ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

12.03

2016

IMG 3572  IMG 3583

«Ոչ ֆորմալ կրթության ծրագրի» շրջանակներում մարտի 11-ին ԱրՊՀ-ում հյուրընկալված արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը համալսարանականների հետ քննարկել է քաղաքականության արդիական մի շարք խնդիրներ:

Հանդես գալով «Արդի քաղաքականության հիմնախնդիրներ» թեմայով դասախոսությամբ` Շ. Քոչարյանը անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերին, մասնավորապես` մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ֆոնի վրա մեր` հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, հանրապետության ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, ինքնորոշմանն ու միջազգային ճանաչմանը և այլն:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին` դիվանագետն այն կարծիքն է հայտնել, թե նրա ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի, Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ` առանցքում ունենալով Արցախի հիմնախնդրի կարգավորումը. «Ներկայումս կարևորագույնը Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ հայության պատմական հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից»,- ասել է նա:

Դիվանագետն Արցախի անկախության և ճանչման համար տեսնում է բոլոր նախադրյալները, հատկապես` ազատ արտահայտված կամքը, և այն գործնականում կյանքի կոչելու համար հղում կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որով ամրագրված են կազմակերպության հիմնական նպատակները` միջազգային խաղաղության պահպանում, ժողովուրդների իրավահավասարություն և հարգանք ազգերի ինքնորոշման սկզբունքի հանդեպ: Այստեղից եզրակացնում ենք, որ Արցախն ունի ինքնորոշվելու միջազգային իրավունք, իսկ  հարևան Ադրբեջանը նույնքան պարտավորություն` որևէ կերպ չխոչընդոտելու այդ գործընթացը:

Այս առումով փոխարտգործնախարարը դիմում է պատմությանը և վերլուծում 20-ամյա զինադադարը և բանակցային գործընթացի հիմնական շեշտադրումները. «1993-94թթ. բանակցությունները և 94թ. մայիսյան զինադադարի պայմանագրի կնքումը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը (Հեյդար Ալիև) ճանաչել է ԼՂՀ-ն` առնվազն որպես հակամարտության կողմ և իրականում ցանկություն է հայտնել ղարաբաղյան խնդրում որևէ արդյունքի հասնել` ուղղակի բանակցելով ԼՂՀ իշխանությունների հետ»: Մինչդեռ այսօր կրտսեր Ալիևը պատրաստ չէ նույն տրամաբանությամբ փոխզիջումների գնալ, ինչի արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ոչ միայն առաջընթաց չի արձանագրում, այլ հակամարտ զորքերի շփման գծում  ավելի ու ավելի է լարվածություն նկատվում: Արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, որոնց հիմնական առաքելությունը հակամարտող երկրների կարծիքների մերձեցումն է,  ջանում են հնարավորինս պահպանել տարածաշրջանի խաղաղությունը և թույլ չտալ, որպեսզի այն վերաճի պատերազմական գործողությունների:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը ժխտում է ԼՂ հանրապետության գոյությունը և միջազգային ամենատարբեր ատյաններում հերքում իր կողմից ագրեսիայի որևէ դրսևորում` պատճառաբանելով, որ ագրեսիա կարելի է դրսևորել գոյություն ունեցող երկրի նկատմամբ, իսկ Արցախի պարագայում դա այդպես չէ, Շ. Քոչարյանը նորից հղում է կատարում միջազգային փաստաթղերին, որոնցով սահմանվում է ագրեսիա եզրույթը: «Ագրեսիան մի պետության կողմից զինված ուժերի կիրառումն է մյուս պետության դեմ` ուղղված ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը»:  Պարզ և հստակ այս սահմանման մեջ «պետություն» եզրույթն օգտագործված է` չկանխորոշելով ճանաչումը կամ անդամակցությունը ՄԱԿ-ին, այսինքն լիովին և ամբողջությամբ տարածվում է պետություն հասկացության վրա:

 Համոզված լինելով, որ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին` Շ. Քոչարյանը գտնում է, որ Արցախի ժողովուրդը ապացուցել է ինքնիշխան և ժողովրդավարական արժեքների հիման վրա պետություն կառուցելու իր կարողությունը:

Հանդիպման երկրորդ մասում դիվանագետը պատասխանել է ներկաների` արտաքին քաղաքանության կոնցեպցիայի էվոլուցիայի, ԼՂՀ միջազգայնացման ուղիներին և ինքնորոշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների, հակամարտության գծում խաղաղապահ զորքերի, քննչական մեխանիզմների և մոնիթորինգի, ԵԽ-ում ընդունված և մերժված հակահայ բանաձևերի և այլնի հետ կապված հարցերի: