Արցախի պետական համալսարան

SAM 4050 SAM 4048

Հոկտեմբերի 6-ին ԱրՊՀ-ում կայացել է պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի արցախյան շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի և երիտասրդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ, համալսարանականներ, հյուրեր:

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Առստամյանը, բացելով ցուցահանդեսը, ներկայացրել է հեղինակի` արցախյան հակամարտությանը նվիրված աշխատությունները` առանձնացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը:

«Հեղինակը գիտական հետազոտությունների ոլորտի մեջ է առել  արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները, միջազգային հակամարտության հիմքերն ու դրսևորման ձևերը, ազգային ինքնության հիմնահարցերի ուսումնասիրությունը»,- մանրամասնել է Ա. Առստամյանը:

ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ում անմիջական ջանքերով իրականություն է դարձել նախաձեռնությունը, բարձր է գնահատել Հ. Դեմոյանի ավանդը ցեղասպանագիտության և այդ համատեքստում արցախյան հակամարտության վերաբերյալ պատմական անհերքելի իրողության ուսումնասիրման և լուսաբանման մեջ:

«Ցեղասպանությանը և դրան հաջորդած ոչ փաստացի ցեղասպանական գործողությունների լավագույն պատասխանը ԼՂՀ հռչակումն էր, ապա` այդ նույն հանրապետության զարգացումն ու հզորացումը»,-հավելել է օրենսդիրը:

Իր կենսագրության մեջ պատմական համարելով յոթերորդ այցը, որը հավասար է Արցախի մասին իր աշխատությունների թվին` Հայկ Դեմոյանը ներկայացրեց հետազոտության կարևորությունը, ինչն էլ հանդիսացել է հետազոտության հիմնական դրդապատճառը. «Գիրքը տասնհինգ տարվա իմ գիտահետազոտական աշխատանքի արդյունքն է, որտեղ ներկայացված են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ` դրա ծագումից մինչև մեր օրերը:  Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել ոչ հանրածանոթ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հիշյալ խնդրի վրա»:

Հայկ Դեմոյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է նաև հայ ռազմարվեստին, հայկական ազգային խորհրդանշաններին և զինանշանագիտությանն առնչվող հիմնահարցերը, որոնց վերաբերյալ հրատարակումների մի զգալի քանակաություն հեղինակը նվիրել է բուհերին, դրպոցներին և գրադարաններին` խոստանալով, որ հաջորդ հասցեատերը լինելու է սահմաին կանգնած զինվորը: