Մի քանի տարի առաջ էր…
ԱրՊՀ-ի մի խումբ դասախոսներ և ուսանողներ եկել էին Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց` հանդիպելու աշակերտների հետ: Պատվիրակության անդամները պատմեցին Արցախի մայր բուհի կազմավորման, զարգացման և կայացման, կառուցվածքի, կադրերի և այլնի մասին, արժեքավոր խորհուրդներ տվեցին մասնագիտական ճիշտ կողմնորոշման վերաբերյալ: Ինձ թվաց նրանք շատ զարմացան, երբ ես հարցրեցի, թե ինչպես կարելի է դառնալ ուսանողական խորհոդի անդամ: Ուսանողական խորհրդի նախագահը, ով ևս պատվիրակաության կազմում էր, պատասխանեց, որ դրա համար հատուկ ջանքեր պետք չեն. պարզապես պետք է լինել ակտիվ և նախաձեռնող: Այսօր ես ուսանողական խորհրդի անդամ եմ և, խոստմանս հավատարիմ, ակտիվորեն մասնակցում եմ համալսարանական միջոցառումներին: Հերթականը շաբաթօրյակ- էքսկուրսիա էր դեպի գանձասար:
Ինչպես գիտենք,գանձասարի վանքի հարևանությամբ կառուցվել է մատենադարանի շենք և այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Եվ ահա մենք ԱրՊՀ-ի 50 ուսանողներս այնտեղ ենք` մատենադարանի շենքում: Անչափ ուրախ ենք, որ մենք էլ կարող ենք մեր փոքրիկ ներդրումն անել աշխատանքներն արագ ավարտելու գործում: Միայն երիտասարդներին հատուկ խանդավառությամբ մաքրեցինք շենքի ներսը շինարարական աղբից` հույս ունենալով, որ մեր հաջորդ այցին արդեն կշրջենք ցուցասրահներում և կտեսնենք Ղարաբաղի մասին պատմող մատյանները և զանազան վավերաթղթերը:
Մեր ժողովուրդը միշտ էլ առանձին հոգածությամբ է վերաբերվել գրին և դպրությանը: Որոշ ՙհռետորներ» կարող են ասել, որ այսօր Արցախում մատենադարան կառուցելու ժամանակը չէ. երկիրը սոցիալական և տնտեսական լուրջ հարցեր ունի լուծելու: Բայց ինձ թվում է, որ Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակը մենք պետք է ամրապնդենք հենց պատմամշակութային օջախներ ստեղծելով:
Էքսկուրսիայի ճանաչողական նշանակությունը լիարժեք էր: Կցանկանայինք, որ նման էքսկուրսիաներ շատ կազմակերպվեն, իսկ գուցե մի օր էլ հնարավորություն ընձեռնվի լինել նաև Արևմտյան Հայաստանում:
Մայա Հայրապետյան
Հ.լ./գրակ. 1