Ինչպես արդեն հաղորդել ենք, հուլիսի 12-ից 19-ը ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է <<Ուսանողական ռազմական բանակում>> ծրագիրը, որին մասնակցում էին ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլ նաև Արցախից և Ջավախքից : Բանակումի մասնակիցներս ապրում էինք զինվորական վրաններում, քնում` զինվորական մահճակալների վրա , իսկ մեր առօրյան հարուստ էր մարզական և ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով: Առաջին օրը այցելեցինք Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ սպասում էին զորամասի զինծառայողները: Ծանոթացանք տարբեր զինատեսակների հետ, որից հետո կատարեցինք ուխտագնացություն դեպի Ամարաս՝ վանական համալիր: Այնուհետև հնարավորություն ունեցանք տեսնելու 2033 տարեկան Տնջրի ծառը : Երրորդ օրը ուխտագնացություն կատարեցինք Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք: Ճանապարհը բավականին դժվար էր ու երկար, բայց բոլորը միմյանց օգնելով հասանք լեռան գագաթ: Հաջորդ օրը զորամասում անցկացվեց կրակային պատրաստության գործնական պարապմունք` բանակումի մասնակից ջոկատների միջև:
Տպավորություններս շատ մեծ են: << Ուսանողական ռազմական բանակում >> ծրագիրը մեզ տվեց նոր գիտելիքներ ու ծանոթություններ: Կարողացանք ականատես լինել զինվորի առօրյային և մի պահ բոլորս մեզ զգացինք հայրենիքի լիարժեք պաշտպաններ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին` ԵՊՀ-ին և ԱրՊՀ-ին` շատ կարևոր և օգտակար այդ միջոցառմանը մեզ մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:
Մերի Ղալայան Մ/Մ 3