Արցախի պետական համալսարան

gitxorhurd gitakan xorhurd 

Հունիսի 23-ին ԱրՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի` 2014-15 ուսումնական տարվա վերջին` ամփոփիչ նիստը, որի ընթացքում քննարկվեց օրակարգի նախագծով նախատեսված յոթ հիմնական հարց:

Ռեկտոր Մ. Մինասյանը, ներկայացնելով առաջին երկու հարցերը, որոնք  վերաբերում էին ԱրՊՀ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցմանը և ուսանողի էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրման և օգտագործման կանոնակարգերին, պարզաբանեց դրանց ներդրման անհրաժեշտությունն ու նպատակը, պատասխանեց  ներկաների` քննարկվող կարգերի վերաբերյալ հարցերին: Նշյալ կանոնակարգերն ընդունվեցին միաձայն:

ԱրՊՀ-ի նպաստառու ուսանողների առաջադիմության հաշվառման ու մրցույթի անցկացման,  ուսանողների կրթաթոշակի ու անվանական կրթաթոշակ նշանակելու կարգերի մասին զեկույցով հանդես եկավ ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը: Պրոռեկտորը ներկայացրեց կանոնակարգերի հիմնական դրույթները, որոնք ենթադրում են, որ, հաջորդ ուսումնական տարվանից սկսած, կրթաթոշակի կարժանանան ոչ միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողները, այլ նաև լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և պատշաճ վարքագիծ ունեցողները: Գիտխորհրդի անդամների կարծիքով կարգերն արդարացված էին, ուստի ընդունվեցին միաձայն:

2014-15 ուսումնական տարվա  ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների համապարփակ վերլուծություններ ներկայացրեցին ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը և գիտական ու միջազգային համագործոկցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը: Պրոռեկտորները բավարար գնահատեցին ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները, սակայն մատնանշեցին մի շարք թերություններ, որոնք չէին վրիպել նաև առարկայական հանձնաժողովների նախագահների տեասադշտից: Ներկայացվեցին առարկայական հանձնաժողովների նախագահների գրավոր կարծիքները, որոնք առավելապես վերաբերում էին ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակին, տոմսերում ընդգրկված հարցերին, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների ընտրությանը և այլն: Ընդհանուր տպավորությունը, սակայն, դրական էր:

Օրակարգով նախատեսված վերջին հարցը գիտխորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին էր` կապված ԱրՊՀ երկու ֆակուլտետների դեկանների` Ա. Մխիթարյանի (մանկավարժության ֆակուլտետ) և Գ. Բաղունցի (ճարտարագիտության ֆակուլտետ) ԱԺ պատգամավոր ընտրվելու և ՈՒԽ նախագահ Հ. Մնացականյանի` բուհն ավարտելու հետ:

Նիստի վերջում ռեկտորը շնորհավորեց 2014-15 ուսումնական տարվա բարեհաջող ավարտի կապակցությամբ, հաճելի հանգստյան օրեր մաղթեց և նոր ուսումնականում նոր ձեռքբերումների հույս հայտնեց: