«Սերգեյ Աբրահամյանի հայրենակից լինելը պատիվ է յուրաքանչյուրիս համար». Ա. Սարգսյան

16.03

2015

IMAG0448   IMAG0464

 2015 թվականը Հադրութի շրջանի Տումի գյուղի համար հոբելյանական է: Գյուղը տոնում է  համագյուղացի մեծավաստակ հայագետ, ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյանի 90-ամյակը:

Արցախցի մեծանուն ակադեմիկոսի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց մարտի 14-ին Տումու Սերգեյ Աբրահամյանի անունը կրող միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էին ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունն ու ԱրՊՀ  Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը:

Մեծանուն հայագետի հոբելյանին ներկա էին ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը,  ԱրՊՀ դասախոսներ, Հադրութի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ ու համագյուղացիներ:

«Ս. Աբրահամյանը հայ լեզվաբանության այն եզակի երախտավորներից է, ով կարողացավ ոչ միայն շարունակել իր մեծ ուսուցիչների թողած ավանդները, այլև կարողացավ նոր աստիճանի բարձրացնել հայ լեզվաբանությունը: Նա ոչ միայն մեծ լեզվաբան էր, այլև մեծ հայրենասեր էր, մեծ արցախցի, մեծ տումեցի, մեծ հադրութեցի և իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքի բարորությանը: Կազմակերպելով Ս. Աբրահամյանի ծծնդյան 90-ամյակը մենք ընդհամենը մի փոքրիկ լումա ենք ներդնում նշանավոր հայի գործունեությունը արժևորելու գործում: Եվ պատահական չէ, որ այսօր Ս. Աբրահամյանի անվան Տումու միջնակարգ դպրոցում մի հարկի տակ են հավաքվել և նրա ասպիրանտները, և գիտնականներ, և Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը, կրթության բաժնի վարիչը, ուսանողներ, աշակերտներ, մանկավարժներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, որովհետև Ս. Աբրահամյանի անունը թանկ է բոլորիս համար և նրա հայրենակից լինելը պատիվ է յուրաքանչյուրիս համար»,-իր ելույթում ասաց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Ա. Սարգսյանը:

Հոբելյանի հուշ ցերեկույթին Ս. Աբրահամյանի ասպիրանտները, համագյուղացիներն ու հարազատները վեր հիշեցին հայագետի կատարած ահռելի աշխատանքը ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերում, ակադեմիկոսի արժեքավոր ներդրմանը հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։

Միջոցառմանը անդրադառնալով Ս. Աբրահամյան մարդ տեսակին, նրա գործունեությանն ու հայրենիքին անսահման նվիրվածությանը նրա ասպիրանտներից  Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ղազարյանը ասաց. «Յուրաքանչյուր մարդու կյանք մի իրական պատմություն է կազմված մութ և լուսավոր էջերից: Ամեն անգամ այդ լուսավոր էջերը թերթելիս ես այնտեղ հանդիպում եմ մեծավաստակ հայագետ, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանին՝ մի մարդու, որի կերպարի վսեմ հատկանիշներն են՝ անձնուրաց նվիրվածություն գիտությանը, դպրոցին ու կրթությանը, անհանգիստ ու պրպտող միտք, ամենաբարդ երևույթները պարզ ու հստակ ներկայացնելու բնատուր ձիրք, անսպառ բարություն, մարդասիրություն, զգայուն սիրտ ու բարյացակամություն, լայնախոհ հայրենասիրություն, բնական պարզություն և համեստություն, բոլոր իրավիճակներում իր մարդկային արժանիքները պահպանելու կարողություն, մերձավորների նկատմամբ ծայրահեղ մտահոգություն, ուսանողներին, ասպիրանտներին  իր գիտելիքները մինչև վերջ նվիրաբերելու և բոլորին օգնելու պատրաստակամություն: Այսպիսինն էր Ս. Աբրահամյանը և այսպիսին մնաց մեր հիշողության մեջ»: Հիշելով ակադեմիկոսի նվիրվածությունը Արցախին, նրա անսահման անհանգստությունը արցախցու ապագային, բարօրությանը Հ. Ղազարյանը ասաց. «Ս. Աբրահամյանը մի անձնավորություն էր, որը կոնկրետ ինձ համար միայն գիտնական չէր, այլև մարդ, որի հետ շփվելը, հաղորդակցվելը արդեն իսկ մեծ երջանկություն ու հպարտություն էր: Նա մեծ հայրենասեր էր, և ամեն անգամ, երբ ես լինում էի Երևանում, հանդիպում էի նրա հետ, և փորձում էի ցույց տալ իմ աշխատանքը, ինչ որ հարցեր քննարկել, նա թողնում էր դա մի կոզմ և հարցնում էր.«Ի՞նչ կա Արցախում, ինչպե՞ս են մարդիկ ապրում»: Երկու-երեք ժամ կարող ենք այդպես խոսել Արցախից, ժողովրդից և նոր արդեն անդրադառնալ իմ աշխատանքին: Լավագույն մարդը, որին ես կյանքում հանդիպել եմ հենց Սերգեյ Աբրահամյանն է»:

Հոգելյանական ցերեկույթը ավարտվեց ակադեմիկոսի անունը կրող միջնակարգ դպրոցի սաների ասմունքով ու երգեցողությամբ: Եվ ակադեմիկոսի  90-ամյակին նվիրված այս միջոցառումը վերջինը չէր: Դպրոցը պատրաստվում է հերթական միջոցառմանը.«Մայրենի դպրոցում յուրաքանչյուր հոբելյանական տարեթիվ պարտադիր նշվում է և Ս. Աբրահամյանի 90-ամյակի նշումը միայն այս միջոցառումով չի սահմանափակվի: Մայիս-հունիս ամիսներին Տումին նորից անդրադառնալու է այդ նշանավոր տարեթվին, այս անգամ արդեն ակադեմիկոսի որդու և աղջկա, թոռների մասնակցությամբ»,-հայտնեց ԼՂՀ ԿԳ փոխնախարարը:

 

200px-Աբրահամյան