Հունվարի 26-ին գումարվեց ԱրՊՀ գիտխորհրդի` 2015թ. անդրանիկ նիստը, որը վարում էր ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում էր ԱրՊՀ 2014թ. ֆինանսական տարվա կատարողականին և 2015թ. բյուջեի նախագծին, որը ներկայացրեց ռեկտոր Մ.Մինասյանը:
Գիտխորհրդի անդամները միաձայն հաստատեցին 2015թ. բյուջեի նախագիծը` առաջիկայում Մեծ խորհրդի հաստատմանը ևս ներկայացնելու համար:
Օրակարգային երկրորդ կետը ԱրՊՀ գիտական խորհրդին կից գործող հանձնաժողովների հաշվետվություններին էր վերաբերում: Ներկայացվեցին մրցութային (նախագահ` Ա. Մխիթարյան), ներքին կանոնակարգերի մշակման (նախագահ` Մ. Մինասյան), ուսումնամեթոդական աշխատանքների (նախագահ` Գ. Սահակյան), գիտահետազոտական աշխատանքների (նախագահ` Ալ. Խաչատրյան), արտաքին կապերի և ուսանողների հետ տարվող աշխատանքների (նախագահ` Վ. Յարամիշյան) հանձնաժողովների կիսամյակային հաշվետվությունները:
«Ըստ հաշվետվությունների, հանձնաժողովները ծառայել են իրենց նպատակին, կատարել նախատեսված և ծրագրից դուրս բոլոր աշխատանքները` համապատասխան ուղղություններով: Կատարված աշխատանքներից ընդգծել կարելի է հատկապես այն, որ բոլոր հանձնաժողովները մշակել են կանոնակարգ, որը վերջնական տեսք է ստացել ներքին կանոնակարգերի մշակման հանձնաժողովում»,- նշեց Մ.Մինասյանը:
Երրորդ հարցը վերաբերում էր «ռեֆերատի պատրաստման և ներկայացման» կարգին, որի հիմնական դրույթների` նպատակի, առաջադրման, կառուցվածքի, որակական և ծավալային ցուցանիշների, ներկայացման և գնահատման չափանիշների մասին զեկուցեց ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը:
Այն ևս ընդունվեց միաձայն` հետագայում գնահատման վերաբերյալ առաջարկված փոփոխություններ մտցնելու պայմանով:
Նախատեսված մյուս հարցը ԱրՊՀ գիտխորհրդի կազմում լրացումներ կատարելու մասին էր: Համաձայն ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանի որաշման` գիտխորհրդի կազմը համալրեց պատմաքաղաքագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Առստամյանը:
Օրակարգի վերջին հարցի շուրջ ելույթ ունեցան գիտական և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը, ով գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց իրավունքի ամբիոնի երկու հայցորդների անհատական պլանները և գիտահետազոտական հանձնաժողովի նախագահ Ալ. Խաչատրյանը` գիտխորհրդի երաշխավորությանը ներկայացնելով հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ս.Մինասյանի <<Հովհաննես Շիրազ>> գիրքը:
Արդյունքում գիտխորհուրդը հաստատեց իրավունքի ամբիոնի հայցորդների անհատական պլաններն ու Ս. Մինասյանի <<Հովհաննես Շիրազ>> գիրքը երաշխավորեց տրագրության:
Նիստի ավարտին ռեկտոր Մ.Մինասյանը գիտխորհրդի անունից շնորհավորեց բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Խանյանին` ծննդյան 85 և տ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Իսրայելյանին` ծննդյան 75 ամյակների կապակցությամբ և դրամական պարգևներով խրախուսեց վերջիններիս: