Արցախի պետական համալսարան

26685

Նոյեմբերի 21-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում` Գանձասարի վանական համալիրում, տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հոգևորականներ, գիտական, հասարակական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից:

Բացման արարողությանը զուգահեռ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը:

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է Արցախի մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանին, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ, մեկենաս Գաբրիել Չեմբերջյանին:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը իր ելույթում կարևորել է գաղափարի իրողություն դառնալը հատկապես` Գանձասարում, որը մեր հավատքի, առ Աստված և առ հայրենիք մեր սիրո և մեր հարատևության խորհրդանիշն է: «Որ Գանձասարը հայ գրչության հնագույն նշանավոր կենտրոններից է եղել, այսուհետ վկայելու են նաև եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրություններն ու  գրվածքներըԳանձասարի ձեռագրատանը դարեր առաջ ստեղծված արժեքավոր ձեռագիր մատյանները, վավերագրերը կպահվեն մատենադարանի առաջին ցուցասրահում»:           

Արցախում մատենադարան հիմնելու գաղափարը իրագործվել է Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Երևանի Մատենադարանի ակտիվ օժանդակությամբ:

Նոննա Գևորգյան

Մելինե Մուսայելյան

Լրագրություն 3