«ԱրՊՀ-ՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏՎՈՒՄ Է ԻԲՐԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ». Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

16.06

2015

asulis mamlo asulis

Հունիսի 16-ին տեղի ունեցավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 7-10-ը Բելգիա կատարած ԱրՊՀ պատվիրակության աշխատանքային այցին:

Հանդիպման սկզբում Մ. Մինասյանը լրագրողներին շնորհակալություն հայտնեց համալսարանական անցուդարձերին արձագանքելու և անաչառ լուսաբանելու համար, ապա անդրադարձավ Արցախի պետական համալսարանի միջբուհական համագործակցության եվրոպական առաջին փորձին, որն իրականություն է դարձել Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հռչակագիր։ 
Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Բրունո Դելվոն։ 
Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։

Ըստ Մ. Մինասյանի`  եռօրյա աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նախանշվել են ԱրՊՀ-ԼԿՀ  համագործակցության երկու հիմնական ուղղություններ` կրթական և հետազոտական: Առաջինը ենթադրում է ուսանողների և դասախոսների փոխանակում: «Հաշվի առնելով երկու համալսարանների հնարավորությունները` օբյեկտիվորեն նպատակահարմար ենք գտել, որպեսզի մեր կողմից փոխանակվեն ուսանողներ, նրանց կղմից` դասախոսներ»,- ասել է Մ. Մինասյանը:

Հաշվի առնելով տնտեսության պահանջարկը` ուսանողների շարժունակության ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենան տնտեսագիտություն և իրավաբանություն բաժինների ուսանողները: Այսպիսի ընտրությունը, ռեկտորի խոսքով, պայմանավորված է նաև նշված բաժինների ուսանողների ունեցած գիտելիքներով, պոտենցիալով և օտար լեզվի իմացությամբ: Այս առումով Մ. Մինասյանը չբացառեց նաև պատմություն բաժնի ուսանողների մասնակցությունը ծրագրին. «1425թ. ստեղծված Լյովենի կաթոլիկ համալսարանում շուրջ 200 տարի գործում է հայագիտության ամբիոնը, որը զբաղվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրով: Ուստի մեծ է հավանականությունը, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում կընդգրկվեն նաև պատմության բաժնի ուսանողները»: Ռեկտորը նաև նշեց, որ ուսանողների շարժունակությունը ուսումնական գործընթացում դժվարություններ չի առաջացնի, քանի որ երկու համալսարաններում էլ տեղայնացված է ուսուցման կրեդիտային համակարգը: Այս հանգամանքը հնարավորություն կտա փոխանցել կրեդիտներն ու շարունակել ուսումը համապատասխան բուհում:  Ծրագիրն, ի դեպ, իրականացվելու է 6-12 ամիս տևողությամբ:

Նշենք նաև, որ Ադրբեջանը այս դեպքում ևս  անտարբեր չէր կարող մնալ և հանգիստ ընդունել այն փաստը, որ Արցախը քայլում է դեպի Եվրոպա: Նախքան ԱրՊՀ պատվիրակության Բելգիա հասնելը, Ադրբեջանը, փորձելով օգտագործել  Բ. Կուլիի ազդեցությունը, նպատակ ուներ կանխել կայանալիք հանդիպումները: Արդբեջանի այս քայլին ի պատասխան Կուլին հայտարարել է, որ հրավերը հենց իրենց կողմից էր:

Համագործակցության հետազոտական ուղղության վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը. «Գնահատելով Արցախի պետական համալսարանի իրական պոտենցիալը և Լյովենի կաթոլիկ համալսարանի հետաքրքրությունների օբյեկտը` հեռանկարային են հատկապես հայագիտական և հնագիտական հետազոտությունները, որով զբաղվում է հենց ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Բեռնար Կուլին»:

Ասուլիսի երկրորդ մասում ԱրՊՀ ռեկտորը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին բուհի ինչպես միջազգային համգործակցությանը, այնպես էլ, համալսարանի ձեռքբերումներին և հաջողություններին, առաջիկա պլաններին, ուսումնական գործընթացին,  սոցհարցումների արդյունքներին,  մասնագիտությունների ցանկին և դիմորդների քանակին, սոցիալական քաղաքականությանը,  բացթողումներին,   կոռուպցիոն ռիսկերին  և այլն: