Արցախի պետական համալսարան

SAM 3894 SAM 3903

ԼՂՀ Ազգային ժողովի և ԱրՊՀ նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հանդիպել է ԱրՊՀ-ականներին, հանդես  եկել դասախոսությամբ:

Արցախի մայր բուհում ողջունելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ` ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց Հայկ Դեմոյանի` ցեղասպանագիտության մեջ ունեցած ունեցած ներդրումը:

Օբյեկտիվ պատճառներով հետաձգված այցելությունը Մ. Մինասյանը ուշացած չի համարում, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները չեն կարող սահմանափակվել միայն մեկ էտապով. «Այս և մինչև տարեվերջ տեղի ունենալիք մյուս միջոցառումներն ապահովում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարունակականությունը»,- նշել է ռեկտորը:

«Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքների վերացման արդիականությունը 100 տարի անց» թեմայով դասախոսությունը Հ. Դեմոյանը սկսեց ընթացիկ արդյունքների` ներքին և արտաքին ձեռքբերումների ներկայացմամբ: Մասնավորապես` Ծիծեռնակաբերդի հուշահահամալիրի նոր  հնարավորություններին է անդրադարձել թանգարանի տնօրենը. բուն թանգարանին կից կառուցվել են ժամանակավոր ցուցադրության երկու սրահներ, հայոց ցեղասպանության դասավանդման համար նախատեսված մեկ սրահ, որը կահավորման փուլում է և շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարվանից: Ավելացել են նաև ժամանակավոր և մշտական ցուցադրություններն ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչի շնորհիվ կրկնապատկվել է պատմական ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը: «Միայն 2015-ին կարողացանք աշխարհի 50 մայրաքաղաքներում տարբեր խորագրերով ներկայացնել ժամանակավոր 25 ցուցադրություն: Եվ, բացի այս, ընդգրկված լինելով պետական արարողակարգային այցերում` ցեղասպանության թանգարանը դարձել է ավելին, քան մշակութային վայր: Այն դարձել է քաղաքականության վրա ներազդող գործիք»,- փաստում է Հ. Դեմոյանը:

Պատմաբանը դար առաջ տեղի ունեցած պատմական անցքերին զուգահեռում է Արցախի ներկայիս վիճակը: «Այսօր էլ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ շարունակում ցեղասպանական քաղաքականությունը` այս անգամ ընտրելով այլ ձևաչափ-, ապացուցում է նա` հղում անելով ցեղասպանության կոնվենցիան: Այդ քաղաքականության բաղադրիչներից է ադրբեջանական կողմի որդեգրած քաղաքականությունը, որից մինչև բուն ցեղասպանություն ընդամենը կես քայլ է»:

Հ. Դեմոյանի համոզմամբ, ենթարկվելով ցեղասպանության և գտնվելով իսպառ ոչնչացման վտանգի առջև, մենք առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկենք ցեղասպանությունը կանխարգելելու ուղղությամբ: Խնդիրն առավել հրատապ է տարածաշրջանում, քանի որ վտանգը ամեն պահի կարող է դառնալ իրական: Ուստի մեր նշանաբանը պետէ լինի «Այլևս երբեք…»:

Դասախուսության շրջանակներում ցեղասպանագետն անդրադարձավ նաև «Ինչպես դասավանդել Հայոց ցեղսպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղսպանության թեման» ձեռնարկներին` կարևորելով ձևակերպումների ընտրությունը: Քաղաքական ներկայիս իրավիճակում ցեղասպանության թեմայի ճիշտ մատուցումը ձեռք է բերել հրատապ և լուրջ անվտանգության խնդրի գործառույթ:

Դասախոսության ավարտին երկխոսություն ծավալվեց բանախոսի և ներկաների միջև: Հարցերն առավելապես վերաբերում էին ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, այդ գործընթացի իրավական և բարոյական կողմին, ցեղասպանության տնտեսական հետևանքներին, փոխհատուցմանը, այդ առումով դաշնակից երկրների դիրքորոշմանը, Թորքիայի դրսևորած քաղաքական  վարքագծին և այլն, որոնց հստակ և դիպուկ ձևակերպումներից հաճելիորեն տպավորված էր  թանգարան-ինտիտուտի տնօրենը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: