ՑԱՎ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՑԱԽԸ ՍԳՈՒՄ Է ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ

23.01

2014

           patarag      patar

Հունվարի 22-ին ԱրՊՀ ուսանողությունը հազարավոր ստեփանակերտցիների հետ միասին մասնակցեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությանը:

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանցիները հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն` պատճառելով մեծ կորուստներ: ԼՂՀ նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է <<Արիության համար>> մեդալով:
Ստեփանակերտի սբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ պատարագ մատուցվեց: Արարողությանը մասնակցում էին նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ: Եկեղեցու բակը մարդաշատ էր դեռ վաղ առավոտից. բակում ու հարակից փողոցներում հոծ բազմություն էր հավաքվել, հազարավոր ստեփանակերտցիներ եկել էին Արցախի ազատության համար նահատակված ևս մեկ հերոսի մահը սգալու, նրա պայծառ հիշատակին մոմեր վառելու: Այստեղ ցավը միախառնվել էր հպարտությանը:
Նախագահ Բ.Սակայանը ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ: Երկրի ղեկավարի խոսքով` Արմեն Հովհաննիսյանը եւ նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության եւ ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ` եւս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել թշնամու կողմից ագրեսիայի ցանկացած դրսեւորում:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական եւ ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: