Արցախի պետական համալսարան

 

33     44

Հոկտեմբերի 6-ին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտական միջազգային կոնֆերանսի արդյունքները:

Ամփոփելով կոնֆերանսի երկօրյա աշխատանքներն ու դրանց արդյունքները՝ ԱրՊՀ գիտական և միջազգային գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել մասնակից համալսարանների ղեկավարությանը, գիտական ղեկավարներին և պատվիրակներին մասնակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Մասնախմբերում կայացած քննարկումների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել Սոկրատ Խանյանն (ԱրՊՀ) ու Ջ. Հայրապետյանը (ՀՌՀ):

«Ողջունելի քայլ է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը: Այդպիսիք ոչ միայն նպաստում են ուսանողների կրթագիտական մակարդակի բարձրացմանը, այլ նաև միջբուհական կապերն են ամրացնում»,- նկատել է Ս. Խանյանը:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակության ղեկավար, ի.գ.թ. Ջոն Հայրապետյանը ՀՌՀ անունից երախտագիտություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ՀՌՀ ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Արմեն Դարբինյանի, սատարում է ԱրՊՀ-ի հետ կապերը:

«ՀՌՀ-ԱրՊՀ կապն ավելին է, քան համագործակցություն: Այն մեր համալսարանի կողմից վարվող հատուկ քաղաքականություն է: Մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք աջակցելու և սատարելու ԱրՊՀ ցանկացած նախաձեռնություն և սիրով ընդունելու նաև մեր համալսարանում»,- հավելել է  Ջ. Հայրապետյանը:

Կոնֆերանսի փակման արարողության ընթացքում բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, աչքի ընկած աշխատանքների հեղինակներին՝ նաև «Արցախի բանահյուսությունը» խորհրդանշական գիրքը:

Հավելենք, որ կոնֆերանսի փակման արարողությունից հետ մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Տիգրանակերտի պատմամշակութային արգելոց: