ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱՆ

20.02

2014

DSC00160  DSC00153  DSC00169

Արցախը հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է: 1921թ. Արցախը մայր Հայաստանից բաժանելու որոշումը չէր կարող հայի միասնության գաղափարը կոտրել: Հայը երբեք չի լռել ու չի դադարեցրել պայքարը` պատմական արդարությունը վերականգնելու համար:

Ընդառաջելով ժողովրդի ցանկությանը և հաշվի առնելով համազգային բազմահազարանոց ցույցերը` 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը քննարկեց Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցը և ընդունեց հետևյալ պատմական որոշումը. <<Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի փոխըմբռնման զգացում և լուծել  ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ի կազմ տեղափոխելու հարցը: Միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից  Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցի դրական լուծման համար:
Այս փաստաթուղթը իրավական տեսանկյունից անխոցելի էր և անթերի: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ ձգտում էին խանգարել նման որոշման ընդունմանը:
Պատմական այս որոշմանը նախորդել է ժողովրդական հուզումների մեծ ալիք, որի կազմակերպման ու անցկացման գործում անչափ մեծ է Արցախի պետական համալսարանի դերն ու նշանակությունը:
Փետրվարի 20-ին Արցախի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառումը, որին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Ղարաբաղյան շարժման մասնակիցներ,  նվիրված էր Վերածննդի օրվան:
Միջոցառումն սկսվեց Արցախի օրհներգով, որին հաջորդեց Վազգեն Օվյանի <<Այս Ղարաբաղն է>> բանաստեղծությունը` ԱրՊՀ ուսանողուհի Նինել Գաբրիելյանի  կատարմամբ:
Իրենց ելույթներում Արցախյան շարջման առաջամարտիկներ` ԱրՊՀ դասախոսներ Գրիգորի Աֆանասյանը, Արզիկ Մխիթարյանը և Շահեն Աբրահամյանը պատմական յուրօրինակ էքսկուրս կատարեցին` ներկայացնելով Շարժման սկիզբն ու անցած ճանապարհը:
Միջոցառման մասնակիցների համար ցուցադրվեց <<88-ի արձագանքները>> վավերագրական ֆիլմը, որի հեղինակներն են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը և ռեժիսոր Հրայր Ավետիսյանը: