ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԲՈՒՀ

27.02

2015

222

Փետրվարրի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպումներ ունեցել ուսանողության և դասախոսական կազմի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և ուսանողներ:  
 Ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց  ԼՂՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանին՝ հրավերն ընդունելու և, առհասարակ, համալասարանի կողմից արված ցանակացած առաջարկի նկատմամբ ցուցաբերած պատրաստակամության, աջակցության, ինչպես նաև նախաձեռնողական գուրծունեության համար: Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները` ռեկտորը նշեց. «Սա լավագույն հնարավորություն է՝ տեղեկանալու հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական և տնտեսական գործընթացների մասին»:
   
ԱԺ նախագահը  ներկաների հետ քննարկեց երկրի` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, քաղաքական կյանքին վերաբերող իրադարձություններ:
Նա իր խոսքը սկսեց 1988-ից և հասավ մեր օրեր` ներկայացնելով այդ ընթացքում Արցախի պետականաշինության գործընթացները: «Զարմանալ կարելի է, թե ինչպես պատերազմող մի երկիր կարողացավ զուգահեռաբար նաև բանակ կազմավորել, պետություն կերտել և նաև պետականաշինությամբ զբաղվել»,- ասաց Ա. Ղուլյանը:
Օրենսդիր իշխանության կողմից որդեգրված ռազմավարության մասին խոսելիս Ա. Ղուլյանը պայմանականորեն առանձնացրեց երեք ուղղություն` երկրի անվտանգություն և պետական սահմանի պաշտպանություն, սոցիալ-տնտեսական զարգացում և հանրապետության ժողովրդավարական իմիջի բարձրացում: 
Ա. Ղուլյանը նաև անդրադարձավ  Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարման ձեռքբերումներին ու բացթողումներին: Ազգային ժողովի 4-րդ գումարման կարևորագույն ձեռքբերում՝ նա առանձնացրեց սահմանադրության ընդունումը, իսկ 5-րդից ՝ միջխորհրդարանական կապերը:
Հանդիպման ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին` կրթություն և գիտություն,  ներքին և արտաքին քաղաքականություն, քաղաքական, տնտեսական և սոցիալական ծրագրեր, օրենսդրություն ու սահմանադրություն և այլն:
Արդիական և հետաքրքրական էին հատկապես ուսանողներին հուզող հարցերը: Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանող Դ. Հովհաննիսյանի հարցին, թե ինչու Ազգային ժողովը հետամուտ չէ, որպեսզի իրականություն դառնա սահմանադրության այն դրույթը, որ պետական պաշտոնյաները չզբաղվեն ձեռնատիրությամբ, Ա. Ղուլյանը պատասխանեց. «Սահմանադրության այդ նույն դրույթը նաև նշում է, որ օրենքը լիարժեք կսկսի գործել 2015թվականից` հաշվի առնելով պառլամենտի ոչ մշտական լինելու հանգամանքը»:
Ուսանողներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք Արցախը կհետևի ՀՀ-ում վերջին շրջանում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որին Աժ նախագահը պատասխանեց. «Հաշվի առնելով երկու հանրապետությունների համաժամանակյա աշխատանքային գործոնը` պետք է նշել, որ մեր հանրապետության սահմանադրության դրույթների մեծ մասը բխում է ՀՀ սահմանադրության դրույթներից, ուստի այդ բարեփոխումների` պրակտիկ փուլում հայտնվելուց հետո միայն կարելի կլինի մտածել այդ մասին»:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը  արժեքավոր գրքեր նվիրեց ԱրՊՀ գրադարանին՝ «Ես համալսարանին տալիս եմ այն, ինչ ստացել եմ» մեկնաբանությամբ: