ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ

11.04

2015

555

Ապրիլի 11-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում կայացավ «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»  թեմայով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԿԳ նախարար Ս. Ասրյանը, ԱԳ նախարար Կ. Միրզոյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Լազարյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ԼՂՀ Գիտական կենտրոնի տնօրեն Ս. Դադայանը, պաշտոնատար այլ անձինք, համալսարանականներ, հյուրեր:

Գիտաժողովը մեկնարկեց Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին ծաղկեպսակ տեղադրելով:

Բացելով լիագումար նիստը և ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը ներկայացրեց գիտաժողովի էությունն ու բովանդակությունը` հույժ կարևոր համարելով Հայոց ցեղսպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նրա ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման առավել կազմակերպված գործողությունների անհրաժեշտությունը: Ռեկտորն ընդգծեց նաև պատմական արդարության վերականգնման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարի ու վերջինիս ջանքերի համատեղման կարևորությունը:

«Ցեղասպանությունից փրկված հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում դրսևորեց անկոտրում կամք և ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց կորցրած պետականությունը, պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, կրթության և գիտության վերածննդի` ուրույն ներդրում ունեննալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում»,- նշեց ռեկտորը:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որում մասնավորապես ասված էր. «Գիտաժողովի հարգարժան մասնակիցնե'ր, ողջունում եմ բոլորիդ արցախյան հողում և շնորհավորում նման խոշոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Դուք իրականացնում եք մեծ աշխատանք մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրության ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ: Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի: Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում…»:

Գիտաժողովին իր օրհնության խոսքն էր բերել ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հոգևոր առաջնորդն իր խոսքում ընդգծեց այն փաստը, որ Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 23-ին վերջապես 1915-ի ոճրագործությունների զոհերին նահատակի կարգավիճակ կտա, ինչը նախկինում չէր արվում. «Դժվար է գոտեպնդվել, երբ ազգիդ գրեթե կեսը կոտորված է: Բայց ես, այնուամենայնիվ, գոտեպնդված եմ: Վերջապես համարձակվել ենք պաշտոնապես սրբացնել Մեծ եղեռնի զոհերին»:

Լիագումար նիստին նախատեսված երեք զեկուցումները Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային քաղաքական հետևանքների և ցեղասապանագործի հանցածին վարքագծի վերլուծության ամփոփ անդրադարձներ էին:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրեց միջազգային հարթակում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներն ու  դատապարտման հատուկ բանաձևերը, այս առումով Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը, հակահայկական քաղաքականությունը և արձաքանքները թուրքական ակադեմիական միջավայրում: «Եթե մենք նպատակ ունենք միջազգային ատյաններում բարձրացնել ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հարցը, ապա պետք է մինչ այդ միջազգային իրավունքում կարողանանք ամրագրել թուրքական կառավարության` հայ ժողովրդին ցեղասպանության ճանապարհով հայրենազրկելու համար նախատեսված պատասխանատվությունը: Դրանով է Հայոց ցեղասպանությունը տարբերվում համանման մյուս ոճիրներից»,- նշեց պատմաբանը:

ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը «Հայոց Մեծ եղեռնի միջազգային քաղաքական հետևանքները» զեկուցմամբ խոսեց «ցեղասպանություն» և «եղեռն» եզրույթների բևեռացված տարբերությունների մասին: Քաղաքագետն այն համոզմունքն է հայտնել, որ տեղին չէ հայ ժողովրդի կոտորածը ցեղասպանություն կոչել այն պատճաով, որ, ի տարբերություն ցեղասպանված մյուս ժողովուրդների, հայերն ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքի տարածքում: Ուստի վերանայել է պետք այն հայտարարությունները, տեքստերն ու բանաձևերը, որոնք ներկայացնում ենք աշխարհին: Հայ գիտնակններն իրենց հերթին աշխատանքներներ պետք է տանեն «եղեռն» բառն իբրև հայրենիքում ցեղասպանված ժողովրդի ողբերգություն ներկայացնելու ուղղությամբ, ճիշտ այնպես, ինչպես հոլոքոստը` հրեաների դեպքում: Ա. Մանասյանն անդրադարձավ նաև հայ ժողովրդի «անելիքներին»: «Եկե'ք այլևս լաց չլինենք: Եկե'ք գերազանցենք թուրքին: Գիտության, մշակույթի, քաղաքական և համաշխարհային մտքի ասպարեզներում բարձունքներ նվաճենք` գերազանցելով թուրքին:  Եկե'ք այսօրվանից դա անենք»,- հորդորեց նա:

«Հայատյացության քարոզչությունը որպես ցեղսապանագործի հանցածին վարքագծի ձևավորման գործոն» զեկուցման մեջ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության իրավական-հոգեբանական կողմին` ներկայացնելով Օսմանյան Թուրքիայում տիրող հայատյաց քարոզչության մի քանի առանձնահատկություններ: Պրոռեկտորն ընդգծեց, որ ցեղասպանագործի հանցածին վարքագծի ձևավորման գործում վճռական նշանակություն ունի հենց հանցածին դիրքորոշումը, որն ունի փուլային դինամիկ և կառուցվածքային կոնկրետ բաղադրամասեր: Որպես կայուն հարաբերական  դիրքորոշումներ առանձնացրեց բացասական-հուզական, նախաքրեածին, քրեածին և հանցածին դիրքորոշումները:

«Թուրքերը մշտապես ունեցել են հայերին իրենց պատմական հայրենիքից վտարելու ցանկություն: Այս դեպքում իշխանությունների խնդիրը ոչ այնքան հայերի նկատմամբ ատելություն սերմանելն էր, որքան անպատիժ մնալու համոզմունքի ձևավորումը, որն էլ հանգեցրել է իրականացման ձևերի բազմազանությամբ և ծավալներով աննախադեպ կոտորածներին` գերազանցելով բոլոր նախորդներին»,- եզրակացրեց հոգեբանը:

Գիտաժողովի լիագումար նիստին հաջորդեցին մասնախմբային նիստերը` հինգ տարբեր ուղղություններով. պատմություն, քաղաքագիտություն և իրավագիտություն, գրականություն և լեզվաբանություն, օտար լեզուներ, հոգեբանություն: