Արցախի պետական համալսարան

tez tez1

Մագիստրանտի ավարտական որակավորման աշխատանքը բարձրագույն մասնագի­տական կրթության երկրորդ եզրափակիչ փուլն է, որը պետք է բնորոշի ապագա մագիստրոսի ոչ միայն ընդհանուր ակադեմիական պատրաստվա­ծությունը, այլ նաև ընտրված մասնագիտության ոլորտում նրա մասնագիտական կարողությունները:

Այսպես է հաստատված ԱրՊՀ գիտական խորհրդի 2014 թվականի հունվարի 31-ին ընդունված «Մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշտպանության» կանոնակարգը:

Մայիսի 18-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ԱրՊՀ-ում ընթանում են նաև մագիստրոսական թեզերի պաշտպանություններ, որոնց ընթացքի մասին պարզաբանումներ արեցինք գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

Վ. Ավանեսյանը մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատում` հաշվի առնելով նաև մասնագիտական առարկայական հանձնաժողովների նախագահների կարծիքները: Թերություններ, սակայն, նկատվում են:

 «Թերացումներ կան ինչպես կազմակերպչական  աշխատանքների, այնպես էլ ընդունված կանոնակարգային դրույթներին չհետևելու առումով»,- վստահեցրեց պրոռեկտորը:

Դրանցից նա առանձնացրեց մի քանիսը. թեզերի թեմաների ոչ կոնկրետ կամ ընդհանրական լինելը, տեխնիկական միջոցներ չօգտագործելը, կանոնակարգային այնպիսի դրութների շրջանցումը, ինչպիսիք են պաշտպանությունից մեկ ամիս առաջ նախապաշտպանություն կազմակերպելը, տասն օր առաջ ամբիոն ներկայացնելը, աշխատանքները համապատասխան բաժին ներկայացնելը, աշխատանքի հիման վրա տեսանյութ պատրաստելը և այլն:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ համալսարանը ձևավորել է էլետրոնային արխիվ, որտեղ պահպանվում են նախորդ տարիների կուրսային, ավարտական և մագիստրոսական աշխատանքները, ինչը նպատակ ունի կանխել հանձնարարվող թեմաների կրկնությունն ու գրագողությունը: