Սեպտեմբերյան լուսավոր ու ջերմառատ կիրակին հետաքրքիր ու հիշարժան էր ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար:
Մանկավարժության 4-րդ կուրսի ուսանողների համար արդեն իսկ սրտամոտ ու հարազատ դարձած դասախոսի` Ա. Բարսեղյանի ընկերակցությունը բազմաթիվ նախաձեռնությունների ծնունդ էր տվել: Հերթական պատմաճանաչողական մոտեցումը ծրարվեց դեպի Հունոտի կիրճ: Ուսանողներից և ոչ մեկը դեռևս չէր եղել ու մոտիկից հիացել բնության ներդաշնակությամբ: Դա էլ առիթ էր ստեղծված հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու: ԱրՊՀ ՈՒՀՏԱ ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Ա.Հակոբյանի ղեկավարությամբ ապագա մանկավարժները արկածախնդրության հետքերով ունեցան պատմաճանաչողական արշավ դեպի բնության գողտրիկ անկյուններից մեկը` Հունոտի կիրճը: Ստացված վառ ու թարմ տպավորություններով էլ ուսանողները կիսվել են իրենց արձագանքներում:
Բնությունը մեզ օժտել է բանականությամբ, որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները: Առաջին անգամ եմ այցելել Հունոտի կիրճ: Այն իսկական դրախտ է և հիացնում է իր վեհ գեղեցկությամբ: Ղարաբաղի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Նրա գրավչությունը ձգող է և հրապուրել է ինձ: Վերադարձել եմ տպավորված և հիացած:
Ռադա Ադամյան
Բնության ուժն անսահման է: Իրոք որ բնությունը կարող է հրաշքներ գործել: Բնական գեղեցկությամբ հիանալու այդքան ցանկալի և գայթակղիչ տեսարանով: Շատ անգամ էի լսել, բայց ականատեսի աչքերն այլ բան են ասում:
Անուշ Պետրոսյան
Չգիտես ինչ բառերով վերծանես բնության այս հրաշքը: Բնությունը դեռ շատ առեղծվածներ ունի, որն անհամբեր սպասում է էությամբ արկածախնդիր իր վերծանողներին: Հրաշագեղ այս բնապատկերը շատ հանգիստ կարելի է դասել բնության 7 հրաշալիքների խմբում: Շատ տպավորված եմ և ուրախ, որ այդ հնարավորությունն ընձեռվեց մեզ:
Լիլիթ Պետրոսյան
Բոլորս շատ հաճելի կիրակի վայելեցինք: Այն անկասկած կմնա մեր հիշարժան պատմությունների և հիշողությունների գրկում: Անգամ բնությունը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ: Օրն ուղղակի անկրկնելի էր: Սկզբում զով էր, սակայն քիչ անց արևի շողերն իրենց գիրկն առան մեզ առատ ջերմությամբ: Շատ տպավորված եմ և կցանկանայի հաջորդ պատմաճանաչողական այցը նույնպես ընդգրկեր Արցախի գողտրիկ անկյուններից մեկը:
Շահանե Արզումանյան
Սա կարելի է նաև համարել տեսականի և գործնականի համատեղություն: Կամ, ինչպես ասում են, հաճելիի և օգտակարի համատեղում: Երկու տարբերակներն էլ գործող են այս պարագայում: Կցանկանայինք, որպեսզի նախաձեռնությունը կրի շարունակական բնույթ: Արցախի պատմական անցյալը շատ հագեցված է ու հարուստ: Հուսով ենք հաջորդ կանգառը ևս բնության ներդաշնակ պարգևներից մեկը կլինի:
Մարիաննա Ջաբյան
Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ