ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՀԱՂԹԱՀԱՐՎԵՆ ՄԻԱՍԻՆ

30.05

2014

DSC00007  1223  DSC00032

Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը, որ կայացավ մայիսի 30-ին, սովորականներից չէր և այլ ձևաչափ ուներ. նիստին ներկա Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ, եկել էր փոխգործակցության պայմանագիր ստորագրելու, երկու բուհերի միջև համագործակցությունը սերտացնելու և այդ ուղղությամբ նոր քայլեր սկսելու նպատակով:

Ողջունելով ներկաներին` Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` ԱրՊՀ ղեկավարության առաջարկն ընդունելու և հիշյալ նպատակով այստեղ ներկայանալու համար: «Արցախի մայր բուհը կարևորում է տարբեր երկրների առաջատար բուհերի հետ համագործակցությունը` կրթական, գիտական և մշակութային ոլորտներում,- ասաց Մ.Մինասյանը: -Ներկայումս ԱրՊՀ-ն երկու տասնյակից ավելի գործակցության պայմանագրեր ունի ստորագրած, որոնց հիմքում դրված են բուհի զարգացման առաջնահերթ խնդիրները: Ուրիշ է, սակայն, Վանաձորի պետական համալսարանի հետ գործակցությունը. այն բխում է ոչ միայն վերոնշյալ առաջնահերթություններից, այլ նաև Արցախի համալսարանականների սրտից: ԱրՊՀ դասախոսներն ու նախկին ուսանողները չեն մոռանում այն առաքելությունը, որ մեր ժողովրդի համար ծանր ու դժնդակ տարիներին` 1988-ին կատարել է Վանաձորի` նախկին Կիրովականի մանկավարժական ինստիտուտը»:
ԱրՊՀ ռեկտորը կարևորեց ոչ միայն փոխգործակցության փաստաթուղթը, այլև հետագայում իրականացվելիք միջոցառումները, որոնք պետք է բխեն այդ պայմանագրից: Շատ կարևոր է նաև այդ հարցում յուրաքանչյուրի դերակատարությունը` լինի դասախոս, թե ուսանող: Ուստի, հաստատության ղեկավարը բոլորին կոչ արեց ակտիվ գործակցության, որից կշահի ընդհանուր աշխատանքը:
Ողջույնի խոսք ասաց և նոր հիմքերի վրա դրվող համագործակցությունը կարևորեց ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով` բուհական գործընթացում խիստ կարևոր է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների ակադեմիական շարժունությունը, ինչը շատ հաճախ չի ընդգրկվում բուհերի հետ կնքվող համաձայնագրերում: Լուրջ համագործակցություն և արդյունավետ աշխատանք մաղթելով կողմերին` փոխնախարարը հույս հայտնեց, որ այս հանգամանքը հաշվի կառնվի Վանաձորի պետական համալսարանի հետ ստորագրվող փաստաթղթում և կապերն այդ բուհի հետ, որ եղել են վաղուց, էլ ավելի կխորանան:
Վանաձորի համալսարանի ղեկավարությանն ու կոլեկտիվին երախտագիտություն հայտնեցին և իրենց հիշողություններից պատառիկներ ներկայացրին ԱրՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ովքեր ապրել են իրենց բաժին հասած դժվարությունները` Կիրովականում գտնվելու տարիներին:
Արցախի Հանրապետության կայացման գործում մեծ է Վանաձորի պետական համալսարանի խորհրդի նախագահ Քոչինյանի ներդրումը, ով շուրջ 40 տարի աշխատել է բուհական համակարգում, եղել է ՀՀ տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար: «Ինձ համար հաճելի է գտնվել Արցախում,- ասաց Հենրիկ Քոչինյանը:- 90-ականներին հաճախ էի գալիս այստեղ, և այն, ինչ արել եմ` պարտավոր էր անել յուրաքանչյուր հայ: Այսօր բոլորիս երազանքը կայուն խաղաղության հաստատումն է Արցախում»: Նա ցավով նշեց, որ ներկա ժամանակներում նվազել է սերը կրթության հանդեպ, բայց, այդուհանդերձ, պետք է գիտակցել, որ թե Հայաստանում և թե Արցախում փրկության օղակը գիտելիքն է:
Ինչ վերաբերում է համալսարանների միջև հաստատվող կապերին` Հենրիկ Քոչինյանն ասաց, որ պատրաստ են աջակցել, իրենց փոխգործակցությամբ նպաստել Արցախի մայր բուհի զարգացմանը:
Իր ելույթում Վանաձորի համալսարանի ռեկտորը հավաստիացրեց, որ միանշանակ կկատարվեն պայմանագրում ներառված բոլոր պարտավորությունները: «Այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր ծառացած են բուհերի առջև, պետք է հաղթահարենք միասին: Գիտելիքակենտրոն և ուսանողակենտրոն համակարգին լծվելը շատ պատասխանատու գործ է, և համոզված եմ, որ մեր համագործակցությունը կտա իր դրական պտուղները»,- ասաց ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:
Եկավ հանդիսավոր պահը. ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ստորագրեցին փոխգործակցության պայմանագիրը և որպես բարի ավանդույթի առհավատչյա` հուշանվերներ փոխանակեցին: