ԱՐՑԱԽԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

04.09

2016

 

Bohjaljan 1     Bohjaljan 2

 

ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերը ցանկություն են հայտնում ծանոթանալու մտավորականության և երիտասարդության հետ: Այդ նպատակով օրերս ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր ամերիկահայ վիպասան, հրապարակախոս և լրագրող Քրիս Բոհջալյանը:

Ք. Բոհջալյանը հայ ընթերցողին հայտնի դարձավ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպով (2012թ.), որը պատմում է Հայոց ցեղասպանության և շուրջ մեկ դար Թուրքիայի կողմից այն ժխտելու մասին: «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հրատարակությունից հետո Բոհջալյանն ակտիվորեն ներգրավվել է նաև աշխարհով մեկ մարդկանց  ցեղասպանության մասին իրազեկելու գործում, ինչն անում է դասախոսությունների, հոդվածների եւ հրապարակային ելույթների միջոցով։

 Վեպի մտահղացման և հերոսների ընտրության մասին խոսելիս գրողն ընդգծում է այն հանգամանքը, որ վեպի գործողությունների հիմքում ընկած է իր ընտանիքի պատմությունը, որի մասին նա իմացել է շատ ավելի ուշ: Բոհջալյանի տատի հայրը և Շիրինյանների գերդաստանը ծագումով Անկարայից էին, որտեղ նրանք ձիաբուծությամբ էին զբաղվում։ 1915թ. թուրքերը, չկամենալով այլևս վճարել ձիերի համար, գնդակահարում են տատի հորը և բռնագրավում ձիանոցն ու ընտանիքի տունը։ Այսպես սկիզբ է առնում պատմությունը, իսկ հանգուցալուծումը վերածնվում վեպի տեսքով՝ պրագմատիկ մեր օրերում շարժելով միլիոնավոր ընթերցողների խիղճը:

«Վեպը հետադարձ հայացք է Հայոց ցեղասպանությանը և հարց, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել նման սահմռկելի իրադարձությունները, ավելին՝ դրանց միջով անցած մարդիկ ինչպե՞ս են ուժ գտել՝ բարօրության հասնելու հեռու-մոտիկ երկրներում»,- ասել է հեղինակը:

1915-ի իրադարձություններից բացի, հեղինակին հուզում է նաև ղարաբաղյան կոնֆլիկտը: Նա նպատակ ունի առաջիկայում Արցախը դարձնելու գեղարվեստական նյութի հիմք, այսինքն՝ իր ստեղծագործություններում կերտելու արցախցի բնավորություններ, նկարագրելու արցախյան կենցաղ ու բարքեր՝ այդպիսով աշխարհի, մասնավորապես` Ամերիկայի ուշադրությունը հրավիրելով հակամարտության պայմաններում ապրող ու արարող հասարակ մարդու վրա: