ԱրՊՀ-ում մեկնարկել են ավարտական քննությունները

26.05

2014

                      ekzamen     ani

Մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել են 2013-2014 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ինչպես նաև` ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ինչպես տեղեկացրեց ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, այս տարի մայր բուհը կունենա 412 շրջանավարտ` 362 բակալավր և 50 մագիստրոս` ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման բաժիններից (28 մասնագիտությունների գծով):

Գ.Սահակյանի խոսքերով` բուհն ավարտողների շրջանում քիչ չեն խելացի, բանիմաց կադրերը, որոնցով համալսարանը, հիրավի, կարող է հպարտանալ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ քննական հանձնաժողովների նախագահների մեծ մասը հրավիրվել են Հայաստանի առաջատար բուհերից: Նրանց թվում են ՀՀ ԲՈՀ-ի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պրոֆեսոր Գ.Ստեփանյանը, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ի.Կարապետյանը և այլք: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գիտական ղեկավարների մի մասը նույնպես հայաստանյան գիտնականներ են, մասնավորապես` Երևանի պետական համալսարանից (կիրառական մաթեմատիկա և մաթեմատիկա մասնագիտությունների գծով):
Մեր այն հարցին, թե ինչով են տարբերվում այս քննությունները` նախորդ տարվա համեմատությամբ, պրոռեկտորը պատասխանեց. <<Այն մասին, որ տարեցտարի բարձրանում է թե քննությունների կազմակերպվածության և թե ուսանողների գիտելիքների մակարդակը` խոսք անգամ լինել չի կարող: ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված <<Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կազմակերպման մասին>> որոշման համաձայն` հստակեցված են բոլոր տեսակի աշխատանքները: Որպես նորամուծություն կարելի է նշել մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակ օգտագործվող սլայդերը: Բացի այդ, ներկայացվող ավարտական աշխատանքները ձայնագրվում են սկավառակների վրա, որոնք կպահպանվեն գրադարանում` հնարավորություն ընձեռելով հետագայում` հաջորդ տարիներին ստուգել` արդյոք կրկնվում են դրանք, թե ոչ>>:
Ընթացիկ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններում առկա մեկ այլ նորություն վերաբերում է գնահատման մեթոդին: Պրոռեկտոր Գ.Սահակյանի խոսքերով, եթե նախկինում շրջանավարտի գնահատականը հիմնականում որոշում էր հանձնաժողովի նախագահը, ներկայումս այն հաշվարկում են այլ ձևով` վերցնելով հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից նշանակված գնահատականի միջին թվաբանականը: Չի փոխվել քննությունների թիվը. թե առկա և թե հեռակա բաժիններում կան մասնագիտություններ, որտեղ քննություն են հանձնում երկու առարկայից, իսկ կա մասնագիտություն (հիմնականում առկա բաժնում), որտեղ հանձնում են մեկ հատ ամփոփիչ մասնագիտական քննություն և ավարտական աշխատանքի պաշտպանություն: Փոխվել են, սակայն, ամփոփիչ ատեստավորման, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նկատմամբ ներկայացվող պահանջները. բոլոր տոմսերն ընդգրկում են չորս հարց և ամեն մեկը գնահատվում է հինգ միավորով:
Առ այսօր ամփոփիչ ատեստավորման քննություններից անբավարար գնահատական են ստացել վեց հոգի. չորսը` իրավագիտություն և երկու ուսանող նախնական զինվորական պատրաստություն բաժիններից:
Ընդհանուր առմամբ` քննություններն ընթանում են նորմալ հունով: Դրանք դեռ ընթացքի մեջ են և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավարտին` հաշվի առնելով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքները:
Իսկ առայժմ քննություններն ավարտվել են ֆիզիկա մասնագիտությունից: Դրանց մասնակցել է ութ շրջանավարտ, որից գերազանց ստացել է երկու, լավ` չորս և բավարար` ութ հոգի: Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գ.Կոստանյանի կարծիքը` ֆիզիկա մասնագիտության քննությունների վերաբերյալ, այսպիսին է. <<Ընդհանուր առմամբ` ուսանողների պատասխանները գոհացուցիչ են: Այդուհանդերձ` պետք է նշեմ, որ շատերի մոտ թերի էր պատասխանների ներկայացման մշակույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանավարտներից շատերն իրենց հետագա գործունեությունը տեսնում են մանկավարժի կարավիճակում, ապա վերոնշյալ հանգամանքի կարևորությունը դառնում է էլ ավելի արդիական>>: