ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՕՏԱՐ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ

25.02

2016

SAM 6079   SAM 6086

ԱրՊՀ ղեկավարության աջակցությամբ կյանքի կոչված «Ոչ ֆորմալ կրթության զարգացման պետական ծրագրի» շրջանակներում փետրվարի 25-ին համալսարանում հյուրընկալվել էր կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆ. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոցենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, բնագիտական ֆակուլտետի անձնակազմը, բժիշկներ, ուսանողներ, հյուրեր:

Ռեկտոր Մ. Մինասյանը, բացելով հանդիպումը, հերթական անգամ ընդգծել է ոչ ֆորմալ կրթության ծրագրերի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Կ. Օհանջանյանին` նախաձեռնության, ԼՂՀ կառավարությանը` աջակցության համար:

Ներկայացնելով Կ. Եպիսկոպոսյանին` Մ. Մինասյանը նշել է վերջինիս ոչ միայն գիտական հետաքրքրություններն ու կատարած հետազոտությունները, այլև այն, որ նա նախկինում մի կարժ ժամանակահատված ղեկավարել է Արցախի պետական համալսարանը:

Հայկական գենոֆոնդի գիտական ուսումնասիրության, հայերի կազմավորման վարկածների, այլ ժողովուրդների հետ գենետիկական կապերի, իգրեկ-քրոմոսոմ հայրական, միտոքոնդրիալ մայրական, հայկական գանգի և հայ ժողովրդի գենետիկական պատմության մի շարք այլ  խնդիրների շուրջ Լ. Եպիսկոպոսյանը հանդես է եկել գենետիկական ուսումնասիրության մի քանի կարևոր դրույթների և հետազոտության արդյունքների ներկայացմամբ:

Համաձայն գիտական հետազոտությունների` հայ ժողովրդի գենոֆոնդը ներառում է տոհմագծերի հսկայական բազմազանություն, ինչը վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը մեծ թվով հիմնադիր հայրեր է ունեցել: Այսպիսով, սակայն, հակասություն է առաջանում Ոսկեդարից մեզ հասած Հայկ նահապետի առասպելի և ներկայացվող հետազոտության արդյունքների միջև, ինչի վերաբերյալ  հետազոտողն իր սեփական կարծիքն ունի, որն ապացուցվում է իրենց իսկ կողմից կազմված քարտեզով: «Գենետիկայի տեսանկյունից այն բանի հավանականությունը, որ ժողովուրդը կարող է ունենալ մեկ նախահայր, հավասարվում է զրոյի»,- ասել է նա:

Հայկական իգրեկ-քրոմոսոմների մեծ մասը պատկանում են նեոլիթյան դարաշրջանում ծագած և հետագայում տարածված տոհմագծերին: Ինչ վերաբերում է հայկական գենոֆոնդին, ապա, ըստ Լ. Եպիսկոպոսյանի, այն վերջին հազարամյակում արտաքին գենետիկական փոփոխության գրեթե չի ենթարկվել` չնայած բազմաթիվ ներխուժումների: Հայերի գենետիկական շփումները խոչընդոտող առավել հավանական պատճառները գիտնականը համարում է Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, քրիստոնեության վաղ ընդունումը և խիստ արտահայտված էթնո-մշակութային ինքնության ձևավորվածությունը:

Նպատակ ունենալով վերականգնել պատմական Հայաստանի գենետիկական խճանկարը և կազմել Հայաստանի գենետիկական քարտեզը, որը կվերարտադրի Հայկական լեռնաշխարհի տարածքում հազարամյակների ընթացքում բարգավաճած հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը` Լ. Եպիսկոպոսյանը դժվարությունների է հանդիպում` կապված  հատկապես պատմական Հայաստանի արևմտյան հատվածի հետ: Այս մասում ուսումնասիրությունները դեռևս նմուշառման փուլում են:

Անդրադառնալով Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությանը` գիտնականը նշել է, որ գենետիկայի տեսանկյունից չկան առանձին գծեր, որոնցով տարբերվում են ցեղասպանություն ապրած ժողովուրդները, և այն հետք չի թողնում ժողովրդի գենետիկ պատմության վրա. «Ցեղասպանությունը պարզապես փոքրացրել է մեր բազմազանությունը` քանակական և բազմազանության առումով»:

Լ. Եպիսկոպոսյանի պնդմամբ, գիտության մեջ չկան ապացույցներ, որ գոյություն ունի գենետիկական հիշողություն: Իսկ արտացոլումները երաժշտության, գրականության և, ընդհանրապես, մշակույթի մեջ սոցիալազացման հետևանքն են:

Պատմական Հայաստանի գենետիկական պատմության ուսումնասիրության մեջ ներգրավվել են նաև օտարազգի գիտնականներ հիմնականում այն պատճառով, որպեսզի նվազագույնի հասցվեն արդյունքների ու եզրահանգումների` քաղաքական շահարկումների առարկա դառնալու ռիսկերը:

Ներկաների մտահոգությունը, թե արդյոք արտաքին գենետիկական ազդեցությունների բացակայությունը չի հանգեցնի ժառանգական հիվանդությունների հաճախականության, Լ. Եպիսկոպոսյանը արդարացված համարեց: Սակայն, ըստ նրա կանախտեսումների, առաջիկա մի քանի հազարամյակների ընթացքում մեզ դա չի սպառնում` մեծ թվով հիմնադիր հայրեր ունենալու պատճառով:

Իսկ հարցին, թե ինչ են պատրաստվում անել հետազոտության արդյունքների հետ, բացի այն, որ կիրառելի է քաղաքական նկատառումներով, գիտնականը պատասխանել է. «Գիտությունը ամբողջական և վերջնական պատասխան այս կամ այն հարցին տալ չի կարող: Գիտությունը նոր հարցեր է առաջադրում: Եվ եթե մեր աշխատանքի արդյունքը տվել է գոնե մեկ հարցի պատասխան, այն էապացուցել է, որ հայերը բնիկ ժողովուրդ են, ոչ թե եկվոր, նշանակում է` մեր ջանքերն ապարդյուն չէին»:

Հարցերից բացի եղան նաև առաջարկներ. առաջարկվեց հետազոտության առաջին` նմուշառման փուլում ներգրավել նաև Արցախի պետական համալսարանի ուսանողության ներուժը, ինչին տրվեց դրական պատասխան:

***

Նելլի Հովհաննիսյանը «Մարդու գենոմը» թեմայով դասախոսությամբ անդրադարձել է մարդու գենոմի, դրա պարունակության, գենետիկ ինֆորմացիայի և դրա կիրառական նշանակության արդիական մի շարք խնդիրների:

Ըստ բանախոսի, գենոմը վաղուց է տարբեր երկրների գիտնականների ուսումնասիրության առարկա դարձել: Չնայած Հայաստանում դրա հիմքերը նոր-նոր են դրվում` այնուամենայնիվ, այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում:

«Այսօր աշխարհում նման աշխատանքները շատ են կարևորվում, քանի որ դրանք դիտարկվում են ոչ միայն որպես զուտ հիմնարար գիտելիք, այլ նաև կիրառական տեսանկյունից` մարդու օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար»,- նշել է Ն. Հովհաննիսյանը:

Կանգ առնելով հատկապես գենոնի պարունակության ուսումնասիրության կիրառական նշանակության վրա` Ն. Հովհաննիսյանը նշել է, որ այն լայն կիրառություն ունի հատկապես դեղարտադրության ոլորտում: Այս առումով զուգահեռաբար ընդգծվեց գենոթերապիայի նշանակության կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում ճիշտ ախտորոշելու պարբերական հիվանդությունները։ Գենային ախտորոշումը ծառայում է հիվանդությունների նախատրամադրվածության կանխատեսմանը, դեղորայքային բուժման կազմակերպմանը, կանխարգելմանը, բուժման ռիսկերի գնահատմանը և այլն։ «Հիվանդությունը ժառանգական է և պայմանավորված է մեկ գենային մուտացիայով։ Այն աուտոսոմ ռեցեսիվ ձևով է փոխանցվում, այսինքն՝ երկու ծնողները կարող են առողջ լինել, բայց հանդիսանան հիվանդության կրողներ, այդպիսով փոխանցեն երեխային»,- մանրամասնել է կենսաբանը։

Հանդիպման վերջում Ն. Հովհաննիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում: