Անկախության 20 տարիների ընթացքում արտասովոր ուժով, խելքով, հնարամտությամբ կամ այլ հատկություններով աչքի ընկած հայերի մասին այսուհետեւ հնարավոր է տեղեկություններ իմանալ հայկական դյուցազնագրքի միջոցով:
Գինեսի ռեկորդների գիրքը հիշեցնող «Դյուցազնագրքում» ներկայացված են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ամենահայտնի նվաճումները: Այդ նվաճումների շարքը համալրում է ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռաֆիկ Սարգսյանի աշխատանքը:
Ռ. Սարգսյանին ընկերների և համախոհների շնորհիվ հաջողվել է կյանքի կոչել 160 սմ x135սմ չափսի Հայկական լեռնաշխարհի ռելիեֆ-քարտեզ կազմելու գաղափարը:
«Յուրաքանչյուր զտարյուն հայի ուղեղի մի կետում «նստած է» ծովից ծով Հայաստանի կարոտը և այն ամեն մեկս յուրովի ենք արտահայտում: Իմ դեպքում այդ կարոտը ծնունդ տվեց մի գաղափարի, որի իրականացման բուն նպատակը ոչ այնքան դյուցազունների շարքին դասվելն էր, որքան ազգանպաստ գործ կատարելը»,- այսպես է Ռ. Սարգսյանը մեկնաբանում հայկական լեռնաշխարհի ռելիեֆ-քարտեզի ստեղծումը: