Արցախի պետական համալսարան

   Այս տարի իրականություն դարձավ իմ ամենամեծ երազանքը....

ես ընդունվեցի ԱրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը: Միթե կա ավելի մեծ երջանկություն, քան լինել երիտասարդ և լինել ուսանող: Մենք ակնկալում ենք ստանալ կայուն գիտելիքներ և ունենալ հետաքրքիր առօրյա: Չնայած ուսումնական տարվա սկզբից անցել է ընդամենը 2 ամիս, սակայն մեր սպասումներն արդեն իսկ իրականություն են դառնում: Մեր կուրսղեկ Զ. Բալայանը ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է մեզ: Նա գտնում է, որ անպայմանորեն պետք է զուգակցել հաճելին և օգտակարը: Այս նպատակն էր հետապնդում նաև հոկտեմբերի 23-ին կազմակերպված էքսկուրսիան  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան:

Ինչպես քերթողահայր Խորենացին է «Հայոց պատմության» մեջ ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը` նրա կազմավորման ժամանակներից մինչև իր ապրած օրերը, այնպես էլ  պատմաերկրագիտական թնագարանն    այն    միակ մշակութային վայրն է, որտեղ ներկայացված է Արցախի պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցադրվող ավելի քան 50 հազար նմուշները խոսում են մեր արմատների և կենսագրության մասին, ի լուր աշխարհի ազդարարում, որ հայերս բնիկ ժողովուրդ ենք` պատմական Հայաստանի տասերորդ նահանգի բնակիչներոչ թե եկվորներ, ինչը համռորեն ուզում են հաստատել մեր հարևան Ադրբեջանի «վայ-պատմաբանները»:

Ուրեմն, մեծ և անգնահատելի է թանգարանի առաքելությունը ազգային դիմագծի պահպանման և ներկայացման գործում: Ճիշտ է, թանգարան նախկինում էլ էինք այցելել, բայց այս անգամ ամեն ինչ այլ թվաց: Պատճառն այն է, գուցե, որ հասուն մոտեցում կար և առավել խորքային ընկալում: Ինձ հատկապես դուր եկավ թանգարանի միջնադարյան բաժինը: Այն սկսվում է հայոց առաջին փիլիսոփագրիգոր Լուսավորչի` Արցախում հիմանադրած առաջին եկեղեցիներից մեկի` Ամարասի լուսանկարի ու համապատասխան քարտեզի ցուցադրությամբ: Ամարասը մեզ համար առանձնակի սրբություն է, որովհետև այստեղ Մեսրոպ Մաշտոցը բացեց Արցախի առաջին դպրոցը: Տեղին է մեջբերել Սևակի տողերը.

Անցյալին պարզված դու մեր լուսափող,

Եվ մեր խոսափող` գալիքին ուղղված,

Դու մեր սրբուտյուն` կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված:

Թանգարանից դուրս եկանք վառ տպավորություններով և պարբերաբար նման այցելություններ կազմակերպելու պայմանավորվածությամբ:

Մայա Հայրապետյան

Հ.լ./գրակ