ՄԱՅՐ ԴՊՐԱՆՈՑ-200

08.12

2015

Նոյեմբերի 24-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի երկրորդ կուրսի ուսանողների կողմից կազմակերպվել էր գիտական ընթերցումներ` նվիրված Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին:

 

Միջոցառմանը ներկա  էին հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հասմիկ Ղազարյանըֆակուլտետի դասախոսական կազմը, ուսանողներ:

Ուսանողները հանդես եկան ելույթներով, որոնցում անդրադարձել էին հայագիտական և արևելագիտական երբեմնի կենտրոն Լազարյան ճեմարանը հիմնադրմանը, նպատակներին, խնդիրներին, կրթության բովանդակությանն ու մեթոդներին, մասնագիտական ուսուցմանը, աշակերտական, դասատուական և ղեկավար կազմին, թողած գիտական հարուստ ժառանգությանը, ձևավորած գաղափարական մթնոլորտին, ինչպես նաև ճեմարանի ունեցած դերակատարությանը հայ-ռուսական մշակութալուսավորչական փոխառնչություններին:

Հիմնադրվելով և գործնեություն ծավալելով օտար միջավայրում` Լազարյան ճեմարանն իր մեկդարյա գոյության ընթացքում բացառիկ և կարևոր դեր է խաղացել հայագիտության, արևելագիտության, հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման, հայ երիտասարդությանը ռուս և եվրոպական առաջավոր հասարակական-քաղաքական շարժումներին հաղորդակից դարձնելու գործում: Հակառակ ամեն տեսակի միջամտությունների` ճեմարանը անվարան հետևել է իր գլխավոր նպատակին` ծառայել հայ ժողովրդի լուսավորության գործին: Եվ պատահական չէ, որ այն մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց

դպրոցաց» անուններով:

Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ իրականությունը հաղորդակցվել է ռուսական և եվրոպական կրթական առաջավոր մտքին: Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը: Ճեմարանն ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն, ինչպես նաև հայ մամուլը հեղաշրջած «Հյուսիսափայլ» պարբերականը: Լազարյան ճեմարանին կից գործում էր թատրոն:

Միջոցառման ավարտին հնչեցված  շնորհակալանքի և գովասանքի  խոսքերի հասցեատերերը ուսանողներն էին, որոնց ամնիջական ջանքերով կյանքի էր կոչվել նախաձեռնությունը` նշանավորել հայ խոշոր գիտակրթական օջախներից մեկի հիմնադրումը:

«Լազարյան ճեմարանի գործնեությունը բավականին լուրջ ներդրում էր հայագիտության զարգացման և կայացման գործում, ուստի նպատակային և արդարացված եմ համարում նրա անցած ուղուն անդրադառնալը: Թող նման բազմաբովանդակ նախաձեռնությունները վարակիչ լինեն նաև մյուսների համար»,- ասել է հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հ. Ղազարյանը:

 

Էլինա Մովսիսյան

Լրագրություն 4

Обновлено 09.12.2015 09:45