ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՆԻՇՆ է

15.12

2013

Դեկտեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած ուսանողական գիտագործնական կոնֆերանսը նվիրված էր ԼՂՀ Սահմանադրության օրվան: Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, հանրապետության դատաիրավական համակարգի աշխատողներ, նրանք, ովքեր կանգնած են եղել սահմանադրական գործընթացի ակունքներում, անմիջականորեն ղեկավարել և կազմակերպել են երկրում գործող օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցման ողջ աշխատանքը:

Կոնֆերանսը կազմակերպել էին տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնն ու իրավագիտության բաժնի ուսանողները: Բացման խոսքում Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց Սահմանադրության պատմական նշանակությունը երկրի համար՝ այն համարելով մեր պետության հիմնական օրենքը, որի կատարելությունից է մեծապես կախված տվյալ երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում հարաբերությունների կարգավորումը:
ՙՍահմանադրության ընդունումը պատմական և հիմնարար նշանակություն ունեցող իրադարձություն է,- ողջույնի իր խոսքում ասաց ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռիտա Առստամյանը:- Արցախի ժողովուրդը, տոգորված ազատության ոգով, իրագործելով հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991թ. սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված ԼՂ Հանրապետությունը, մեզ համար, սերունդների, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ապրել Արցախի Հանրապետությունում, 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի միջոցով ընդունեց Արցախի Հանրապետության Սահմանադրությունը՚: Ըստ Ռ.Առստամյանի՝ թերևս պատահական չէ նաև, որ դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Անցած տարիները, ինչպես ասաց բանախոսը, բացահայտեցին Սահմանադրության հսկայական ներուժը, ցույց տվեցին մեր պետությունում սեփականության բոլոր ձևերի պաշտպանության նկատմամբ նրա ազդեցությունը:
ԼՂՀ-ում ժողովրդավարության կազմակերպման հիմունքներին, մարդու և քաղաքացու անձնական իրավունքների և ազատությունների սահմանադրաիրավական կարգավորմանն էին վերաբերում կոնֆերանսում արծարծված այն յոթ թեմաները, որոնցով հանդես եկան իրավաբանական բաժնի ուսանողներ Տաթև Ասրյանը, Անուշ Մարտիրոսյանը, Անուշ Դանիելյանը, Ռուզաննա Գադյանը, Արմինե Դանիելյանը, Վարդուհի Ավանեսյանը, Լուսինե Բարխուդարյանը: Ապագա իրավագետներն իրենց զեկույցներով ու թեմատիկ ուղղություններով արված վերլուծություններով կարողացան օրենսդիր ու գործադիր մարմինների և դատական համակարգի ներկայացուցիչներին ներքաշել հետաքրքիր բանավեճի: Ուսանողները ոչ միայն հստակ պատասխանեցին ներկաների՝ իրենց ուղղված հարցերին, այլև ներկայացրին իրենց կարծիքներն ու դիտարկումները, ինչից գոհ մնացին պետական այրերը: Նրանց ելույթները թույլ են տալիս եզրակացնել, որ երիտասարդները լավ են պատկերացնում ավագ սերնդի սահմանած սկզբունքների՝ սահմանադրական դրույթների իրացումը կյանքում:
Ողջունելով ուսանողների նախաձեռնությունը՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց հնչած զեկուցումները՝ նշելով, որ դրանք տարբեր թեմաներ են ընդգրկում՝ սկսած Սահմանադրության առանձնահատկություններից մինչև իրավունքի առանձին ճյուղերի նորմերի հետ կապված վերլուծություններ: Նա շնորհակալություն հայտնեց Արցախի մայր բուհի ղեկավարությանը և միջոցառման կազմակերպիչներին՝ ուսանողների իրավական գիտելքներն ամրապնդելու, Սահմանադրության և օրենսդրական բազայի մասին հասարակությանը հնարավորինս տեղեկություններ հաղորդելու համար: Ա.Ղուլյանի խոսքերով՝ Արցախի պետական համալսարանը ոչ միայն մասնագետ կադրերի պատրաստման մեր դարբնոցն է, այլև գիտական մտքի ձևավորման ու զարգացման գլխավոր հաստատությունը, որտեղ ծնունդ առած գաղափարներն ու նախաձեռնությունները կարևոր խթան են հանդիսացել մեր հասարակության համար:
Մայր օրենքին տված իր գնահատականում ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. ՙ2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական քվեարկությունն, անշուշտ, օրգանապես կապված է դրանից 15 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին՝ նույն օրն անցկացված Անկախության հանրաքվեի հետ և նրա տրամաբանական շարունակությունն է կազմում: Երկու պարագայում էլ թե իրադարձային և թե բովանդակային առումներով ընդունված փաստաթղթերը՝ ԼՂՀ անկախության հռչակագիրը և Արցախի Սահմանադրությունը, փոխլրացնում և փոխհարստացնում են իրար՝ աշխարհին ներկայանալով որպես պատմական բնօրրանում անկախ, ինքնիշխան պետականություն կերտելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն ու ինքնաբավ տնօրինելու Արցախի բնիկ հայ ժողովրդի միասնական կամարտահայտություն: ԼՂՀ Սահմանադրությունը մեր ժողովրդի ներկայի ու ապագայի ուղենիշն է, մեր հանրային պետական կյանքի, երկրի կենսագործունեության իրավական կարգավորմանն ուղղված օրենսդրական ու նորմատիվ ակտերի ելակետ-հիմնաքարը, որի վրա քար քարի դրվելով, վեր է հառնում մեր ինքնաշեն հայրենական տունը՝ Արցախի Հանրապետությունը, աշխարհի ճանաչված պետությունների ընտանիքի մաս կազմելու իր օրինական և իրատեսական հեռանկարներով՚:
ԱԺ խոսնակն ավարտված չի համարում Սահմանադրության վերաբերյալ աշխատանքները. ըստ Ա. Ղուլյանի՝ գնալով կյանքը նոր առաջնահերթություններ և նոր խնդիրներ է առաջադրում, և ամեն տարի ստիպված ենք լինում հետ նայել՝ իմանալու, թե ինչը չի հաջողվել կամ ինչն է, որ չենք հասցրել:
Եվ շատ կարևոր է, որ այսօր օրենսդիր և գործադիր մարմինների համապատասխան կառույցները, գիտակրթական հաստատությունների համապատասխան ֆակուլտետների դասախոսներն ու ուսանողները կարողանան ամփոփել, ի մի բերել, թե ինչ է հաջողվել, և ինչ հնարավորություններ ու գործելու դաշտ է մեր առջև բացված: Մեր սահմանադրությամբ մենք նաև հայտարարագիր ենք ներկայացնում աշխարհին, թե ինչ նպատակներ է հետապնդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ասաց Ա.Ղուլյանը:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև մեկ այլ հանգամանքի, որը կարևոր է ապագա մասնագետների համար. ԼՂՀ Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրության կրկնությունը չէ: Մենք ունենք շատ կետեր, որով տարբերվում են թե պետական կառավարման համակարգը, թե դատական համակարգի կառուցվածքը: Կան նաև շատ այլ առանձնահատկություններ, որոնք հնարավոր չէ կիրառել բնակչության թվաքանակով տարբեր երկու հայկական հանրապետությունների համար:
ԱԺ նախագահն իր ելույթն ավարտեց ուսանողներին ուղղված խոսքով. ՙ2006 թվականի Սահմանադրության իրագործողները դուք եք, և ձեզանից է կախված լինելու մեր այս Սահմանադրության մակարդակը, այս Սահմանադրության արժեքը, թե որքանով ենք մենք կարողանալու այն պահել: Դա մեր կյանքի ուղենիշն է, որին պետք է մշտապես ձգտենք: Այսօր ձեր գործն այն է, որ ձեր ուսումնառության տարիները պարապուրդի չմատնվեն, պատրաստ լինեք այնքան, որ ուսումնառությունից հետո պետական համակարգերն իրենք ձեզ որոնեն: Վստահ եմ՝ այդպիսի ժամանակներ էլ են գալու:
Եվ լինի այնպես, որ տարիներ հետո արդեն ձեր սերունդները հպարտանան, որ դուք այդ գործին մասնակից եք եղել՝ ձեր գիտական աշխատանքներով, հանրաքվեին ձեր մասնակցությամբ և այսօրվա ձեր արձանագրումներով՚:
Ուսանողների աշխատանքներն ու գիտագործնական կոնֆերանսն ընդհանրապես բարձր գնահատեց Արցախի մայր բուհի ղեկավարը: ՙԿարծում եմ այսպիսի արդյունավետ քննարկումները թույլ կտան մեր ուսանողներին հասկանալ, թե ուսման բնագավառում որ ասպարեզում են իրենք հաջողություններ ունեցել և որտեղ՝ թերացումներ, որպեսզի հետագայում կարողանան շտկել բացթողումները՚,- ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը: