Միասնության ուժը

09.08

2016

 

 

2016թ. օգոստոսի 6-ին Հանքավանում մեկնարկեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը:

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 210 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց հայ ռազմակայան քաղաքական գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անունուններով։ ՀՀ դրոշի կարմիրին, կապույտին և նարնջագույնին համապատասխանում են՝ ՄՈՆԹԵՆԵՐԻ, ՆԺԴԵՀՆԵՐԻ և ՎԱԶԳԵՆՆԵՐԻ ճակատները:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքի ներկաներին ողջունեց և մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը. «Բնության այս գողտրիկ անկյունում, այսօր մեկնարկում ենք ՀԱՊՀ-ի միջոցառումների այն շարքացանկը, որն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին։ Միջոցառման մեկնարկը խորհրդանշական է և այսօրվա իրողություններին խիստ համապատասխան։ «Միասնության ուժը» նախաձեռնությունը պատկանում է մեր Ուսանողական խորհրդին։ Այն ծնվել է որպես ՈւԽ-ի մտահղացում և կազմակերպական անհրաժեշտ ֆինանսավորումը ստացել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» և Պոլիտեխնիկի ռեկտորատի կողմից»,-ասաց ռեկտորը:

Հավաքի հինգ օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ կունենան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

Ի դեպ,  «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքին մասնակցում է նաև ԱրՊՀ  չորս պատվիրակ: