Արցախի պետական համալսարան

SAM 6757          SAM 6758

Ապրիլի 6-ին ԱրՊՀ-ում կազմակերպված հանդիպումը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնել պատերազմական շրջանում համացանցից արդյունավետ օգտվելու միջոցներին:

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը, ապրիլյան լարված օրերին գտնվելով Արցախում, արպհականների հետ քննարկել է սոցիալական ցանցերից, մասնավորապես Facebook-ից օգտվելու մի քանի կանոններ: Վ. Միրաքյանը նախ անդրադարձել է վերջին օրերին ծայր առած տեղեկատվական պատերազմին, այդ համատեքստում հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների դերակատարությանը, նրանց կողմից ձևավորվող ներքին և արտաքին մթնոլորտին, ապա նախանշել որոշ գործողություններ, որոնցից ոչ միայն զգույշ, այլ զերծ պետք է մնալ:

Այսպես, փորձագետը առանձնացրել է մի քանի կարևոր քայլեր. տարածել բացառապես պաշտոնական ինֆորմացիա, չհավանել և չտարածել .az և այլ դոմենների տիրույթում գտնվող պրոադրբեջանական ինֆորմացիա, զգույշ լինել ընկերության հայտեր ընդունելիս, չմտնել կասկածելի հղումներով, որոնք, ըստ էության, վիրուսներ են և այլն:

Խոսելով տեղեկատվական դաշտի թերությունների մասին` Վ. Միրաքյանը ընդգծել է հատկապես վիզուալ քարոզչական նյութերի պակասը. «Ապրիլյան պատերազմը խորհրդանշող ոչ մի խորհրդանիշ այս պահի դրությամբ չկա, թեկուզ` նկարի տեսքով: Դա տեղեկատվական պատրերազմի լավագույն գործիքներից է և պետք կիրառել նաև այս օրերին ճիշտ այնպես, ինչպես Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ, երբ բոլորս մեր անձնական  նկարները փոխարինել էինք սև գույնի նկարով»:

Սեմինարի ընթացքում խոսվել է նաև հայկական տեղեկատվական դաշտի ներկայացուցիչների մոբիլիզիացիայի մասին, ովքեր տեղեկատվական պատերազմում ոչ միայն ճիշտ կողմնորոշվեցին, այլ դրականորեն ազդեցին դրա ընթացքի վրա: