Արցախի պետական համալսարան

RAZMAVARAKAN CRAGIR-kazm

   «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  (2019-2023թթ.)

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Արցախի պետական համալսարանը (այսուհետ` ԱրՊՀ) իր ստեղծման օրից առայսօր առանձնահատուկ տեղ է գրավում Արցախի Հանրապետության ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության համակարգում, այլև մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում` մշտապես կրելով «Մայր բուհ» պատվանունը: Ներկայումս այն մեր նորանկախ հանրապետության խոշորագույն գիտակրթական և մշակութային կենտրոնն է: Արցախի մայր բուհը մանկավարժական ինստիտուտի կարգավիճակով ստեղծվել է 1969 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում` հզոր ազդակ հանդիսանալով հայկական երկրամասում ազգային գործոնի պահպանման ու զարգացման համար:

Իր գործունեության 50 տարիների ընթացքում համալսարանը տվել է շուրջ 22.000 շրջանավարտ:

ԱրՊՀ շրջանավարտներ են ԱՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, պետնախարարը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բարձրագույն ղեկավարների մեծ մասը, ինչպես նաև հայտնի զինվորականներ, գործարարներ, քաղաքագետներ, իրավաբաններ, մանկավարժներ, շինարարներ, մարզիկներ, այլ բնագավառների մասնագետներ:   

ԱրՊՀ շրջանավարտներից հաջողությամբ իրենց ուսումը շարունակում են արտերկրի առաջատար այնպիսի բուհերում, ինչպիսիք են Նյու Յորքի Կոլումբիա համալսարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Սանկտ Պետերբուգի պետական համալսարանը, Բոլոնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանի Ստերն գործարար դպրոցը, Կալիֆոռնիայի պետական համալսարանը / Նորթրիջ/, Մոսկվայի Կոսիգինի անվան թեթև արդյունաբերության պետական համալսարանը, Իռլանդիայի Դուբլինի Թրինիթի քոլեջը, Դարմշտատի տեխնիկական համալսարանը, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը /Թաֆսթ/, Փենսլիվանիայի համալսարանը, Դենվերի համալսարանի Յոզեֆ Կորբելի անվան միջազգային հարաբերությունների դպրոցը, Զագրեբի համալսարանը և այլն:

Նրանք գրանցել են զգալի հաջողություններ՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում, տնտեսության տարբեր ճյուղերում:

Ներկայումս ԱրՊՀ-ն, բացի վարչական շենքից, ունի երեք ուսումնական մասնաշենք և մեկ ուսանողական հանրակացարան, 5 ֆակուլտետ, 18 ամբիոն, 186 հիմնական և 99 ժամավճարային հիմունքներով աշխատող դասախոս, շուրջ 2650 սովորող:

ԱրՊՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները` դրոշը, պատկերանշանը (լոգո), հիմնը, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին:

Համալսարանում ժամավճարային հիմունքներով դասավանդում են բարձրաստիճան պաշտոնյաներ / ԱԺ նախագահը, փոխնախագահը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը, արդարադատության նախարարը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը և ուրիշներ/:

Ուսանողների և դասախոսների տրամադրության տակ է հանրակացարանը` ավելի քան 250 բնակիչ-տեղ հնարավորությամբ, որտեղ բնակվում են ոչ ստեփանակերտաբնակ ուսանողներն ու հրավիրված մասնագետները:

Գիտական գրադարանն ունի ավելի քան 100 հազար կտոր գիրք: Համալսարանական ներքին ցանցում տեղադրված է նաև էլեկտրոնային գրադարանը` մոտ 45000 անուն գրականությամբ: Գործում է գերարագ ինտերնետային կապը:

ԱրՊՀ-ն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «ԱրՊՀ գիտական տեղեկագիրը»` հասարակագիտական և բնագիտական ուղղվածություններով, «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» պաշտոնաթերթը և «Քո ժամանակը» ուսանողական թերթը, գիտամեթոդական և այլ գրականություն:

2018թ. համալսարանի դասախոսները հրատարակել են 243 գիտական աշխատանք, որից 9 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ, 19 ուսումնամեթոդական ձեռնարկ, 207 հոդված, 5 հիմնադրույթ:

Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Համալսարանն իր գործունեության շուրջ 50 տարիների ընթացքում շարունակ բարելավել է ուսումնական գործընթացը:

Կարևորելով Արցախի քաղաքական ու մշակութային առանձնահատկությունը՝ պարբերաբար համալսարան են այցելել և դասախոսություններով հանդես եկել անվանի գիտնականներ, պետական, քաղաքական, հոգևոր գործիչներ, այդ թվում` տնտեսագետ Աբել Աղանբեկյանը, գրող-հրապարակախոսներ Զորի Բալայանը, Կիմ Բակշին, Անդրեյ Նույկինը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, Շվեյցարիայի Աժ պատգամավոր Դոմինիկ Դը Բյումանը, Եվրոխորհրդի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, պատմաբաններ Ռիչարդ Հովհաննիսյանը, Վահագն Դադրյանը, Արտեմ Օհանջանյանը, քաղաքագետներ Շավարշ Քոչարյանը, Ալեքսանդր Մանասյանը, ակադեմիկոսներ Սամվել Գրիգորյանը, Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը,  օվկիանոսագետ Արտեմ Սարգսյանը, լեզվաբաններ Գևորգ Ջահուկյանը, Սերգեյ Աբրահամյանը, ֆիզիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, տնտեսագետ Յուրի Սուվարյանը, ամենայն հայոց կաթողիկոսներ Գարեգին 1-ը, Գարեգին 2-րդը, Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Ավրորա» մրցանակաբաշխության մրցանակակիրներ Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան, դիվանագետ Շոն Ռիորդանը, միջազգային բանակցությունների փորձագետ Փոլ Միրթսը, ՀՀ և ԼՂՀ նախկին և ներկա պաշտոնյաներ և այլք:

Պարբերաբար համալսարան այցելող հայտնի գործիչներն ու գիտնականներն, իրենց փորձը, գիտելիքները փոխանցելով իրենց ներդրումն են ունենում Արցախի զարգացմանը:

ԱրՊՀ-ն ռազմավարական նպատակները իրականացնելու համար ունի համապատասխան ֆինանսական /բյուջետային և արտաբյուջետային միջոցներ, դրամաշնորհային ծրագրեր/ և մարդկային ռեսուրսներ:

ԱրՊՀ-ում 2008-2009թթ. դիպլոմավորված մասնագետներ պատրաստելու համակարգից անցում կատարվեց ուսուցման եռաստիճան համակարգի` բակալավրիատ, մագիստրատուրա և հետբուհական կրթություն` համաձայն Բոլոնյան հռչակագրի: Ներդրվեց ուսանողների գիտելիքների ստուգման համակարգչային-թեստային եղանակը: Այս նորամուծությունների շնորհիվ բուհը գիտական աշխարհին ներկայացավ որպես մասնագետների պատրաստման բավականաչափ զարգացած ու մեր չափանիշներով՝ բավականաչափ խոշոր մի կենտրոն, ինչի շնորհիվ զգալիորեն նպաստեց Արցախի Հանրապետության գիտատեխնիկական ու տնտեսական ներուժի ամրապնդմանը: Համալսարանում գործում են ուսումնական և գիտական մի քանի կենտրոններ, մասնագիտացված լաբորատորիաներ, կաբինետներ, այդ թվում` ռուսերենի, անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի ուսուցման: Բուհը հաջողությամբ համագործակցում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր խոշոր բուհերի հետ, այլ նաև միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիան, ինտեգրատիվ կապեր են պահպանվում մի շարք չճանաչված երկրների` Բասկերի երկրի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի համալսարանների, այժմ նաև Լյովենի Կաթոլիկ համալսարանի, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի, Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ, ինչը մենք անչափ բարձր ենք գնահատում:  

Որակյալ մասնագետների պատրաստումը մենք դիտարկում ենք որպես կենսական նշանակության խնդիր: Մենք կարծում ենք, որ համալսարանը պետք է հաստատակամորեն շարունակի գիտելիքի արժևորման ու ակադեմիական ուսուցման ուղեգիծը:

Մենք կամավոր մեզ պարտավորեցրել ենք ինտեգրվելու միջազգային, առաջին հերթին` համաեվրոպական կրթական դաշտին, ուստի ինքներս էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԱրՊՀ դիպլոմ կրող մասնագետը իրավունք և հնարավորություն ունենա հավասարապես օգտվելու այն հնարավորություններից, որոնցից օգտվում են ճանաչված երկրների մասնագետները: Այս թեզն արդարացված է թե` հումանիտար, թե` սոցիալ-քաղաքական, թե` իրավական տեսակետներից, քանի որ կրթությունը չպետք է սահմաններ ունենա:

  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱրՊՀ-ն կրթական, գիտական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը պատրաստում և վերապատրաստում է մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետներ, կատարում կիրառական, գիտական հետազոտություններ` իր գործունեությամբ նպաստելով համամարդկային և ազգային արժեքների տարածմանը:

Համալսարանի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, մանկավարժական,   սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտության և տեխնիկայի, սպորտի, մշակույթի տարբեր ուղղություներով կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:

Համալսարանի կանոնադրական կարգավիճակին համապատասխան` նրա առաքելությունն ընդգրկում է գործունեության երեք հիմնական ուղղություն` բարձրագույն մասնագիտական կրթություն` որակավորումների ազգային շրջանակի սահմանած մակարդակներով (բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի որակավորումներ), գիտական հետազոտություններ, հանրային ծառայություններ:

Արցախի բնակչության կյանքը ձևավորողն ու իմաստավորողը առաջին հերթին նրա կրթական համակարգն է: Մենք կրթում ենք սերունդներ, որոնք կլինեն գիտելիքի վրա հիմնված աշխարհի մի մասը: Մենք դեպի առաջ նայող հասարակություն ենք և մեր խնդիրների լուծումը տեսնում ենք այնպիսի սերունդ կրթելու մեջ, որը կունենա առաջ նայող, հետազոտող հայացք, ձգտում է սովորել և ապագայից հաջողություն ստեղծել մեզ համար:

ԱրՊՀ-ն, հիմնվելով ակադեմիական ազատությունների և ինքնավարության, ուսանողակենտրոն ուսումնառության, կրթություն-աշխատաշուկա համագործակցության, կիրառական գիտելիքի փոխանցման և գիտահետազոտական աշխատանքների վրա, մասնագիտական ներուժի կենտրոնացման, ուսուցման և ուսումնառության նորարարական միջավայրի ստեղծման և առաջընթաց հետազոտական աշխատանքների իրականացման միջոցով պատրաստում է մրցունակ, մասնագիտական և ընդհանրական գիտելիքներով, հմտություններով զինված, ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող մասնագետներ:

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Որպես Արցախի Հանրապետության խոշոր գիտակրթական օջախ՝ ԱրՊՀ-ն ձգտում է դառնալ հաստատություն, որը`

1) կրթական համակարգի նորագույն մտքի, կրթական հետազոտության և նորարարության հարցերով ու մատուցվող կրթական ծառայություններով առաջատարն է ԱՀ-ում.

2) առաջարկում է կրթական նորագույն տեխնոլոգիաների, դասավանդման, ուսումնառության նորագույն մեթոդների վրա հենված համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող մրցունակ կրթական ծրագրեր` համահունչ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքներին, նոր սերնդի կրթության խնդիրներին ներկայացվող առանձնահատուկ կրթական մոտեցումներին.

3) առաջնորդվում է գիտակրթական համակարգի միջազգայնացման ու եվրոպական ինտեգրման, ինչպես նաև պետության համար արդիական նշանակություն ունեցող ռազմավարական հիմնախնդիրներով.

4) ունի անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ, ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ` բարձրորակ հիմնավոր կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար.

5) ունի գործուն և արդյունավետ կառավարում ու վարչարարություն, որն ապահովում է կրթության որակի անընդհատ, շարունակական բարելավում.

6) ապահովում է առաջնակարգ կրթություն՝ տեսության և փորձուսուցման համակցմամբ, կրթության ամուր հիմքի ստեղծման և ուսումնական գործընթացում դասախոսների ու սովորողների արդյունավետ համագործակցության ապահովման ճանապարհով.

7) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառում է կրթական և հետազոտական գործընթացներում` ապահովելով ուսուցման և հետազոտությունների բարձր արդյունավետություն.

8) դաստիարակում է ազգային, բարոյական, հոգևոր և համամարդկային արժեքներ ունեցող ապագա մասնագետներ՝ հասանելի, մատչելի և նախընտրելի հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների համար.

9) ստեղծում է նպաստավոր միջավայր` անհատի համակողմանի զարգացման, պետական մտածելակերպով օժտված քաղաքացու ձևավորման համար.

10) ապահովում է ազատ հաղորդակցության և անկաշկանդ բանավեճի հնարավորություններ, քաջալերում աշխատակիցների ու սովորողների ակտիվ և ազատ մասնակցությունը ԱրՊՀ զարգացման գործընթացներին:

 

ԱրՊՀ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

1. Շահակիցների ներգրավմամբ կրթական միջավայրի անընդհատ կատարելագործում: ԱրՊՀ այցեքարտն ուսուցման որակն է և համակողմանի զարգացած, ազգային արժանապատվությամբ, հայրենասիրությամբ ու քաղաքացիական գիտակցությամբ օժտված անձի ձևավորումը:

Կրթության որակը ԱրՊՀ համար առաջնահերթություն է: Համալսարանը, ուսուցման որակի հետ մեկտեղ կարևորում է անձի անհատականության ձևավորման և զարգացման հարցերը: Համալսարանի շրջանավարտը ոչ միայն մասնագետ է, այլև Արցախի ժողովրդի և պետության անվտանգության պաշտպան: Նորօրյա որակներով օժտված մասնագետներ պատրաստելու խնդրի լուծումը կախված է բազմաթիվ գործոններից՝ դիմորդների պատրաստվածության աստիճան, դասախոսական ներուժ, կրթության որակի ապահովում, ծրագրեր և մեթոդաբանություն, տեխնիկական բազա, ֆինանսական և նյութական ռեսուրսներ: ԱրՊՀ համար ռազմավարական խնդիրներ են դառնում մի կողմից` ուսուցման որակի բարելավումը, անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացումը առկա ռեսուրսների պայմաններում, մյուս կողմից` որակի որոշակի շեմի ապահովումը ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով: Կրթական միջավայրի կատարելագործումը պետք է խարսխվի ներքին ու արտաքին շահակիցների կարիքների վրա:

2.Մատչելի և ուսանողակենտրոն կրթություն: Համալսարանում կարևորվում է ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու` մատչելի կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը:

ԱՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար ամրագրում է մրցութային հիմունքներով անվճար կրթությունը պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Ի կատարումն Սահմանադրության նորմերի՝ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԱՀ օրենքներով սահմանված են այն դրույթները, որոնց հիման վրա անձը և քաղաքացին իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը:

ԱրՊՀ-ում ներդրված է ուսուցման անվճար և վճարովի տեղերի փոխատեղման հնարավորություն, ըստ ակադեմիական առաջադիմության` սահմանված են սովորողների ֆինանսական աջակցության այլ եղանակներ /համալսարանի կողմից ուսման վճարների զեղչերի տրամադրման ճկուն համակարգ, պետության կողմից ուսման վճարների փոխհատուցման զանազան արտոնություններ/: Համալսարանը ուսանողի կարիքը հաշվի է առնում իր ակադեմիական գործունեության և օժանդակ ծառայությունների կազմակերպման, կրթական քաղաքականության մշակման ընթացքում:

ԱրՊՀ-ն կարևորում է ուսանողակենտրոն ուսումնառության միջավայրի ստեղծումը: Դասախոսները փորձում են հնարավորինս ժամանակակից մեթոդներ կիրառել ուսումնական գործընթացում: Նախատեսված է ուսանողներին ներգրավել տարբեր քննարկումներում, որոշումների ընդունման գործընթացում, որոնք ուղղված են ուսանողների կարիքների բացահայտմանը, ինչպես նաև որակի ապահովման գործընթացում:

3.Ազնվություն և թափանցիկություն:Համալսարանը կարևորում է սովորողի և աշխատողի ակադեմիական ազնվությունը և համալսարանի գործունեության թափանցիկության ապահովումը: Առաջնային են համարվում գործընկերային հարաբերություններն ու որոշումների կոլեգիալ ընդունումը համալսարանի ռազմավարական նպատակներն իրականացնելիս, միաժամանակ պահպանվում են բազմակարծությունը և ժողովրդավարության սկզբունքները: Կարևորելով թափանցիկ ու հաշվետվողական աշխատանքները՝ համալսարանը խրախուսում է աշխատակիցներին և սովորողներին՝ առաջնորդվելու արդարության, բարեվարքության և էթիկայի կանոններով:

4.Ակադեմիական ազատություններ: Համալսարանը կարևորում է խոսքի, ուսումնառության, ինչպես նաև դասավանդման ձևերի ու մեթոդների ազատությունը, խրախուսում է գիտելիքի ազատ և անկաշկանդ փոխանցումն ու ստացումը` ի նպաստ կրթության որակի շարունակական բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման:

5.Արդյունավետ կառավարում և պատասխանատվություն: ԱրՊՀ-ն, հավատարիմ լինելով կառավարման ժողովրդավարական սկզբունքներին, ձգտում է ապահովել ազատ կամքի արտահայտության և որոշումների կոլեգիալ ընդունմանը նպաստող միջավայր:

Կրթության որակի ապահովումը պահանջում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի ներուժը, արդիականացնել կրթության բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունն արդի պահանջներին: Միաժամանակ հաջողության կարևոր նախապայման են միջոցների օգտագործման նպատակայնությունը և նոր ռեսուրսների բացահայտումն ու ներգրավումը:

Համալսարանը կոչված է հասարակական միջավայրի համար դառնալու քաղաքակիրթ հասարակական փոխհարաբերությունների և ժողովրդավարական ավանդույթների ձևավորման ու պահպանման կենտրոն:

6.Գործընկերային հարաբերությունների զարգացումը: ԱրՊՀ` միջազգային գիտակրթական համակարգին միանալու ձգտումը բախվում է քաղաքական սահմանափակումների, սակայն նրա գործընկեր բուհերի թիվը տարեցտարի ավելանում է, աշխարհագրությունը ընդլայնվում: ՀՀ առաջատար բուհերի հետ գործուն և արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս որոշակիորեն փոխհատուցել քաղաքական գործոններով պայմանավորված բացը:

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ,

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԱրՊՀ ռազմավարական ծրագրի մշակումը հնարավորություն տվեց հստակեցնելու բուհի առաքելությունն ու նպատակները և միաժամանակ ավելի իրատեսական դարձնելու այն՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին:

Արցախի Հանրապետությունում, կրթության մշակույթի փոփոխությամբ պայմանավորված, նոր մարտահրավերներին դիմակայելու և մրցունակությունը բարձրացնելու համար ԱրՊՀ-ն կարևորում է աշխատանքը հատկապես հետևյալ ուղղություններով՝

 

  • բարձրորակ կրթության նորագույն մոտեցումներ.
  • արդիական հետազոտություն և նորարարություն.
  • կողմնորոշված դիմորդներ և ուսումնառողներ.
    • արդյունավետ կառավարում, ֆինանսական կայունություն, ժամանակակից ենթակառուցվածք.
    • հանրային ներգրավում, սոցիալական համագործակցություն և ծառայություններ.
    • արտաքին կապեր և միջազգային գործունեության ընդլայնում:

 

ՆՊԱՏԱԿ 1.

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Մասնագիտությունների կրթական ծրագրերը դարձնել աշխատաշուկայի պահանջներին համահունչ, հագեցված անհրաժեշտ ռեսուրսներով և ապահովված համապատասխան դասախոսական ներուժով:

 

Խնդիր 1.1.

Մասնագիտությունների կրթական ծրագրերը (այսուհետ՝ ՄԿԾ) դարձնել ԱՀ որակավորումների ազգային շրջանակին (այսուհետ՝ ՈԱՇ) և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Անհրաժեշտ քայլեր`

1) վերլուծել և բացահայտել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կարիքները.

2) վերանայել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը սահմանող նորմատիվային փաստաթղթերը.

3) վերամշակել կրթական ծրագրերը՝ ՈԱՇ-ին համապատասխան.

4) ապահովել դասավանդման, ուսումնառության և արդյունքների գնահատման միասնական չափանիշների գործարկումը կրթական ծրագրերում.

5) ընդլայնել արտաքին շահակիցների ներգրավվածությունը կրթական ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման աշխատանքներում.

6) ստեղծել մասնագիտական զարգացման դպրոցների հետ միասնական էլեկտրոնային հարթակ.

7) մշակել և ներդնել սովորողների էլեկտրոնային թղթապանակի տեխնոլոգիա փորձուսուցման և մասնագիտական առաջընթացի մշտադիտարկման համար:

 

Խնդիր 1.2.

Իրականացնել հետազոտահեն կրթություն:

Անհրաժեշտ քայլեր`

1) բարելավել սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման մեխանիզմները կրթական ծրագրերի և ենթակառուցվածքային մակարդակներում` ապահովելով հետազոտական գործունեության պայմաններ.

2) ստեղծել հետազոտական գործունեության որակի ապահովման համակարգ` ներառելով անձնային և մասնագիտական առաջընթացի ապահովման և գնահատման կառուցակարգեր.

3) բարելավել և գործարկել ակադեմիական ազնվության խրախուսման և գրագողության կանխարգելման ընթացակարգերը.

4) կրթական ծրագրերում ներդնել քննողական մտածողության ու թիմային հետազոտական աշխատանքների, կարողությունների զարգացման մեթոդաբանություն.

5) բարելավել կրթական ծրագրերում հետազոտական գործունեության իրականացման, գնահատման և արդյունքների վավերացման մեխանիզմները.

6) վերանայել սովորողների ինքնուրույն աշխատանքների ստուգման և գնահատման ձևերը` ընդլայնելով ստեղծագործական-հետազոտական աշխատանքների ծավալը:

 

Խնդիր 1.3.

Ձևավորել առցանց ուսուցման հարթակ:

Անհրաժեշտ քայլեր`

1) ստեղծել նորարարական կրթական միջավայր սովորողների և դասախոսների շրջանում՝ կրթական էլեկտրոնային հարթակի և համացանցի սոցիալական ռեսուրսների, սոցիալական մեդիայի միասնականացման միջոցով.

2) զարգացնել կրթական գործընթացների սուբյեկտների ուսումնական համագործակցության տեխնոլոգիաները համաչափ բաշխված, ճկուն և բաց տեղեկատվական-հաղորդակցական միջավայրի ստեղծման միջոցով.

3) մշակել և ներդնել էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ինտերակտիվ դասընթացներին ներկայացվող պահանջներն ապահովող չափանիշներ և չափորոշիչներ.

4) ստեղծել կրթական անհատական մոտեցումների իրականացման հնարավորություն էլեկտրոնային ուսումնամեթոդական փաթեթի և հարթակի միջոցով.

5) վերապատրաստել դասախոսներին` ուսումնառության էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և դասավանդման, սովորողներին`կիրառման և ուսումնառության համար.

6) մշակել դասախոսների և սովորողների գործունեության մշտադիտարկման ընթացակարգեր էլեկտրոնային առցանց ուսուցման և հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառման պայմաններում:

 

Խնդիր 1.4.

Համալրել և կատարելագործել պրոֆեսորադասախոսական կազմը մասնագիտական կրթական ծրագրերի նպատակներին համապատասխան:

Անհրաժեշտ քայլեր`

1) իրականացնել պրոֆեսորադասախոսական առկա ներուժի գնահատում` ըստ մատուցվող կրթական ծրագրերի, մասնագիտական որակների և տարիքային կազմի.

2) մշակել դասախոսական կազմի համալրման և կատարելագործման երկարաժամկետ ծրագիր.

  • կատարելագործել դասախոսի աշխատանքի տեղակալման չափանիշները և գործընթացները` սահմանելով դասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող պահանջներ` ըստ կրթական ծրագրի ելքային արդյունքների,
  • վերամշակել դասախոսների որակավորման բարձրացման կրթական ծրագիրը.

 

3) կազմակերպել դասախոսների վերապատրաստում.

  • տիրապետելու կրթական նոր տեխնոլոգիաներին, դասավանդման ինտերակտիվ մեթոդներին,
  • մշակելու և իրականացնելու էլեկտրոնային ուսուցման դասընթացներ,
  • մշակել ծրագիր և իրականացնել վերապատրաստում որակի ապահովման համակարգի վերաբերյալ.

4)ներդնել դասախոսների գիտամանկավարժական գործունեության արդյունավետության գնահատման և վարկանիշավորման ցուցանիշների գործուն համակարգ ու ճշգրիտ գնահատման և ինքնագնահատման ընթացակարգ:

 

ՆՊԱՏԱԿ 2.

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Ձևավորել մրցունակ գիտական և նորարարական մարդկային ներուժ, որը կկարողանա հետազոտել և շարունակական լուծումներ առաջարկել Արցախի Հանրապետության հիմնախնդիրների վերաբերյալ, կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանը, կայուն զարգացմանը, միջազգային ինտեգրմանը:

Խնդիր 2.1.

Ձևավորել անհրաժեշտ ներառական միջավայր ԱրՊՀ գիտության բոլոր բնագավառների ուղղությամբ հիմնարար, պրոբլեմահեն, կիրառական շեշտադրմամբ հետազոտությունների համար:

Անհրաժեշտ քայլեր`

1) ձևավորել գիտությամբ զբաղվող միջդիսցիպլինար հետազոտողների կրիտիկական զանգված, որն իր մասնագիտական և գիտական մակարդակով կնպաստի գիտության բնագավառի նորարական վերափոխումներին, հետագայում՝ գիտական դպրոցների ձևավորմանը.

2)ստեղծել Արցախի կայուն զարգացման գերակա ուղղություններով գիտահետազոտական թեմաների հնարավոր ցանկ.

3) չճանաչված պետությունների բուհերի գործընկերությամբ կազմակերպել գիտական գործունեության վարկանիշը բարձրացնող միջազգային ուսումնասիրություններ, նպաստել միջազգային հարթակներում հետազոտությունների արդյունքների ներկայացմանը.

4) նպաստել միջազգային, ՀՀ և հանրապետական գիտական ծրագրերին, դրամաշնորհներին ԱրՊՀ հետազոտողների մասնակցությանը.

5) ուսանողներին մասնակից դարձնել հետազոտություններին՝ ապահովելով փոխակերպվող արդի պահանջների համապատասխան կարողությունների ձևավորմանը.

6) ստեղծել մրցունակ, հագեցված գիտատեխնիկական ռեսուրսային բազա.

7) մշակել ֆոնդահայթայթման մեխանիզմներ կայուն և շարունակական ֆինանսավորում ունենալու համար՝ ներգրավելով Արցախի հիմնախնդիրներով մտահոգ բարերարներին և հիմնադրամներին:

 

Խնդիր 2.2.

Ներգրավել ՀՀ և միջազգային հետազոտական ներուժը ԱրՊՀ-ում իրականացվող նախագծերին

Անհրաժեշտ քայլեր`

1) ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել ՀՀ, արտասահմանյան գիտնականների և ԱրՊՀ դասախոսների կողմից ԱրՊՀ մագիստրանտների և ասպիրանտների հետազոտական աշխատանքների համատեղ ղեկավարման համար.

2) խթանել արտասահմանյան և ՀՀ գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ ծրագրերի իրականացումը.

3) խթանել ձեռնարկությունների մասնակցությամբ հետազոտական և կրթական ծրագրերի իրականացումը:

 

Խնդիր 2.3.

Նպաստել գիտահրատարակչական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Անհրաժեշտ քայլեր`

1)նպաստել համալսարանի գիտնականների արժեքավոր և որակյալ աշխատությունների հրատարակմանը.

2) նպաստել համալսարանի դասախոսների դասագրքաստեղծ գործունեությանը.

3) նպաստել համալսարանի գիտնականների գիտական արդիական մենագրությունների հրատարակմանը.

4) բարձրացնել համալսարանում հրատարակվող գիտական պարբերականների որակը.

5)աջակցել միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում համալսարանի դասախոսների գիտական նյութերի հրապարակմանը:

 

ՆՊԱՏԱԿ 3.

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ   ԴԻՄՈՐԴՆԵՐ   ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂՆԵՐ

Ուսումնառողների մասնագիտական կողմնորոշում: Ապագա դիմորդների նախաբուհական աջակցման (ուղեկցման, ուղղորդման) համակարգի զարգացում: Ոսումնառողների ներգրավման և առաջնթացի ապահովում համալսարանական միջավայրում:

Խնդիր 3.1.

Համալսարանի` որպես սոցիալական կողմնորոշում ունեցող բուհի դրական վարկանիշի ստեղծում` ի նպաստ դիմորդների ներգրավման:

Անհրաժեշտ քայլեր`

1) իրականացնել լրատվամիջոցների, մշակութային ու կրթական հաստատությունների հետ կրթական և մշակութային ուղղվածությամբ համատեղ նախագծեր.

2) ստեղծել հեռահար ուսուցման համակարգ և ավագ դպրոցականների նախապատրաստական դասընթացներ.

3) ապահովել նախապատրաստական դասընթացների հասանելիությունը համալսարանի կայքի միջոցով.

4) ուղարկել նամակ–հրավերներ Ստեփանակերտի ու հանրապետության շրջանների ավագ դպրոցների աշակերտներին` կողմնորոշվելու մասնագիտության ընտրության մեջ և մասնակցելու համալսարանի միջոցառումներին.

5) բարձրացնել համալսարանական համայնքի դրական վարկանիշը և նպաստել գիտելիքի մասսայականացմանը, կազմակերպել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, գիտական, մշակութային ձերքբերումների շնորհանդես.

6) հարստացնել համալսարանի հիմքի վրա ստեղծվող կրթական ծրագրերի բազան (լրացուցիչ, շարունակական կրթական ծրագրեր, մանկական կենտրոններ, դպրոցական բանավեճ ակումբներ և այլն), ապահովել համալսարանի սովորողների ներգրավվածությունը վերոնշյալ կրթական ծրագրերի իրականացման գործում:

 

Խնդիր 3.2. 

Մշակել և կազմակերպել աշակերտների շրջանում ԱրՊՀ մասնագիտությունների գրավչության ամրապնդմանը, դիմորդների ներգրավմանը նպաստող միջոցառումներ:

Անհրաժեշտ քայլեր`

1) համալսարանի կառուցվածքում ստեղծել հենակետային քոլեջ և նպաստել նրա շրջանավարտների ներհոսքին ԱրՊՀ.

2) քայլեր ձեռնարկել բակալավրիատում բնագիտական մասնագիտությունների գծով հարցազրույցով ընդունելությունը վերականգնելու համար.

3) մշակել ու կազմակերպել աշակերտների համար միջոցառումներ (առարկայական օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ և այլն).

4) ներգրավել դպրոցները մասնագիտական կողմնորոշմանն առնչվող համատեղ գործունեության մեջ և դրանց հիման վրա փորձարկել համալսարանի մասնագիտական կողմնորոշման փորձնական ծրագրեր.

5) անցկացնել համալսարանի բաց դռների արտագնա օրեր կրթական հաստատություններում, ստեղծել աշակերտների` որպես ապագա դիմորդների աջակցման պայմաններ (մրցանակների, պատվոգրերի հանձնում և այլն).

6) մատուցել ընդունելության հարցերին վերաբերող ֆակուլտետային տարբեր ձևաչափի խորհդատվական ծառայություններ (ֆորումներ, հանդիպումներ).

7) ստեղծել ապագա հավանական դիմորդների հետ սոցիալական ցանցերում համագործակցության համակարգ.

8) անցկացնել տեսական և գործնական արդիական խնդիրներին նվիրված հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ.

9) ԱրՊՀ սովորողների շրջանում՝

  • ներդնել մասնագիտական կողմնորոշմանն առնչվող առաջադրանքներ բակալավրիատի ու մագիստրատուրայի դասընթացներում և փորձուսուցման ծրագրերում,
  • կարևորել ավարտական որակավորման աշխատանքների գիտական և գիտամեթոդական բաղադրիչները` ժամանակակից կրթական խնդիրների ու դրանց առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով.

10) համալսարանի դասախոսների և համապատասխան կառույցների ուժերով կազմակերպել անվճար նախապատրաստական կուրսեր և մասնագիտական կողմնորոշման դասընթացներ դիմորդների համար:

 

Խնդիր 3.3.

Ուսանողների ինքնավարության ընդլայնում:

Անրաժեշտ քայլեր`

1) նպաստել ուսանողական կազմակերպությունների հետազոտական գործունեությանը.

2) տրամադրել ուսանողական կազմակերպություններում ընդգրկված ուսանողներին համապատասխան ռեսուրսներ տեղական և արտագնա գիտաժողովներին մասնակցելու համար.

3) մշակել ընգրկված սովորողների գործունեության գնահատման արդյունավետ համակարգ.

4) մշակել ուսանողական կազմակերպություններում ակտիվ և որակյալ գործունեություն ծավալող լավագույն սովորողների խրախուսման կառուցակարգեր.

5) նպաստել ուսանողական կազմակերպություններում ընդգրկված ուսանողների ստեղծագործական և միջանձնային շփման հմտությունների ձևավորմանը.

6) նպաստել կամավորական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության աճին:

 

Խնդիր 3.4.

Ուսանողներին տրամադրվող օժանդակ ծառայություների արդյունավետության բարձրացում:

Անրաժեշտ քայլեր`

1) մշակել գնահատման չափանիշներ համալսարանի կրթական և այլ ծառայությունների գործունեության վերաբերյալ՝ կատարելով շրջանավարտների ամենամյա հարցումներ.

2) ծրագրել, կանոնակարգել և իրականացնել շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ տվյալների հավաքագրման գործընթաց` շրջանավարտների և հիմնական գործատուների հետ ստեղծելով հետադարձ կապի համակարգ.

3) զարգացնել կրթական ծրագրերի պահանջներին համարժեք և մատչելի ուսումնառության օժանդակության ռեսուրսներ` ապահովելով դրանց լիարժեք և արդյունավետ օգտագործումը.

4) աշխատանքներ տանել սովորողների կարիերայի նախապատրաստման, աշխատատեղերի որոնման, կրթական գործնթացում որակի բարձրացման և այլ ուղղություններով.

5) ընդլայնել կարիքավոր սովորողների պահանջների բավարարման շրջանակները.

6) լրամշակել սովորողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ քաղաքականությունը:

 

ՆՊԱՏԱԿ 4.

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Բարելավել համալսարանի կառավարման համակարգը և նպաստել դրա արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։

 

Խնդիր 4.1.

Կատարելագործել համալսարանի կազմակերպական կառուցվածքը:

Անհրաժեշտ քայլեր`

1)բարձրացնել համալսարանի կազմակերպական կաոուցվածքի արդյունավետությունը, շեշտադրել կառուցվածքային ստորաբաժանումների խոշորացումը և պատասխանատվության տեղափոխումը ստորաբաժանումների մակարդակ՝ բարձրացնելով դրանց գործունեության արդյունավետությունը և հաշվետվողականությունը.

2) ներմուծել համալսարանի գործունեության արդյունավետության գնահատման ցուցիչների համակարգ և այն ընդունել որպես հիմք համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների տարեկան գործունեության արդյունքների վերլուծության և հաշվետվության համար.

3) ստեղծել համալսարանի ներուժի նպատակային օգտագործմանը նպաստող պայմաններ առանցքային գործընթացների առանձնացման, դրանց և համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով.

4) ստեղծել համալսարանի կառավարման մարմինների որակավորման բարձրացման համակարգ.

5) ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի ուղենիշների տեղայնացումը նրա բոլոր ստորաբաժանումներում՝ մշակելով ռազմավարական ծրագրեր և գործողությունների պլաններ.

6) ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր՝ բոլոր սովորողների և աշխատողների արդյունավետ գործունեությունը խթանելու և դյուրակառավարելի դարձնելու նպատակով։

7) ապահովել համալսարանի կառավարման բոլոր մակարդակների իրավական-նորմատիվային բազայի (փաստաթղթային փաթեթներ) շարունակական զարգացումը օրենսդրական - կազմակերպական և ներքին կազմակերպական փոփոխություններին համահունչ:

 

Խնդիր 4.2.

Համապատասխանեցնել ֆինանսների կառավարումը ռազմավարական նպատակների իրագործմանը:

Անհրաժեշտ քայլեր`

1) մշակել և ընդունել ԱրՊՀ 2019-23 թթ. զարգացման ռազմավարական բյուջեի կողմնորոշիչ ֆինանսական ցուցանիշներ սույն ռազմավարական ծրագրում բերված նպատակների և խնդիրների իրականացման ռեսուրսային հենքի ապահովման նպատակով.

2) կատարելագործել բյուջետային համակարգը՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների արդյունավետ ու թափանցիկ բաշխում և բոլոր բնագավառների կառավարման գործընթացների համաձայնեցում՝ առաջադրված նպատակներին հասնելու համար.

3) սահմանել համալսարանի զարգացմանը, աշխատանքի վարձատրությանն ու ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված միջոցների ծավալների միջև տարեկան կողմնորոշիչ համամասնություններ.

4) մշակել հաշվեկշռված բյուջետային ցուցանիշների համակարգ՝ ըստ գործունեության բնագավառների և զարգացման ուղղությունների.

5) իրականացնել տարեկան բյուջեի պլանավորում՝ հաշվեկշռված բյուջե֊տային ցուցանիշների հիման վրա.

6) ապահովել համալսարանի ֆինանսական ռեսուրսների կառավարման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումը.

7) մշակել և ներդնել վարձատրության՝ տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վերջնարդյունքում ունեցած կոլեկտիվ և անձնական ավանդի ցուցանիշների վրա հիմնված նոր համակարգ՝ կարևորելով նաև կատարված աշխատանքի որակական ցուցանիշները:

 

Խնդիր 4.3.

Համապատասխանեցնել ակադեմիական և ֆունկցիոնալ ռեսուրսների կառավարումը բուհի ռազմավարական նպատակներին:

Անհրաժեշտ քայլեր`

1) վերազինել և արդիականացնել լսարանային և լաբորատոր բազան՝ կրթական ծրագրերի և ուսանողական համակազմի նոր կարիքներին համապատասխան.

2) ստեղծել նոր ուսումնագիտական լաբորատորիաներ՝ կրթական ծրագրերի զարգացման և նոր մասնագիտությունների պահանջներին համապատասխան.

3) ընդլայնել համագործակցությունը գործատու և բարեգործական նվիրատու կազմակերպությունների հետ՝ լսարանների ուսումնագիտական լաբորատոր բազաների համատեղ վերազինման, նորացման և նորերի ստեղծման նպատակով.

4) իրականացնել համալսարանի գրադարանի, ընթերցասրահների ու գրապահոցի արդիականացմանը, թվայնացմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով վերազինմանն ուղղված աշխատանքներ.

5) ավելացնել և ընդլայնել համալսարանի լիարժեք տեխնոլոգիական կարողությամբ ապահովված (ինտերնետային կապով, համակարգչով, ցուցադրման թվային սարքով, ինտերակտիվ գրատախտակով և անհրաժեշտ այլ պարագաներով) լսարանների թիվը.

6) ձեռնարկել համալսարանի հանրակացարանային բազայի վերանորոգման աշխատանքներ.

7) ընդլայնել համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի օգտագործման տեխնոլոգիական և տեխնիկական գործիքամիջոցների կազմը, ստեղծել համալսարանի էլեկտրոնային կրթական հարթակ՝ էլեկտրոնային հասցեներ հատկացնելով համալսարանի բոլոր սովորողներին և դասախոսներին asu.am դոմեյնում.

8) ապահովել արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը համալսարանի սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ ընդլայնելով համալսարանի մասնակցությունը գրադարանային գլոբալ ցանցերում և ընկերակցություններում:

 

Խնդիր 4.4.

Համապատասխանեցնել մարդկային ռեսուրսների կառավարումը բուհի ռազմավարական նպատակներին:

Անհրաժեշտ քայլեր`

1) շարունակել սովորողների, դասախոսների և մյուս աշխատակիցների թվաքանակների միջև արդյունավետ հավասարակշռման գործընթացը` նպատակ ունենալով ապահովելու հստակ հիմնավորված, որակը չխաթարող, հաստիքախնայողական քաղաքականություն.

2) սահմանել չափորոշիչներ` ԱրՊՀ վարչակազմի և այլ աշխատողների հաստիքների պլանավորման և վերջիններիս ներկայացվող որակական պահանջների ձևավորման համար.

3) մշակել պաշտոնի անձնագրեր և աշխատանքի նկարագրեր` վարչական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի աշխատողների համար.

4) կազմակերպել վարչակազմի կատարելագործման գործընթաց` կառավարման նոր մեթոդների, բուհական կրթության բարեփոխումների, տեղեկատվական կառավարման համակարգերի յուրացման և ներդրման ուղղությամբ.

5) ներդնել վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական տարակարգերի աշխատողների որակավորման համակարգ.

6) խրախուսել դասախոսական կազմի մասնակցությունը համալսարանի կառավարման և որոշումների ընդունման գործընթացներում.

7) քայլեր ձեռնարկել խոստումնալից կադրերի խրախուսման, աջակցման, պահպանման, նոր անհրաժեշտ կադրերի ներգրավման ուղղությամբ.

8) իրականացնել վարչակազմի փուլային երիտասարդացման քաղաքականություն, ստեղծել կայուն ռեզերվ և մրցակցային միջավայր` կառավարման կառույցների և ստորաբաժանումների ղեկավար կազմի որակյալ համալրումն ապահովելու նպատակով.

9) նպաստել համալսարանի աշխատակիցների կողմից որակի կառավարման ժամանակակից մեթոդների յուրացմանը:

 

ՆՊԱՏԱԿ 5.

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցել հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին` նպաստելով համալսարանի ու նրա գործունեության ճանաչմանն ու արտաքին օժանդակությանը:

Խնդիր 5.1.

Հասարակության առջև բուհի հաշվետվողականության բարձրացում:

Անհրաժեշտ քայլեր`

1) ապահովել համալսարանի կայքէջի պարբերական զարգացումը` հարստացնելով և արդիականացնելով դրա բովանդակային և ծրագրային բաղադրիչները, համալսարանի օպերատիվ լրատվությունը և սեփական գովազդային նյութերի հրատարակումը.

2) բազմազանեցնել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ, ստեղծել «Արցախի համալսարան» պաշտոնաթերթի ռուսալեզու և անգլալեզու էլեկտրոնային հավելված.

3) ստեղծել սեփական հեռուստատեսային և ռադիոհաղորդաշարեր, համագործակցել հեռուստատեսային և ռադիոընկերությունների հետ.

4) կատարելագործել և բազմազանեցնել համալսարանի ներքին կյանքին վերաբերող լրատվական տեղեկատվությունը, ստեղծել համալսարանը ներկայացնող հաղորդաշարեր, բարձրացնել դրանց տեխնիկական վիճակը և շահագործման արդյունավետությունը.

5)ապահովել հանրային կապերի ոլորտում համալսարանի գործողությունների մշտադիտարկումը` PR գործունեությունն առավել արդյունավետ և նպատակային դարձնելու նպատակով.

6) համակարգել և նպատակաուղղել համալսարանի դրական վարկանիշի ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված գովազդային-լրատվական, քարոզչական և մարքեթինգային կարողությունները.

7) կազմակերպել հանրային կարծիքի ուսումնասիրություններ` համալսարանի գործունեությունը հասարակության արդի պահանջներին համահունչ դարձնելու նպատակով.

8) մշակել համալսարանի պաշտոնական խորհրդանիշների կիրառման արարողակարգը:

 

Խնդիր 5.2.

Կազմակերպել կրթական, տնտեսական, սոցիալական, գիտական և մշակութային միջոցառումներ բուհի ռազմավարական նպատակներին համապատասխան:

Անհրաժեշտ քայլեր`

1) մշակել և իրականացնել աշխատակիցների սոցիալական կարգավիճակի մակարդակի շարունակական բարելավման հնգամյա ծրագիր.

2) ստեղծել հանրօգուտ նոր ծառայություններ` օգտագործելով շարունակական կրթության և վերապատրաստման դասընթացների կազմակերպման փորձը և խորհրդատվական-տեղեկատվական ներուժը` դրանք հանրությանը հասանելի դարձնելու նպատակով.

3) նպաստել համալսարանում մշակութային և մարզական ծրագրերի համակողմանի զարգացմանը` խթանելով սովորողների և աշխատողների ակտիվ մասնակցությունը.

4) բարելավել համալսարանի սննդի համալիրի կետերի սանիտարահիգիենիկ պայմանները, ապահովել դրանցում անհրաժեշտ տեսականու առկայությունն ու մատչելիությունը համալսարանի հանրության համար.

5) բարելավել էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումները համալսարանի բոլոր մասնաշենքերում` ամենուր ապահովելով կենսագործունեության անվտանգության և բնապահպանական չափորոշիչային պահանջների իրականացումը:

 

ՆՊԱՏԱԿ 6.

 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

 

Ապահովել համալսարանի արտաքին կապերի համակողմանի զարգացումը, խթանել ԱրՊՀ գործունեության միջազգայնացումը:

Խնդիր 6.1.

Ընդլայնել և բազմազանեցնել համալսարանի միջազգային կապերը, խթանել միջազգայնացման շարունակական գործընթացները արտերկրի համալսարանների և բարձրագույն կրթության միջազգային կառույցների հետ ինստիտուցիոնալ ու ծրագրային մակարդակներում:

Անհրաժեշտ քայլեր`

1) խրախուսել բուհում մեկ և ավելի օտար լեզուներով հաղորդակցման քաղաքականությունը.

2) ՄԿԾ-ներում աստիճանաբար ավելացնել օտար լեզուներով դասավանդվող առարկաների քանակը.

3) զարգացնել համագործակցությունը արտասահմանյան երկրների բուհերի հետ.

4) նպաստել հրավիրված օտարերկրյա դասախոսների ԱրՊՀ պարբերական այցելություններին և ընդլայնել ֆակուլտետների կրթական ծրագրերում նրանց մասնակցության շրջանակները.

5) նպաստել օտարերկրյա սովորողների համակազմի աճին ԱրՊՀ-ում.

6) զարգացնել և ընդլայնել միջազգային ամառային դպրոցի աշխարհագրությունը` բազմազանեցնելով կրթամշակութային ծրագրերի բովանդակությունը.

7) օժանդակել համալսարանի մասնակցությանը միջազգային գրադարանային ցանցերին և ընկերակցություններին, ապահովել արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը համալսարանի սովորողների և գիտամանկավարժական կազմի համար.

8) նպաստել համալսարանի ուսանողական կազմակերպությունների արտաքին կապերի զարգացմանը և ներգրավմանը միջազգային կազմակերպություններում ու ծրագրերում:

 

 Խնդիր 6.2.

Ընդլայնել համալսարանի միջազգային գիտական համագործակցությունը, ձգտել համալսարանի ներգրավմանը արտերկրյա հետազոտական տարածքին:

Անհրաժեշտ քայլեր`

1) խթանել համալսարանի հետազոտական աշխատանքների միջազգայնացման գործընթացները.

2) շարունակել խթանել համալսարանի գիտական համագործակցությունը արտասահմանյան առաջատար համալսարանների և գիտական կենտրոնների հետ, համատեղ նախագծերի նախաձեռնումն ու իրականացումը երկկողմ պայմանագրերի, կոնսորցիումների և միջազգային ցանցերի շրջանակներում.

3) աջակցել համալսարանի գիտամանկավարժական կազմի և ասպիրանտների ընդգրկմանը տարբեր միջազգային գիտական նախագծերում, դրանց ֆինանսավորման միջազգային աղբյուրների որոնման և հայտերի մշակման ուղղությամբ ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական և խորհդատվական աջակցություն.

4) նպաստել արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գիտահետազոտական և փորձագիտական աշխատանքներին.

5) աջակցել արտասահմանյան՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում հոդվածների հրատարակմանը և միջազգային ներկայացուցչական գիտաժողովներին մասնակցությանը:

 

Խնդիր 6.3.

Բազմազանեցնել գործընկերային կապերը համալսարանի պատվիրատու կազմակերպությունների և հանրապետական հանրային կառույցների հետ:

Անհրաժեշտ քայլեր`

1) իրականացնել աշխատաշուկայի առկա վիճակի ու զարգացման միտումների մոնիթորինգ և ձևավորել համալսարանի հնարավոր գործատու կազմակերպությունների տվյալների բազա.

2) ներգրավել գործընկեր կազմակերպություններին համալսարանի և նրա առանձին ֆակուլտետների զարգացման ծրագրերի մշակման ու իրագործման աշխատանքներում.

3) բարելավել համալսարան-գործատու փոխկապակցության համակարգը, իրականացնել մասնագետների և կրթական ծառայությունների շուկայական պահանջարկի կանխատեսումներ և ներքին ռեսուրսների մոնիթորինգ.

4) կազմակերպել «աշխատանքի տոնավաճառներ» և հիմնական գործատու կազմակերպությունների ու աշխատաշուկային առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ համալսարանի սովորողների պարբերական հանդիպումներ` նպաստելով համալսարանի շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու և գործընկերային նոր կապեր ձևավորելու գործընթացին.

5) կազմակերպել հանդիպումներ մասնագիտական հաջողություններ արձանագրած շրջանավարտների և սովորողների միջև: