«ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է». Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20.11

2015

 handipum 

Նոյեմբերի 19-ին կայացել է ավանդական դարձած հանդիպումներից մեկը. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱրՊՀ տնտեսագիտության մասնագիտության մի խումբ ուսանողների:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Իրինա Իշխանյանը, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյան:

Արայիկ Հարությունյանն ապագա տնտեսագետների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկա և ապագա վիճակին` ծավալվելով հատկապես տնտեսական աճի առումով, որը կազմում է 7,8 %: Վարչապետի խոսքով տնտեսական աճի ցուցանիշը հիմնականում պայմանավորում է գյուղատնտեսությունը, ապա հանքաարդյունաբերությունը, իսկ տնտեսության մյուս ճյուղերի ազդեցությունը համեմատաբար ավելի նվազ է. «Տնտեսական աճի մասին խոսում են պետական բյուջե մուտք գործած եկամուտները»,- հավելել է նա:

Գործադիրի ղեկավարը ուսանողների հետ կիսվել է կառավարության կողմից  մշակված և մշակվող, գործարկվող և գործարկվելիք մի շարք ծրագրերով, ինչպես նաև տնտեսության խթանման և զարգացման հեռանկարների վերաբերյալ ունեցած իր մոտեցումներով:

Արայիկ Հարությունյանը տնտեսության զարգացման համար լավագույն հիմքեր տեսնում է երեք ուղղություններով` հանքաարդյունաբերություն, որ ամենախոշոր ուղղությունն է,  գյուղատնտեսություն, արդյունաբերություն, մասնավորապես` հիդրոէլեկտրաէներգետիկա: Չնայած նշված ուղղությունների` տնտեսության գերակա ճյուղ դառնալու բոլոր հնարավոր պայմանների և գործիքակազմի առկայությանը` վարչապետն, այնուամենայնիվ, մտահոգություններ ունի:

 «Նշյալ և բոլոր մյուս ճյուղերում մենք աշխատուժի խնդիր ունենք, ինչը նշանակում է, որ առայժմ մեզ չի հաջողվում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում մասնագիտությունների ցանկ ձևավորել` ըստ աշխատաշուկայի պահանջների»,- նշել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ակտիվ հարց ու պատասխան ծավալվեց ուսանողների և  գործադրի ղեկավարի միջև: Ուսանողներին ամենաշատը հետքարքրող` կադրային քաղաքականության վերաբերյալ կառավարության մոտեցումների և կադրային փոխատեղման վերաբերյալ հարցին Ա. Հարությունյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ է մեզ պետք, այսինքն` ինչ մասնագետների կարիք ունենք, ապա ձևավորենք մասնագիտությունների ցանկ: Այս դեպքում ակնկալվող արդյունքը երկուստեք շահավետ կարող է լինել. պետությունը կլրացնի այս կամ այն ոլորտում առկա մասնագետների պակասը, միևնույն ժամանակ կնվազի երիտասարդների գործազրկության ցուցանիշը»:

Աշխատուժի և հետևաբար` աշխատատեղի խնդիրը լուծելու համար վարչապետն ուսանողներին խորհուրդ տվեց զերծ մնալ բացառապես գրասենյակային աշխատանք փնտրելուց. «Այսօր ուսանողը ակամա բեռ է դառնում ծնողների համար` փոխանակ աշխատանք փնտրելու և ֆինանսական որոշ հարցեր ինքնուրույն լուծելու: Աշխատատեղը գրասենյակը չէ, աշխատատեղը գյուղատնտեսությունն է»: Այս առումով նա կոչ արեց բուհի ղեկավարությանը համապատասխան գաղափարական քարոզչություն տանել:

Ուսանողներին հետաքրքրում էին նաև գյուղի աջակցությանն ու գյուղատնտեսության զարգացման ծրագրերի, հիպոթեքային վարկավորման և եկամտահարկի վերադարձման, 2008-09 թթ. բանկային ճգնաժամի և դրա հետևանքով բանկերի վարկային քաղաքականության, խոշոր հարկատուների և պետական բյուջեի, ներմուծման և արտահանման, տնտեսական շարժի, ՀՀ-ԼՂՀ տնտեսական կապերի և այլնի վերաբերյալ հարցեր, որոնց տրվել են  փաստացի պատասխաններ:

Հանդիպման վերջում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումներին ավանդական բնույթ տալու, ցուցաբերած պատրաստակամության համար և հույս հայտնեց, որ հանդիպումները չեն սահմանափակվելու միայն այս ձևաչափով: