Արցախի պետական համալսարան

Հանդիպումը նախաձեռնել էին ուսանողները, ովքեր իրենց տարաբնույթ հարցերի պատասխանները անմիջապես ռեկտորից էին ուզում ստանալ: Ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը, ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը:
ԱրՊՀ ուսվարչության նախագահ Հ.Մնացականյանը, բացելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավար կազմին ուսանողների ցանկությանն ու նախաձեռնությանը ընդառաջելու համար:

Հանդիպման ընթացքում հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էր քննությունների անցկացման թեստային եղանակին, այս կամ այն առարկաների գծով դրա նպատակահարմարությանը, թեստաշարերի քանակին, որակին, դրանց տրամադրման կարգին, թեստային եղանակով քննությունների անցկացման կարգի և ժամանակի վերանայելուն` պայմանավորված առարկայի առանձնահատկությամբ և այլն:
«Երբ ուսումնասիրում ենք Բոլոնյան համակարգը, ապա ակնհայտորեն տեսանելի է, որ այն նպատակ չունի պատրաստել զուտ մասնագետ, այլ` բազմակողմանի զարգացած մասնագետ: Ընդունելի, նույնիսկ` ողջունելի է համակարգչով քննություն հանձնելու տարբերակը, այսինքն` ուսանողին այընտրանք է առաջարկվում, բայց միևնույն ժամանակ թեստային եղանակը պետք է ներառի այնպիսի առաջադրանքներ, որոնք կբացահայտեն ուսանողի պոտենցիալը, ընդհանուր գիտելիքները մակակարդակը և մասնագիտական պատրաստվածությունը, ինչն այսօր, ցավոք, այդպես չէ: Չեմ կարծում, թե ԱրՊՀ-ի նպատակը  «գերազանց» ուսանողներ թողարկելն է, այլ` լավ մասնագետներ պատրաստելը», -նշեց տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանող Մ. Թադևոսյանը:
«Տեղյակ ենք խնդրին և պարբերաբար ամբիոնի պատասխանատուներին հանձնարարվում է վերահսկել թեստերի որակը, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այսօր քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ից համապատասխան մասնագետների որոնման ուղղությամբ, որպեսզի վերջիններս ուղղորդեն յուրաքանչյուր տարվա ընթացքում գոնե տասը մասնագիտությունների գծով պատրաստել բոլոր չափանիշներին համապատասխան թեստային առաջադրանքներ: Այսպիսի փորձ արդեն իսկ կա մի քանի առարկաների գծով, իսկ մնացածը ժամանակի խնդիր է», - հարցին ի պատասխան ասաց ռեկտորը:
Բոլոնյան և կրեդիտային համակարգերի ներդրման, ամեն ուսումնական տարում փոփոխություններ մտցնելու, այդ փոփոխությունների հետևանքների, ուսումնական պլանների, վճարովի և անվճար  համակարգերի, կրթաթոշակների,  սոցհարցումների, ռոտացիաների, ՄՈԳ-երի, մի քանի մասնագիտությունների համար առանձին դասընթացներ կազմակերպելու և այլնի հետ կապված ուսանողների հարցերին ու առաջարկություններին ռեկտորն ու պրոռեկտորները տվեցին սպառիչ պատասխաններ, պարզաբանվեցին վիճահարույց մի շարք հարցեր ու խնդիրներ: