ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏ

29.12

2015

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱրՊՀ Գիտական խորհրդի ընթացիկ տարվա վերջին նիստը:

Գիտխորհրդի նիստը մեկնարկել է հաճելի արարողությամբ. ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը նախարարության կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակներին խրախուսել է դրամական պարգևներով: Մրցույթում լավագույնն էին ճանաչվել տ.գ.դ., պրոֆեսոր,  քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռուդոլֆ Իսրայելյանի հեղինակած «Oсновы организации в горных условиях» և բ.գ.թ., դոցենտ Սիլվա Մինասյանի «Հովհաննես Շիրազ» գրքերը:

Օրակարգով նախատեսված առաջին հարցը վերաբերում էր 2015 ֆինանսական տարվա հաշվետվությանը և 2016թ. նախահաշվի նախագծին, որը ներկայացրեց ռեկտոր Մանուշ Մինասյանը:

ԱրՊՀ «Պարգևների և պատվավոր կոչումների շնորհման», Ուսանողական խորհրդի» կարգերում փոփոխություններ կատարելու և «Գիտամանկավարժական պրակտիկայի» կանոնակարգը հաստատելու վերաբերյալ հարցերը հաստատվեցին միաձայն:

Տարեվերջյան նիստում նախատեսված էին խորհրդին կից գործող հանձնաժողովների կիսամյակային, ինչպես նաև ամբիոնի գործունեության տարեկան հաշվետություններըՈրոշվեց գիտխորհրդին կից գործող 5 հանձնաժողովների նախագահների և կենսաբանության ու մաթեմատիկայի ամբիոնների հաշվետվությունները գնահատել բավարար և հաստատել:

Ամբիոնի վարիչների հաշվետվության կապակցությամբ կրթության, գիտության և սպորտի նախարարը որոշակի դիտարկումներ արեց ուսումնական պլանների մանկավարժական ուղղվածության, հանրակրական դպրոցների ուսուցիչների թափուր պաշտոնների տեղակալման, հետադարձ կապի հաստատման և այլնի վերաբերյալ: Ըստ նախարարի, բուհ-դպրոց կապը պետք է հասցնել այն մակարդակի, որ երկուստեք շահագրգռվածություն առաջանա. դպրոցը բուհին ապահովի ուսանողներով, բուհը դպրոցին` որակյալ մանկավարժներով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև համալսարանի խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Արդյունքում խորհրդի երկու անդամների` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ թափուր պաշտոնները համալրել են ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը և  տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը:

Դոցենտի կոչում ստանալու նպատակով Անահիտ Գրիգորյանի և Գուրգեն Նալբանդյանի հայցը և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի փաթեթը քննարկելուց հետո կազմակերպված փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց ընթացքավորել: