«ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄՆ ԱրՊՀ-ՈՒՄ

04.09

2014

ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Արցախի մայր բուհը շարունակում է ռազմահայրենասիրական ոգու սերմանումը: Սեպտեմբերի 3-ին ԱրՊՀ դահլիճում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, ճանաչված լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի <<Ինքնահաստատում>> վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը խոսուն կադրերով և առանց մեկնաբանության ներկայացնում էր արցախյան տարեգրության պատմությունը` ընդգրկելով ղարաբաղյան շարժումը մինչև մեր օրերը:

ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը նշեց, որ սեպտեմբերը նշանակալից ամիս է արցախահայության համար, առանձնապես պետականաշինության առումով: Իսկ արցախյան գոյամարտի պատմության ականատես Վ.Բաղրյանի հեղինակած ֆիլմը առաջին կուրսեցիներին դարձրեց տարեգրության դեպքերի ականատես: Վ.Բաղրյանը նշեց, որ յուրաքանչյուր ուսանող անկախ մասնագիտական ուղղվածությունից պարտավոր է իմանալ իր պատմությունը` ազատամարտի պատմությունը.<<Սա նաև հայրենասիրության դաս է և առանց այն սերտելու հնարավոր չէ դառնալ լավ քաղաքացի, քանզի ամենամեծ մասնագիտությունը հենց հայրենասիրությունն է>>:
 <<Ինքնահաստատում>> ֆիմը ստեղծվել է 2006թ-ին` ԼՂՀ  հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և այսօր չի կորցրել իր արդիականությունը: Այն մի յուրահատուկ ծաղկաքաղ է` պատմական ացյալի և ներկայի համադրությամբ: Վ.Բաղրյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի և ուսանողները հնարավորություն կունենան ֆիլմից ստացած տպավորություններով, կարծիքներով և հարցադրումներով կիսվել հետագա  դասընթացների ընթացքում: