ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՐՊՀ-ՈՒՄ

18.11

2015

ysanox usanox

Նոյեմբերի 17-ին ԱրՊՀ-ում ուսանողների ջանքերով և մասնակցությամբ կազմակերպվել էր  տոնական միջոցառում` նվիրված Ուսանողի միջազգային օրվան:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Նախքան տոնական համերգային միջոցառումը ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպել է մի խումբ ուսանողների հետ, ովքեր ուսումնառության ընթացքում ցուցաբերած ակադեմիական առաջադիմության, հասարակական ակտիվության և պատշաճ վարքագծի դրսևորման համար ռեկտորի կողմից խրախուսվել են նյութական պարգևներով և նվերներով: Առանձին նվերներով են խրախուսվել ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարները` ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախագահները:

Մ. Մինասյանը շնորհավորել է ներկաներին, նրանց հետ կիսվել ժամանակակից ուսանողի իր տեսլականով. «Համալսարանում ակադեմիական առաջադիմությամբ շատ ուսանողներ կան, սակայն, չնայած բուհի հիմնական նպատակը կրթությունն է, քաղաքացու դաստիրակությունը պակաս կարևոր չէ: Ուստի հերթական անգամ կոչ եմ անում ուսանողական տարիներին վերաբերել իբրև ինքնաբացահայտման և ինքնադրսևորման լավագույն ժամանակի»,- ասել է ռեկտորը:

ՈւՇՀՀՏԱ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ևս շնորհավորել է ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթել հագեցած ուսանողական տարիներ և նվաճումներ: «Արցախի պետական համալսարանն այն ուղու վրա է, որ տանում է դեպի հաղթանակներ` կրթության և գիտության ճանապարհով»,- ավելացրել է նա:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է տոնական միջոցառումը, որը բացվել է  ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով: «Ապագայի հիմքերը դրվում են բուհական կրթության մեջ, ուստի լիարժեք օգտագործեք ընձեռնված հնարավորությունն ու առավելագույնս գիտելիքներ ստացեք, որոնք ձեզ պետք են գալու մասնագիտական հաջողությունների ճանապարհին»:

Ռեկտոր Մ. Մինասյանը ուսանողներին շնորհավորել է նաև լայն լսարանին` հույս հայտնելով, որ հետևելով ՀՀ օրինակին ԼՂՀ կառավարությունը ևս քայլեր է ձեռնարկելու օրացույցում ուսանողների ազգային տոն առանձնացնելու համար:

ԱրՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը հագեցած էր տարբեր ժամանակների երաժշտական, պարային համարներով և հումորային համարներով, որոնք ներկայացնում էին համալսարանի առօրյան, խնդիրներն ու ամենաքննարկվող թեմաները: Հումորային համարներն, ի դեպ, պատրաստել էր արդեն երկրորդ տարին գործող ուրախների և հնարամիտների ակումբը: Հանդիսատեսին անտարբեր չթողեց նաև ընթացիկ ուսումնական տարվանից գործող ազգագրական պարերի խմբակի անդրանիկ ելույթը: