ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ` ԱրՊՀ-ՈՒՄ

28.04

2015

pamela shtayner

Ապրիլի 28-ին ԱրՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհին` Պամելա Շտայները:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Հարվարդի համալսարանի հոգեբանության դասախոս Պ. Շտայները, հանդիպման առիթն օգտագործելով, դասախոսություն կարդաց իր մեծ պապի և ցեղասպանությունների հոգեբանական հետևանքի` կոլեկտիվ տրավմայի վերաբերյալ:

Պ. Շտայները երեք տարեկան էր, երբ մահացավ Հ. Մորգենթաուն, սակայն հետագայում, ծանոթանալով վերջինիս արխիվին, որոշել է ուսումնասիրել հայոց պատմության այն ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Օսմանյան Թուրրքիայի կողմից կազմակերպված և իրականացված ցեղասպանությանը: Մեկ այլ դեպք, որի արդյունքում Շտայները հոգեբանական տրավմա է ստանում, ուղենշային է դառնում նրա կյանքում, և նա ընտրում է հոգեբանի մասնագիտությունը:

Համադրելով հոգեբանի կարողություններն ու մեծ պապից ժառանգություն ստացած արխիվային փաստաթղթերը, Պ. Շտայները սկսում է զբաղվել Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հոգեբանական բարդույթի` կոլեկտիվ տրավմայի ուսումնասիրությամբ, որն, ինչպես ինքն է ասում, փոխանցվում է սերնդեսերունդ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Պ. Շտայներն այն կարծիքն է հայտնել, որ այդ երկու երկրների լարված հարաբերությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան չընդունի և չհատուցիցեղասպանության հետևանքով հայերի կրած նյութական և բարոյական  վնասները: Այս առումով նա առաջարկեց մի քանի քայլ` ճանաչում, զղջում, չկրկնվելու երաշխիք, փոխհատուցում, հուշարձանների կանգնեցում, փոփոխություններ կրթության ոլորտում, մասնավորոպես` գրականության և պատմության դասագրքերում:

Դասախոսությանը հետևեցին ներկաների բազմաբնույթ հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը: Այս բնույթին հարցերին ի պատասխան Պ. Շտայներն ասաց. «Ես այնքան էլ լավ չեմ տիրապետում ղարաբաղյան հակամարտության նրբություններին, քանի որ նոր եմ ծանոթանում դրա հետ: Սակայն մի բան կարող եմ ասել. փոքր ազգերն ու ժողովուրդները, ինչպիսիք են նաև հայերը, աշխարհին պետք է ներկայանան գիտական նվաճումներով»: