ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

29.03

2016

SAM 6437 SAM 6457

«Ոչ ֆորմալ կրթության ծրագրի» շրջանակներում մարտի 23-ին արպհականների հետ հանդիպում է ունեցել դիզայներ Դավիթ Մալաքյանը` հանդես գալով «Նորաձևության դերը հասարակության կյանքում» թեմայով դասախոսությամբ:

Դ. Մալաքյանը, ով վերջին տաս տարիներին ապրել և գործունեություն է ծավալել հայրենիքից դուրս` Իսպանիայում, դասախոսությունը սկսել է աշխարհի կոսմոպոլիտ երկրներից մեկի` Իսպանիայի Բարսելոնա քաղաքի մասին: Նախաբանը պատահական չէր, քանի որ, ըստ նրա, Բարսելոնան դիզայնի և ոճի առումով գերհագեցած քաղաք է:

Դիզայնը  համարելով  օգտակարի և գեղագիտականի համադրություն` նորաձևության գիտակը լսարանին նախ ծանոթացրել է դրա տեսակների հետ, ապա կանգ առել հագուստի դիզայնի վրա, ներկայացրել հավաքածուի ստեղծման պատմությունը` գաղափարից մինչև ցուցադրություն:

Իսպանաբնակ դիզայների կարծիքով, նորաձևության ազդեցությունը առավելապես ընդգծվում է եվրոպական երկրներում` կյանքի բոլոր բնագավառներում: Նախքան ինտելեկտուալ մակարդակում ինքնադրսևորվելու հնարավորություն ստանալը, կարևոր է ճիշտ տպավորություն թողնել, ինչը հաջողության գրավականն է: Առաջին հայացքից դրական տպավորություն թողնելու համար անհրաժեշտ են ոչ այնքան արտաքին  տվյալներ, որքան ճիշտ ընտրված ոճ:

Սեփական ոճը գտնելու և ճիշտ հագնվելու համար Դ. Մալաքյանն առաջարկել է հետևել հետևյալ հինգ կանոններին. ինքնաճանաչում, այսինքն` ֆիզիկական տվյալների գնահատում, գնումներ կատարելու կարողություն, զգեստապահարանում հիմնական հագուստ ունենալու անհրաժեշտություն, ստեղծագործական մոտեցում և աքսեսուարների կիրառություն:

Անդրադառնալով պատշաճ հանդերձանքին` դիզայները խորհուրդ է տվել տարբերել արարողակարգային հագուստը ֆորմալ-ձևական և ոչ ֆորմալ-պատահական հագուստից, ոճերի հետ փորձարկումներ անել վերապահումներով, ուշադրություն դարձնել աքսեսուարներին և ցուցաբերել ստեղծագործական մոտեցում: Այս ամենով հանդերձ, փորձագետը կարևորում է ոչ այնքան հագուստը, որքան հագուստը կրողին. «Իրականում ոչ այնքան կարևոր է հագուստի նորաձև լինելը, որքան մարմնին և հոգուն ներդաշնակ լինելը»,- ասել է նա:

Դիզայները խոսել է նաև աշխարհում տարածված հիմնական ոճերի, 2016 թվականի գարուն-ամառ հավաքածուի հիմնական գույների, դրանց համադրության, ինչպես նաև ազգային հագուստի տարրերի կիրառության մասին: Ազգային հագուստը և նախշերը առանձնահատուկ տեղ են գրավում Դ. Մալաքյանի հավաքածուներում. նա ոգեշնչվում է հայկական խաչքարերի զարդանախշերով և հայոց այբուբենով, դրանք օգտագործում առանձին հագուստների դեպքում, ինչը, նրա խոսքով, մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաձևության հայտնի տներում: