ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ Մ.Մ.ՄԻՆԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

                                                          Ծ Ր Ա Գ Ի Ր                                                             

                                                           ՆԱԽԱԲԱՆ
ԱրՊՀ-ն, աշխարհի բոլոր այլ համալսարանների նման, գտնվում է մեծ  մարտահրավերների և փոփոխությունների  ժամանակաշրջանում` պայմանավորված 21-րդ դարի համաշխարհայնացման, տեխնոլոգիական, սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական մարտահրավերներով և գլոբալ փոփոխություններով:
Գնահատելով գլոբալ մարտահրավերներն ու հնարավորությունները և, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որդեգրել է կրթության բնագավառի զարգացումը` որպես պետականության ամրապնդման գերակայություն, ԱրՊՀ-ն  իր ուսանողներին պետք է պատրաստի որպես պատասխանատու և բեղմնավոր գործունեությամբ քաղաքացիներ` ժողովրդավարական հասարակությունում կյանքի և աշխատանքի համար:
Լինելով բարձրագույն կրթության առաջատարը երկրում` համալսարանը պետք է առաջարկի նորարարական ուսանողամետ ուսուցում, տրամադրի որակյալ կրթական ծրագրեր և խրախուսի կատարելության սկզբունքները ուսանողների և աշխատակիցների մեջ:
Գիտակցելով իր դերակատարությունը գլոբալացման պայմաններում գիտելիքի վրա հիմնված հասարակություն ձևավորելու  գործում` ԱրՊՀ-ն պետք է ձգտի դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան համազգային գիտակրթական կենտրոն, դրանով իսկ իր գոյատևման քաղաքականությունը փոխարինելով արագընթաց զարգացման  քաղաքականությամբ:

                                  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի պետական համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի գլխավոր առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումն ու  տարածումն է:
Կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում, համալսարանը կշարունակի խթանել իր ուսանողների, դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը, կնպաստի հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը:
Համալսարանական կրթության կառուցվածքն ու բովանդակությունը անընդհատ նորացման մեջ են` կապված գիտական նոր ուղղությունների զարգացման հետ և ուղղված են կրթության ու աշխատանքի շուկայի պահանջարկի բավարարմանը: Այդ նպատակով հարկ է  պարբերաբար կատարել վերլուծական աշխատանք` ըստ մասնագիտությունների, ճշտել համալսարանական կրթության որակական աստիճաններին ներկայացվող պահանջները, բարձրացնել կրթության որակը, շրջանավարտների պատրաստության մակարդակը:


              ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կրթական գործունեության արդիականացումը.

Կրթական գործունեության արդիականացման նպատակն է դառնալ տարածաշրջանի առաջատար բուհերից մեկը, պահպանել կրթական բարձր չափանիշները և հնարավորություն տալ սովորողներին` լիարժեք կերպով իրացնելու իրենց ներուժը` տրամադրելով ժամանակակից պահանջները բավարարող ճկուն ուսումնական ծրագրեր:
Ռազմավարական այս նպատակին հասնելը ենթադրում է մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորապես.
-  Բակալավրի, մագիստրոսի, կրթական ծրագրերում իրականացնել մասնագիտությունների ճշգրտում, չկայացած և զարգացման հեռանկար չունեցող,  ինչպես նաև համալսարանի իրական հնարավորություններից վեր  մասնագիտությունների կրճատում:
-  Կրթական ծրագրերի արդիականացման և շրջանավարտների աշխատանքի անցնելու  կարողությունների բարձրացման երաշխիքի մշակման նպատակով իրականացնել հիմնական գործատու կազմակերպությունների պահանջարկի համալիր ուսումնասիրություն:
- Արդիականացնել և վերակառուցել բակալավրի կրթական ծրագրերի կրթության կառուցամասը` դրանք ուղղորդելով ուսանողների հաղորդակցման, քննադատական մտածողության, քանակական փաստարկման, միջանձնային և կառավարման  կարողությունների զարգացմանն ու մասնագիտական էթիկայի ձևավորմանը:
  Անհրաժեշտ է ապահովել դասախոսի սովորեցնող գործունեությունից անցումը ուսանողի, առավել ևս մագիստրոսի, ճանաչողական գործունեության:
- Ստեղծել ներքին չափանիշներ և ընթացակարգեր` ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան կադրային-ռեսուրսային ապահովվածության  գնահատման, ուսումնական ծրագրերի արտոնման, մշակման, հաստատման և պարբերական վերանայման համար:
-  Մշակել չափանիշներ, կանոնակարգեր` ուսանողների ուսումնառության արդյունքների օբյեկտիվ գնահատման համար` ներառյալ վերանայման ու բողոքարկման  մեխանիզմները` միաժամանակ ապահովելով դրանց հրապարակայնությունը:
-  Մշակել չափանիշներ ու մեխանիզմներ դասախոսական կազմի մասնագիտական  կարողությունների և  մանկավարժական հմտությունների գնահատման համար:
-   Ընդլայնել  կրեդիտային համակարգի կիրառության տիրույթը` ընդգրկելով հեռակա  ուսուցումը և հետբուհական կրթությունը:
-  Ներդնել դասընթացներին ուսանողներրի գրանցման, ուսման առաջադիմության  տվյալների ավտոմատացված մուտքագրման ու մշակման, ակադեմիական  տեղեկագրի ու դիպլոմի հավելվածի պատրաստման միասնական էլեկտրոնային համակարգ:
- Հիմնել ներհամալսարանական դրամաշնորհային ծրագրեր` դասավանդման և  ուսումնառության առաջավոր մեթոդների մշակման ու տարածման համար, սահմանել  ամենամյա մրցանակներ դասավանդման նորարարական մեթոդները հաջողությամբ  կիրառող դասախոսների խրախուսման համար:
-  Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված ու արդյունավետ  օգտագործումը համալսարանի ուսումնական գործընթացում, յուրաքանչյուր ֆակուլտետին կից ստեղծել համակարգչային կենտրոն և ընթերցասրահ:
-  Բարելավել ուսումնական ենթակառուցվածքները` դրանք դնելով որակյալ  դասավանդման մեթոդական հենքի, տեխնոլոգիական ռեսուրսների վրա, զարգացնել  տեխնոլոգիական կարողությամբ լսարանների ցանցը:


                  ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

   Ռազմավարական այս նպատակի  ձեռքբերումը ենթադրում է առավելագույնի հասցնել համալսարանի գիտական ներուժի օգտագործումը տնտեսության զարգացման և  հասարակության բարեկեցության բարձրացման գործում, խրախուսել  դասախոսական կազմի  ակտիվ ներգրավումը հետազոտական աշխատանքում:
Համալսարանի գիտական գործունեության հիմնախնդիրը պայմանավորված է հանրապետությունում գիտության ոլորտի արդի ճգնաժամով, որի լուծումն օրակարգի հրատապ խնդիրներից է: Համալսարանի հեռահար նպատակը, որպես գիտական  առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը:
Գիտական և նորարարական գործունեության հետագա զարգացումը ենթադրում է.
-  Համալսարանի դասախոսական կազմը առավելագույնս ներգրավել հետազոտական  նախագծերում` դասախոսի աշխատավարձի չափը սահմանել ըստ նրա տված  գիտական արդյունքի: Միաժամանակ բարձրացնել գիտական աստիճանների համար  սահմանված հավելավճարները:
- Գիտական ծրագրերում ներգրավել նաև ասպիրանտներին և մագիստրանտներին, խրախուսել ուսանողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը,  պրակտիկաների կիրառական-հետազոտական ուղղվածությունը:
-  Մշակել և ներդնել ԱրՊՀ գիտահետազոտական գործունեության կանոնադրությունը, որոշ ամբիոններին կից ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ:
-  Զարգացնել համալսարան-տնտեսություն հետազոտական համագործակցությունը, հետազոտությունների ապրանքայնացման նպատակով ձևավորել գիտության  ինովացիոն ենթակառուցվածքը:
-    Կազմակերպել գիտական աշխատանքների ամենամյա մրցույթ
-    Խթանել համալսարանի հետազոտական աշխատանքների միջազգայնացման  գործընթացները, ՀՀ և արտերկրի գործընկերների հետ համատեղ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, սերտացնել կապերը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
-   Աջակցել համալսարանի մասնագետների և ուսանողների ընդգրկմանը միջազգային գիտական նախագծերում, հանրապետությունում և նրա սահմաններից դուրս իրականացվող տարբեր ծրագրերի և դրամաշնորհների շրջանակներում ծավալվող աշխատանքներին:
-    Վերահսկողություն սահմանել գիտական աշխատանքների երաշխավորության և տպագրության նկատմամբ:

Կադրային ներուժի զարգացումը

     Համալսարանը մշտապես պետք է նախանձախնդիր լինի բարձրորակ դասախոսական կազմի ներգրավման, նրանց շարունակական կատարելագործման հնարավորությունների և  ժամանակակից ու բարենպաստ աշխատանքային միջավայրի տրամադրման առումով: Այս  բնագավառում նախատեսվող քայլերն են.
-   Գնահատել կրթական գործընթացի կադրային ապահովվածությունն ըստ գիտակարգերի, կրթական մակարդակների ծրագրերի:
-  Մշակել դասախոսական կազմի համալրման և կատարելագործման երկարժամկետ ծրագիր` վերակողմնորոշելով ասպիրանտական կրթությունը դեպի համապատասխան մասնագիտությունների կադրային ապահովում:
-   Գիտամանկավարժական կազմի երիտասարդացում, երիտասարդ կադրերի  հետ կնքվող հատուկ պայմանագրային կարգի ներդնում:
-  Դասախոսների համար համապատասխան պայմանների և խթանող մեխանիզմների ստեղծում` կրթության բնագավառում իրականացվող նորագույն ծրագրերին մասնակցելու համար:
-   Համապատասխան գիտական աստիճան չունեցող պրոֆեսորների և դոցենտների հարցի վերանայում, անհրաժեշտության դեպքում արտահերթ ընտրությունների կազմակերպում:
-  Բարձրացնել համալսարանի աշխատակիցների սոցիալական բավարարվածության  մակարդակը` ներդնելով սոցիալական մոնիտորինգի համակարգ:
-  Համակողմանիորեն զարգացնել սոցիալական ենթակառուցվածքը, բարելավել հասարակական սննդի, հանգստի և մարզական բազաների պայմանները, ապահովել  դրանց մատչելիությունը համալսարանի բոլոր աշխատակիցների համար:

Ենթակառուցվածքների որակական բարելավումը
Ռազմավարական այս նպատակը ենթադրում է բոլոր ուսանողների և աշխատողների  արդյունավետ գործունեությունը խթանելու համար տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրի ստեղծում: Մասնավորապես.
-  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները, զարգացնել և արդիականացնել համալսարանի ուսումնական և  գիտական լաբորատոր բազան` կրթական և հետազոտական ծրագերի կարիքներին համապատասխան:
- Ստեղծել լեզվի ուսուցման մասնագիտացված լսարան-լաբորատորիաներ` օտար  լեզուների ուսուցման որակը արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
-   Զարգացնել և արդիականացնել համալսարանի համակարգչային ցանցը, ձևավորել  միասնական տեղեկատվական համակարգ:
-  Աշխատակիցների ուսուցման կազմակերպում` նրանց որակավորման և նոր  սարքավորումների ու տեխնոլոգիաների հնարավորությունների վերաբերյալ  իրազեկվածության բարձրացման նպատակով:
-   Համալսարանի գիտական գրադարանի հագեցում սպասարկման ժամանակակից  միջոցներով:
-  Առավել մեծ պահանջարկ ունեցող գրականության թվայնացում և սպառողների համար  դրանց  օգտագործման մատչելիության բարձրացում: Ընթերցարանների աշխատանքային ժամերի ավելացում:


Սոցիալական համագործակցության զարգացումը
    Համալսարանի սոցիալական համագործակցությունը ընկալվում է որպես Արցախում, Հայաստանում և արտասահմանում շահագրգիռ անձանց, կազմակերպությունների, համայնքների համաձայնեցված ու փոխշահավետ ներգրավում գիտակրթական և  սոցիալ-մշակութային միջավայրի զարգացման խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Այն ենթադրում  է հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին աջակցություն` նպաստելով համալսարանի ճանաչմանն ու արտաքին  օժանդակությանը: Մասնավորապես.
-   Կատարելագործել համալսարանի ինտերնետային կայքը, բարելավել նրա  լրատվական ապահովումը, տեխնիկական վիճակը և շահագործման  արդյունավետությունը, ակտիվացնել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ:
-   Համակարգել և նպատակաուղղել համալսարանի գովազդային-լրատվական, քարոզչական և մարքեթինգային բոլոր կարողությունները` ուղղված նրա հասարակական վարկանիշի բարձրացմանը:
- Իրականացնել համալսարանի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություններ` նրա գործունեությունը հասարակության արդի պահանջներին համահունչ դարձնելու նպատակով:
   
Ուսանողների հետ տարվող աշխատանքներ

    Համալսարանի գործունեության առանցքային դրույթը յուրաքանչյուր ուսանողի հանդեպ  պատասխանատվությունն է: Այս առումով առաջնահերթությունը տրվում է ուսանողի կրթական ձեռքբերումներին, բավարարվածությանն և հաջողությանը` նրա կարիքները դնելով  համալսարանի ակադեմիական և օժանդակ ծառայությունների գործունեության, կրթական քաղաքականության և կրթական ծրագրերի մշակման հիմքում: Համալսարանը կշարունակի աջակցել ուսանողների քննադատական մտածողության, հետազոտական և ստեղծագործ աշխատանքի ունակությունների զարգացմանը` նրանց մտավոր ու սոցիալական  առաջընթացն ապահովելու համար: Կարևորում եմ
-   Համալսարանի գործունեությանն ու կառավարմանը ուսանողների ներգրավման ընդլայնումը:
-  Ուսանողների վարքագծային վարկանիշի ներմուծումը, ուսանողների իրավունքների և պարտականությունների իրացման, կարգապահության, դաստիարակության համալիր ծրագրերի կազմումը:
-  Ուսանողական գիտական ընկերության գործունեության արդյունավետ պայմանների  ստեղծումը, ուսանողական գիտական պարբերականի հիմնադրումը:
- Գիտական, գեղարվեստական, երաժշտական, թատերական, սպորտային խմբակների, ուրախների և հնարամիտների համալսարանական ակումբի հիմնումը:
-   ԲՈՒՀ-ում ուսումնառության անտոկոս վարկավորման համակարգին ներդնումը:

Ֆինանսական կայունություն և արդյունավետ կառավարում

   Համալսարանը պետք է ավելի նախաձեռնող դառնա իր գործունեության  ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների որոնման ու դրանց բազմազանեցման  հարցում, բարձրացնի կառավարման արդյունավետությունն ու վարչական ծառայությունների որակը: Այս առումով կարևորում եմ հետևյալ միջոցառումների իրականացումը.
-   Մեծացնել համալսարանի պետական ֆինանսավորման ծավալը`պետական  գիտակրթական ծրագրերին մասնակցության ընդլայնման միջոցով: Միաժամանակ  ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հնարավորությունների ավելացման հիմնավորած պահանջներ: Հանդես գալ մեկ ուսանողի համար հատկացվող տարեկան բյուջետային միջոցների շեմի բարձրացման առաջարկությամբ.
- Ընդլայնել համալսարանի մատուցած ծառայությունների և իրականացվող ծրագրերի շուկայավարման և առևտրայնացման քաղաքականությունը` կրթական, գիտահետազոտական և հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում:
-   Ներդնել ուսման վարձերի զեղչերի կիրառման ճկուն համակարգ:
- Ակտիվացնել համալսարաի մասնակցությունը կրթական, հետազոտական և  հանրային ծառայությունների ոլորտներում հայտարարվող միջազգային  դրամաշնորհային ծրագրերին:
-  Ընդլայնել բարեգործական ներդրումներն ու օգնությունները` գործընթացին ներգրավելով նաև համալսարանի շրջանավարտներին: Պարբերաբար լուսաբանելով բարեգործական ծրագրերն ու միջոցառումները` նվիրառտուների հետ պահպանել  ու զարգացնել երկարաժամկետ գործակցային հարաբերություններ:
-   Իրականացնել թափուր և անգործունակ հաստիքների ու ստորաբաժանումների  կրճատում:
-  Ապահովել համալսարանի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ ու նպատակային բաշխումը, բարձրացնել ռեսուրսների կառավարման օպերատիվությունը:
-  Անհրաժեշտ է իրականացնել համալսարանի կառուցվածքի մանրակրկիտ  վերանայում` ֆունկցիոնալ, ռեսուրսային և կադրային լրացմամբ, ձևավորել պլանավորման և ներքին աուդիտի համապատասխան մարմիններ: Միաժամանակ օպտիմացնել համալսարանի գիտամանկավարժական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական անձնակազմի հաստիքների քանակը:
- Ներդնել համալսարանի գիտահետազոտական կառավարման ու ծրագրավորման նոր  համակարգ, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգչային լոկալ ցանց:
-  Ապահովել կառավարման ապակենտրոնացման սկզբունքի հետագա զարգացումը, հստակեցնել լիազորությունների և պատասխանատվության բաշխումը կառավարման  համալսարանական և ֆակուլտետային մակարդակների միջև:
- Զարգացնել ուսանողական ինքնավարությունը, ընդլայնել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը: Աջակցել ուսանողների  հանրապետական, միջբուհական և համահայկական կազմակերպությունների  համագործակցությանը:
-    Նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, նպաստել համալսարանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հետագա զարգացմանը:
-  Կատարելագործել դասախոսների, վարչական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության և առաջխաղացման մեխանիզմները` ապահովելով դրանց  անաչառությունն ու թափանցիկությունը:
-    Հաստատել և հետևողականորեն պահպանել համալսարանի աշխատակիցների  կարգապահական ներքին կանոնակարգը:
-    Իրականացնել ֆակուլտետների խոշորացում:

Ռազմավարական գործակցություն և միջազգայնացում

  Համալսարանի դինամիկ զարգացումը ենթադրում է նրա արտաքին կապերի  համակողմանի զարգացում, աշխատաշուկայի հետ գործակցային կապերի ամրապնդում, ինչպես նաև գործունեություն միջազգայանացման խթանում: Այս առումով անհրաժեշտ է.
-    Ստեղծել երկարաժամկետ գործակցային կապեր համալսարանի հիմնական գործատու  կազմակերպությունների և հանրային կառույցների հետ:
-  Խթանել համալսարանի և նրա ֆակուլտետների զարգացման և գիտակրթական ծրագրերի իրագործմանը հիմնական գործատու և գործընկերային  կազմակերպությունների մասնակցությունը` ընդգրկելով ուսման հետ համատեղված աշխատանքների, պրակտիկաների և վերապատրաստման ծրագրերը:
-  Համալսարանի տարածքում պարբերաբար կազմակերպել աշխատանքի  տոնավաճառներ և հանդիպումներ` հիմնական գործատու կազմակերպությունների և  առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
-    Մշակել համալսարանի միջազգային համագործակցության գերական ուղղությունների կազմը, ընդլայնել միջազգային գործունեության դաշտը` համալսարանի բոլոր  ֆակուլտետների միջազգային համագործակցության ծրագրերում ընդգրկելով:
-  Խթանել համալսարանի  ուսանողների և գիտամանկավարժական կազմի  մասնակցությունը միջազգային փոխանակման ծրագրերին: Պարբերաբար հրավիրել  օտարերկրյա հայտնի  դասախոսների:
-  Նպաստել համալսարանի ուսումնագիտական միավորների, հետազոտական խմբերի և անհատ փորձագետների ակտիվ ներգրավմանը միջազգային գիտակրթական նախագծերում և դրամաշնորհային ծրագրերում:
-  Ընդլայնել համագործակցությունը ՀՀ և ԱՊՀ կրթական քաղաքականություն մշակող կառույցների հետ և կուտակված փորձը կիրառել համալսարանում: