ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՈՒՍԱՆՈՂ

08.12

2015

Ուսանողներին նվիրված տոն օրվա պատմությունը կապված է...

երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ. 1939 թվականի նոյեմբերի 17-ին գերմանական զորքերը օկուպացված Չեխիայում դաժանորեն ճնշեցին ուսանողների բողոքի ալիքը: Այդ օրը ֆաշիստները ձերբակալեցին և համակենտրոնացման ճամբարներ ուղարկեցին հազար երկու հարյուրից ավելի ուսանողների և դասախոսների, ինը ուսանողների և ուսանողական շարժման ակտիվիստների առանց դատ ու դատաստանի գնդակահարեցին բանտում: Հիտլերի հրամանով մինչև պատերազմի ավարտը փակվեցին չեխական բարձրագույն բոլոր ուսումնական հաստատությունները:     

1941 թվականի նոյեմբերի 17-ին Ուսանողների համաշխարհային կոնգրեսում որոշվեց օրը նշել որպես Ուսանողի օր: Իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացվող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը պաշտոնապես հռչակեց Ուսանողության միջազգային օր:     

Տասնամյակներ շարունակ աշխարհի բոլոր ուսանողներն ակտիվորեն ներգրավված են ինչպես իրենց երկրի ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորացումը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով զինված երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության  առաջընթացը:

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:

Արցախցի ուսանողներն այսօր քայլում են երկրի հասարակական կյանքի զարգացմանը համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու անմիջական իրականացնողը: Իսկ թե ինչպիսին կլինի Արցախի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:            

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ԼՂՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում անսպառ եռանդ, անկոտրում կամք, հաջողություններ ուսման մեջ:

 Երբեք չհուսահատվենք. դժվարությունների հանդիպում են բոլորը, բայց ոչ բոլորն են կամքի ուժ դրսևորում դրանք հաղթահարելու ճանապարհին:

 Չմոռանանք` ուսանողի հիմնական առաքելությունը կրթությունն է:

Թագուհի Մանուկյան

Մանկավարժություն 2