաձուլման քաղաքականությունը` հայերից ու մյուս ազգերից բացի, վերաբերում է նաև թալիշներին: Ոտնահարվել են նրանց պատմությունը, լեզուն, մշակույթը: Չնայած դրան, թալիշ ժողովուրդը, նրա լավագույն զավակները ոչ մի ժամանակ չեն դադարել իրենց իրավունքների համար պայքարելուց: Այդ պաքարի տրամաբանական շարունակությունը եղավ 1993թ. Թալիշ-մուղանյան Հանրապետության հռչակումը, որում մեծ դեր խաղաց Ալաքրամ Հումբաթովը` դառնալով նրա առաջին նախագահը: Ոչ երկար ժամանակ գոյություն ունենալուց հետո հանրապետությունը լուծարվեց ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնք խիստ ճնշման ենթարկեցին թալիշների ազգային շարժումը: Իր գործունեության համար Ա.Հումբաթովը <<սեպարատիստական>> գործունեության համար բավական երկար ժամանակով դատվեց: Թալիշ ժողովրդի համերաշխության և միջազգային հանրության շնորհիվ` եվրոպական իրավապաշտպան կառույցներին դիմելուց հետո ազգային առաջնորդն ազատվեց, ինչն էլ ոգևորեց աշխարհում ցրված բազմահազար թալիշների: Ներկայումս նա հնարավորություն չունի վերադառնալ հայրենիք և ստիպված է ապրել արտասահամանում>>:
Անդրադառնալով հայ-թալիշական ժողովուրդների հարաբերություններին` Մ.Մինասյանը նշեց, որ դրանք դարերի պատմություն ունեն: Բավական է նշել, որ թալիշների մասին առաջին տեղեկություններին հանդիպում ենք միջնադարյան հայկական ձեռագիր մատյաններում: Հարյուրամյակներ շարունակ հայերն ու թալիշները ապրել են կողք կողքի` դառնալով խաղաղ համագործակցության օրինակ: Բացառություն է կազմում միայն ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանը, երբ թալիշ ժողովրդի ներկայացուցիչները` հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացիներ, ոչ իրենց կամքով պատանդներ են դարձել ստեղծված քաղաքական իրավիճակում: Այսօր թալիշների ազգային ինքնագիտակցության բարձրացումը և թալիշական ազգային շարժման համերաշխությունը հնարավորություն է ընձեռում երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության վերածննդի համար,- ասաց ԱրՊՀ ռեկտորը:
Ա.Հումաբաթովի Արցախ կատարած այցը կայացել է շնորհիվ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, ՙԹալիշստանի ձայն՚ ռադիոկայանի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի, ով ներկա էր հանդիպմանը: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին` այս օրերին Արցախում գտնվելու և երկրի մտավորականության, հասարակական շրջաններում ջերմ ընդունելության համար: Գ.Ասատրյանը կարևորեց Ա.Հումբաթովի ծանրակշիռ ավանդը համաշխարհային պատմության, տարածաշրջանային զարգացման մեջ, նշելով, որ թալիշ ժողովուրդը տվել է անվանի գրողներ, մշակույթի գործիչներ:
Թալիշական ազգային շարժման առաջնորդի ելույթն ավելի շատ բողոք և քննադատությունն էր պարունակում` ուղղված ադրբեջանական իշխանություններին: ՙԱյսօր ես գտնվելով այստեղ, հասկացա, թե ինչ էիք ուզում դուք և ինչ եք շարունակում անել` ձեր նպատակին հասնելու համար: Մեր իրավիճակն այլ է. շատ ծանր է հատկապես հյուսիսային թալիշների դրությունը: Մենք ձուլման ենք ենթարկվում: Չունենք նույնիսկ տարրական դասարաններ: Ընդամենը շաբաթական երկու անգամ ֆակուլտատիվ պարապմունք է անցկացվում թալիշերեն լեզվով, որն էլ դասավանդում է ֆիզկուլտուրայի կամ աշխատանքի ուսուցիչը: Այն, ինչ դուք ստեղծել եք ձեզ համար` հրաշալի է: Մենք էլ ենք ուզում դա ունենալ, խոսել մեր սեփական լեզվով, պայքարում ենք դրա համար, բայց առայժմ մեզ մոտ չի ստացվում: Հուսով ենք, որ մենք էլ կկարողանանք ձեռք բերել անկախություն, ձեզ նման պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երեխաները նույնպես կարողանան խոսել մեր լեզվով,- ասաց Ալաքրամ Հումբաթովը: Նրա խոսքերով` այսօր Թալիշստանում շատերը ձգտում են չխոսել թալիշերեն, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը, բարդացնել իրենց կյանքը:
Ա.Հումբաթովը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Այն մասին, թե ինչ դասեր են քաղել Թալիշ-մուղանյան Հանրապետության կործանումից` նա ասաց. ՙՄենք երկար ենք քննարկել և այժմ էլ շարունակում ենք քննարկել դրա դասերը: Մենք մեզ համար արդեն բացահայտել ենք մեր սխալները: Բայց մենք ոչ մի քայլ հետ չենք կանգնել մեր մտադրությունից և կարծում ենք, որ բավական ժամանակ կորցնելուց հետո պետք է կրկին միջոցներ ձեռնարկենք` գործելով այս անգամ արդեն խելացի, գիտականորեն... Կստեղծենք նոր` Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետություն: Հավատացած ենք, որ դա կլինի՚>>:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի երբեմնի տեղակալը չի թաքցնում այն փաստը, որ կռվել է Ղարաբաղի դեմ. <<Այո, սկզբում վաշտի հրամանատար էի, այնուհետև` դիվիզիոնի, հետո, ինչպես դուք նշեցիք` պաշտպանության նախարարի տեղակալ: Այդ ամենը եղել է: Բայց մենք` նկատի ունեմ թալիշների մեր ջոկատին, կռվել ենք տղամարդավարի, կարող ենք նաև տղամարդավարի բարեկամություն անել: Այժմ ես ատում եմ պատերազմը, որն ապրել եմ մի ժամանակ: Ես առաջին կաթվածը ստացել եմ այն ժամանակ, երբ թաղում էինք երեք երիտասարդների: Դա շատ ծանր էր... Բազմիցս ինքս ինձ հարցրել եմ. ով էր տվել այդ իրավունքը` լուծել ուրիշների ճակատագիրը... Ահավոր բան է պատերազմը՚>>:
Չթաքցնելով հիացմունքը ջերմ ընդունելության համար, Ա.Հումբաթովն ասաց. <<Ես կարծում եմ` ամբողջ Անդրկովկասում և Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելով` կկարողանանք զարգացնել մեր հետագա բարեկամությունն ու համագործակցությունը: Եվ կանենք ամեն ինչ, որպեսզի այլևս չտուժեն մեր երեխաները, որպեսզի նրանք կարողանան խաղաղ պայմաններում սովորել, աշխատել և ապրել հանգիստ>>: