Արցախի պետական համալսարան

 DSC00633   DSC00635   DSC00609

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏԻՎՆ Է, ՆՐԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԲՈԼՈՐԻՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Արցախի պետական համալսարանի 45-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք սկիզբ էին առել 2014-2015 ուս.տարվա սեպտեմբերից, ամփոփվեցին նոյեմբերի 28-ին` հանդիսավոր նիստով:
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, նախարարներ, պետական, քաղաքական գործիչներ, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր:

Նիստը, համաձայն ավանդույթի, սկսվեց համալսարանի ազատամարտիկ-ուսանողների հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
Բացելով նիստը` բուհի ռեկտոր Մ.Մինասյանը ներկայացրեց բուհի ստեղծման պատմությունը, անցած 45-ամյա ուղին, ապա երախտագիտության խոսքեր ուղղեց հարազատ կրթօջախի ակունքներում կանգնած անձանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են նրա կայացմանն ու զարգացմանը, բուհի` տարբեր տարիների ղեկավարների, ովքեր կատարել են բարդագույն աշխատանք, շրջանավարտներին, ովքեր բարձր են պահել բուհի պատիվն ու հեղինակությունը: Նա մասնավորապես նշեց. «Հպարտությամբ եմ փաստում, որ Արցախի մայր բուհը խորհրդային տարիներին եղել է ազգային արժեքների ստեղծման և պահպանման, իսկ ազգային զարթոնքի տարիներին` նրա գաղափարական և երիտասարդակենտրոն շարժիչը, պարտադրված պատերազմում` նրա նվիրյալ զավակների` հերոսների կրթարանը, իսկ հետպատերազմյան շրջանում` զարթոնքի տարիներին, հասարակական-տնտեսական ոլորտներում նրա հիմնական կորիզի` կադրերի պատրաստման դարբնոցը»: Ելույթի վերջում Մ.Մինասյանը հավելեց.«Չմոռանանք, որ Արցախի պետական համալսարանի պատիվը բոլորիս պատիվն է, նրա հաջողությունը` բոլորիս հաջողությունը»:
Համալսարանականներին շնորհավորանքի խոսքեր հղեց ԱրՊՀ շրջանավարտ, ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց համալսարանի կարևոր դերակատարությունը երկրի զարգացման ամենակարևոր` քաղաքական, տնտեսական, սոցիալական առանցքներում առաջընթացի ապահովման ճանապարհին. «Հոբելյանական միջոցառումների ժամանակ ընդունված է գնահատել ճանապարհը, որ հոբելյարն է անցել, այս դեպքում` Արցախի մայր բուհը: Այս առումով պետք է ասել, որ, չնայած ոչ պատկառելի տարիքին, ստեղծվելով քաղաքական բարդ ժամանակներում, հանրապետության գլխավոր գիտակրթական օջախը եղել է հարազատ ժողովրդի մտավոր հարուստ զինանոցը»:
Ա.Ղուլյանի համոզմամբ Արցախի պետական համալսարանի ամենամեծ ձեռքբերումը նրա շրջանավարտներն են և ավելի շատ նրանք, ովքեր այսօր բուհի նստարաններին իրենց ուսումն են շարունակում` գիտակցելով, որ վաղը նրանք են լինելու հանրապետության կադրային սերուցքը:
«Եթե չունենանք կադրային այն ռեսուրսը, որ պետք է միս ու արյուն տա մեր բոլոր երազանքներին ու նախաձեռնություններին, անիմաստ կլիներ խոսել հանրապետության առաջընթացի մասին»,- նշեց ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահը շեշտեց նաև այն արժանապատիվ դերակատարությունը, որ մայր բուհն ունեցել է ազգային-ազատագրական պայքարի ընթացքում. «Այդ տարիներին իշխող ոգին ու գաղափարախոսությունն են, որ հնարավորություն են տվել կերտելու ազատ, անկախ, ինքինշխան պետություն»:
ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը բարձր գնահատեց համալսարանի դերակատարությունը ոչ միայն խորհրդային և արցախյան գոյապայքարի տարիներին, այլև Արցախի պետականաշինության երկարատև գործընթացում. «Կարևորելով այս ամենը` ուզում եմ նշել, որ մանկավարժի կատարածը համարում եմ ոչ թե աշխատանք, այլ առաքելություն և կարծում եմ, որ պատվով եք կատարել այդ առաքելոթյունը նախորդ 45 տարիների ընթացքում և համոզված եմ, որ պատվով կկատարեք նաև ապագայում»,- նշեց գործադիր իշխանության ղեկավարը:
Գնահատելով համալսարանի երեկն ու այսօրը` ԿԳ նախարար Ս.Ասրյանը խորհրդանշական օրվա կապակցությամբ բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքում անդրադարձավ համալսարանի ներկայիս գործընթացներին. «Հետադարձ հայացք ձգելով դեպի համալսարանի անցած ճանապարհը` կարող ենք վստահ ասել, որ ստեղծման օրվանից կրթօջախը պատվով է հաղթահարել ժամանակի մարտահրավերները: Այսօր բուհը զարգացման լուրջ փուլում է գտնվում: Հայաստանյան և եվրոպական մի շարք առաջատար գիտակրթական հաստատությունների հետ հաստատվել են անհարաժեշտ կապեր, որոնք համաքայլ աշխատանքի հնարավորություն են ընձեռել, ինչն էլ հանգեցրել է բուհի որակական առաջընթացին: Սակայն ասել, թե լուծված են բուհի բոլոր խնդիրները, ճիշտ չէր լինի…»:
Նիստին ելութ ունեցավ ինստիտուտի առաջին ռեկտոր Շ.Աբրահամյանը: Նա ի մի բերեց բուհի 45-ամյա ճանապարհը, ձեռքբերումներն ու հաջողությունները. «Համալսարանը այն գիտակրթական օջախն է, որտեղ երիտասարդությունը ոչ միայն գիտելիք և կրթություն է ստացել, այլև ձևավորվել է Արցախի երիտասարդության ինքնագիտակցությունը»:
Քանի որ նիստը հոբելյանական էր, նախատեսված էին նաև պարգևատրումներ ինչպես ԱրՊՀ, այնպես էլ ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության և ԿԳ նախարարության կողմից:
Հանդիսավոր նիստը ամփոփվեց համալսարանի 45-ամյա ուղու մասին պատմող տեսանյութով: