Իրականությունը`մանկան ձայնով

16.09

2014

                        shnorhandes        siranush
Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ամերիկաբնակ Բաքվի փախստական Աննա Ատվածատուրյան-Տուրկոտիի «NOWHERE. A story of Exile» գրքի արցախյան շնորհանդեսը:
Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի կազմակերպիչներին, ներկաներին պատմեց իր պատմությունը, որն էլ հենց գրքի բովանդակությունն է: Աննան պատմում է, որ իր ընտանիքը ապրում էր Բաքվում, որտեղ իր ծնողները թուրք ազգայնականներից ստիպված էին թաքցնել իր հայկական դիմագիծը: Բաքվից ջարդերի պատճառով նրանք տեղափոխվել են Հայաստան, այնուհետև ԱՄՆ:

Փոքրիկ Աննան իր օրագրում գրառում էր այդ տարիների իր ապրումները, որոնց ինչպես խոստովանում է հեղինակի հայրը, իրենք տեղյակ չէին: Գրքի հեղինակը խոստովանում է, որ ինքը գիրք հրատարակելու մտադրություն չուներ նախքան մայր դառնալը: Բայց երբ արդեն մայր էր, նա ցանկացավ իր երեխաներին տեղեկացնել իր արմատների ու ապրումների մասին, ինչը և հիմք հանդիսացավ գիրքը գրելու համար: Նշենք, որ Աննայի գրառումները վաղ տարիքից են, նա ընդամենը 10 տարեկան էր, երբ անցավ այդ ծանր օրերի միջով: 14 տարեկանում իր օրագրի ռուսերեն գրառումները սկսեց թարգմանել անգլերեն և 16 տարեկանում ավարտեց: Իսկ գիրքը տպագրվել է միայն 2012թվականին: Գիրքը խմբագրել է Թաթուլ Սոնետզ-Փափազյանը, բայց ինչպես նշում է հեղինակը, խմբագիրը շատ քիչ փոփոխություններ է կատարել, այն էլ կապված է անձնանունների հետ, ովքեր հնարավոր է Բաքվում ապրելու պատճառով խնդիրներ ունենան, եթե նշվեր իրական անունները: Իսկ ընդհանուր առմամբ գիրքը տպագրված է այնպես, ինչպես այն օրագրում է ներկայացված: Դա են փաստում նաև գրքում տեղ գտած օրագրի գրառումների որոշ նկարներ:
Նշենք, որ չնայած հեղինակը իր երեխաներին ներկայացնելու նպատակով է հրատարակել գիրքը, այն արդեն հասցրել է մեծ լսարան ունենալ: Դրա առհավատչյան այն է, որ գիրքը ուսումնասիրվում է ամերիկյան մի շարք դպրոցների բարձր դասարաններում, ինչպես նաև որոշ համալսարաններում: Այժմ հեղինակը նպատակ ունի գիրքը թարգմանել հայերեն, ռուսերեն, ինչպես նաև մի շարք այլ լեզուներով: Հնարավոր է նաև տպագրվի գրքի թուրքերեն տարբերակը:
ԼՂՀ փախստականների միության նախագահ Սանասար Սարյանը իր ելույթում նշեց, որ գրքի պատմության մեջ յուրաքանչյուրը, ով նմանատիպ ճակատագիր է ունեցել, կտեսնի իրեն ծանոթ ապրումներ: Գրքի արժեքը նա կարևորում է, որովհետև այն առաջին անգլալեզու հրատարակությունն է Բաքվի հայերի ջարդի մասին:
Ներկաները իրենց շնորհակալական խոսքը հղեցին գրքի  հեղինակին նման աշխատանքի համար, որովհետև նման գրքերի պակաս մենք ունենք, ինչպես նաև տարաբնույթ հարցեր ուղղեցին նրան:
Այն հարցին, թե արդյոք Աննան կցանկանար նորից վերադառնալ Բաքու, նա պատասխանեց` երբեք, նշելով, որ դա միայն հիշողություն է և ինքը չի ուզում կրկին գիշերները վախից անքուն մնալ ու իր երեխաներին թաքցնել այնտեղ: Աննան այդ տարիների հիշողությունից միայն  ցավ է ապրում:
Իսկ որտեղ է ձեր տունը հարցին Աննան պատասխանում է. այնտեղ, որտեղ իմ երեխաներն են:
Աննայի հայրը գրքի մասին իր խոսքը նշելիս հավաստիացնում է, այն ընթերցելիս ինքը լսում է աղջկա մանկական ձայնը: Եվ նշում է, որ ամեն պարագայում պետք է լսել երեխային, հաշվի առնել նրա ասածը, քանի որ երեխան ամեն ինչ զգում է…