Ասպիրանտուրա

     Արցախի պետական համալսարանը հանդիսանում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնային գիտակրթական կենտրոն և զարգանում է որպես ժամանակակից բազմապրոֆիլային դասական համալսարան:
1996թ. նոյեմբերի 15 - ին գիտական խորհրդի թիվ 8 նիստի որոշմամբ համալսարանում բացվել է ասպիրանտուրա, որի գործունեությունը կայանում է հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտամանկավարժական և գիտական մասնագետների պատրաստման մեջ:

     Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով (պետպատվերով և վճարովի համակարգով):


Ընդունելության և ուսումնառության պայմանները

     Ասպիրանտուրա կարող են ընդունվել ԼՂՀ և այլ երկրների քաղաքացիներ, որոնք ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն և հակում գիտական աշխատանքների նկատմամբ, առանց տարիքային սահմանափակման:
Ասպիրանտուրա ընդունվելու վերաբերյալ դիմումը տրվում է ռեկտորի անունով, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) ամբիոնի երաշխավորությունը (ԱրՊՀ շրջանավարտները և աշխատակիցները)

բ) պետական քննական հանձնաժողովի երաշխավորությունը (ԱրՊՀ շրջանավարտները)

գ) մասնագիտական ռեֆերատ (հրատարակված աշխատանքների բացակայության դեպքում)

դ) բարձրագույն կրթության դիպլոմի և գնահատականների ներդիրների բնագրերը

ե) հրատարակված աշխատանքների ցանկը

զ) անձնական թերթիկը

է) 4 լուսանկար` 3 x 4 չափսի
     Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ամեն տարի հաստատված ժամկետներում: Ասպիրանտուրայի ընդունելության անցկացման համար կազմակերպվում է. ընդունող հանձնաժողով` ԱրՊՀ ռեկտորի նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովի անդամները նշանակվում են նրա նախագահի կողմից բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրերից` ներառելով ասպիրանտների գիտական ղեկավարներին:
Ընդունող հանձնաժողովն ուսումնասիրում է ասպիրանտուրա ընդունվողների փաստաթղթերը:
Ասպիրանտուրայի ընդունելության քննություններից հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջնահերթությունը տրվում է ԱրՊՀ աշխատակիցներին:
     Ասպիրանտուրա ընդունվողները հարցազրույց են անցնում ենթադրվող գիտական ղեկավարի հետ, որը հաղորդում է ընդունող հանձնաժողովին հարցազրույցի արդյունքների մասին: Ընդունող հանձնաժողովն ասպիրանտուրայի ընդունելության քննություններին բաց թողնելու մասին որոշումը կայացնում է գիտական ղեկավարի հետ ընդունվողի հարցազրույցի արդյունքները հաշվի առնելով և տեղեկացնում է ընդունվողին` որոշման ընդունելու օրվանից մեկ շաբաթվա ժամկետից ոչ ուշ: Ասպիրանտուրայի ընդունելության քննություններն անց են կացնում ԱրՊՀ ռեկտորի կողմից նշանակված հանձնաժողովները: Հանձնաժողովի կազմի մեջ է մտնում այն մասնագիտության գծով գիտությունների դոկտորը կամ պրոֆեսորը, որի քննությունն է անցկացվում:
Գիտությունների դոկտորի բացակայության դեպքում հանձնաժողովի կազմի մեջ կարող են մտցվել գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, իսկ օտար լեզվի գծով` նաև դասախոսներ, որոնք չունեն գիտական աստիճան և գիտական կոչում:
Ասպիրանտուրա ընդունվողները, պետական կրթական չափանիշներին համապատասխան, հանձնում են հետևյալ մրցութային ընդունելության քննությունները.
. մասնագիտական առարկա
. օտար լեզու
. կոմպյուտերային գործ (ստուգարք)
Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
Ասպիրանտուրայում հանձնված ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են օրացուցային տարվա ընթացքում: Այն անձինք, ովքեր լրիվությամբ կամ մասնակի հանձնել են թեկնածուական քննություններ, ասպիրանտուրա ընդունվելիս ազատվում են համպատասխան ընդունելության քննություններից:
Ընդունող հանձնաժողովն ընդունելության քննությունների արդյունքների վերաբերյալ որոշում է ընդունում` ըստ յուրաքանչյուր թեկնածուի:
Ասպիրանտուրայում ընդունվելու կամ չընդունվելու մասին որոշումը հաղորդվում է դիմորդին ընդունվող հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո 5 օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ մինչև պարապմունքների սկիզբը: Հաշվեգրումն ասպիրանտուրայում իրականացվում է ԱրՊՀ ռեկտորի հրամանով:
Ասպիրանտուրայում ուսման տևողությունը սահմանվում է 3 տարի (հեռակա` 4 տարի):
Պետպատվերում սովորող ասպիրանտներին կրթաթոշակ է տրվում հաշվեգրման օրից, բայց նախկին աշխատանքի վայրից ազատվելու օրից ոչ շուտ:


Ասպիրանտական ուսուցմանը ներկայացվող պահանջները

      Ասպիրանտուրայում ուսանելու ժամանակ ասպիրանտը պարտավոր է.
ա) լրիվությամբ կատարել անհատական պլանը
բ) հանձնել թեկնածուական քննություններ օտար լեզվից և մասնագիտական առարկաներից
գ) ավարտել աշխատանքը թեկնածուական թեզի վրա և այն ներկայացնել ամբիոն (գիտական խորհուրդ, բաժին) համապատասխան եզրակացություն ստանալու համար:
     Ասպիրանտուրայում սովորելու ժամանակաընթացքն ասպիրանտների համար համարվում է որպես գիտա-մանկավարժական աշխատանքի ստաժ:
Ասպիրանտուրայում հաշվեգրվելուց եռամսյա ժամանակաընթացքում յուրաքանչյուր ասպիրանտի համար, ամբիոնի ներկայացմամբ, ռեկտորի կողմից հաստատվում է անհատական պլան, թեզի թեմա և գիտական ղեկավար` գիտությունների դոկտորներից (պրոֆեսորներից): Առանձին դեպքերում գիտական ղեկավարման գործում կարող են ներգրավվել համապատասխան մասնագիտությունների գիտությունների թեկնածուներ, որոնք ունեն դոցենտի գիտական կոչում: Անհատական պլանի վերահսկողությունն իրականացնում է գիտական ղեկավարը: Յուրաքանչյուր ասպիրանտ կարող է ունենալ մինչև 2 (երկու) ղեկավար կամ ղեկավար ու խորհրդատու: Գիտությունների դոկտորին ամրացված ասպիրանտների առավելագույն թիվը` 5 մարդ, իսկ գիտությունների թեկնածուինը` 3:
Յուրաքանչյուր տարի ասպիրանտն ատեստավորվում է ամբիոնում` մայիսին և հոկտեմբերին: Ասպիրանտն ուսման առաջին տարում ատեստավորվում է, եթե հանձնել է մեկ թեկնածուական քննություն, հրատարակել 1 գիտական հոդված և կատարել թեզի ընդհանուր ծավալի 30%-ը:
Ասպիրանտն ուսման երկրորդ տարում ատեստավորվում է, եթե հանձնել է բոլոր թեկնածուական քննությունները, բացի մասնագիտությունից, հրատարակել ևս 2 գիտական հոդվածներ, կատարել հետազոտական աշխատանքի ծավալի 70%-ը:
Ասպիրանտն ուսման երրորդ տարում ատեստավորվում է, եթե հանձնել է բոլոր թեկնածուական քննությունները, հրատարակել 4 գիտական աշխատանքներ, փորձարկել հետազոտության արդյունքները, և ամբիոնում քննարկվել է թեզը:
Չափանիշներից մեկի չկատարման դեպքում ասպիրանտը կարող է ատեստավորվել միջանկյալ ատեստացիայում` պայմանականորեն, սակայն միայն մեկ անգամ` ասպիրանտուրայում սովորելու ընթացքում:
Վերը նշված պայմանները չկատարելու հետ կապված ատեստացիան չանցած ասպիրանտը հեռացվում է ասպիրանտուրայից:
Ասպիրանտուրայից հեռացված ասպիրանտն ԱրՊՀ-ում չի կարող աշխատել դասախոսական պաշտոնում:
Ասպիրանտուրայում ուսման տևողությունը բյուջեի միջոցների հաշվին երկարաձգվում է ԱրՊՀ ռեկտորի հրամանով` հղիության և ծննդի հետ կապված արձակուրդի ժամանակ, ինչպես նաև մեկ ամսից ավել տևական հիվանդության մասին համապատասխան բժշկական եզրակացության առկայության դեպքում, կրթաթոշակային ֆոնդի միջոցների սահմաններում:
Առկա ուսուցման համակարգում ասպիրանտուրա ընդունված ԱրՊՀ աշխատակիցն ազատվում է աշխատանքից:
Ասպիրանտն իրավունք ունի հաշվեգրվել հաստիքային պաշտոնի, կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք` իր անհատական պլանի պարտադիր կատարման դեպքում` սկսած ասպիրանտական ուսուցման երկրորդ տարվանից:
Պետպատվերով սովորող ասպիրանտներն ապահովվում են հաստատագրված չափով պետական կրթաթոշակով: ԱրՊՀ ռեկտորը կարող է բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներից հավելավճարներ հատկացնել ասպիրանտների կրթաթոշակներին` առանց չափերի սահմանափակման:
Գիտական ղեկավարների վարձատրությունը կատարվում է տարվա մեջ 1 ասպիրանտի համար 75 ժ. հաշվարկով, այդ թվում նաև ասպիրանտին 2 ղեկավար հաստատելու դեպքում (ղեկավար և խորհրդատու):
ԱրՊՀ ռեկտորն իրավունք ունի գիտական ղեկավարին հաստատագրելու հավելավճար` առանց սահմանափակելու դրա չափերը:
Ասպիրանտներն օգտվում են 2 ամիս տևողությամբ տարեկան արձակուրդներից:
Շահագրգիռ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան` ԱրՊՀ-ն կարող է անհրաժեշտության դեպքում իրականացնել ասպիրանտուրա ընդունվող անձանց նախնական ուսուցում` մինչև 1 տարի ժամկետով:

Հետազոտողի պատրաստման գիտակրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

Հետազոտողի գիտակրթական ծրագրի մասնագիտությունների անվանացանկ