«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է». ՓՈՐՁԱԳԵՏ

07.10

2016

 

v1   v2

Նախորդ ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում  ներդրված ոչ ֆորմալ կրթության ծրագիրը համալսարանականներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել և զարգացնել փոփոխվող միջավայրի պահանջներին համապատասխան կարողություններ և հմտություններ: Ծրագրի շրջանակներում օրերս ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է Դ. Շահնազարյանի այցը մայր բուհ և բարձր գնահատել դիվանագիտական դաշտում նրա ծավալած գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Դ. Շահնազարյանը խոսել է ԼՂՀ հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների,  1994 թվականին կնքված զինադադարից առ այսօր տեղի ունեցած գործընթացների, այդ համատեքստում Ռուսաստանի, Թուրքիայի գործոնի, Հայաստանի ու Արցախի դիրքորոշումների և քաղաքական շահարկումների առարկա դարձած մի շարք այլ երևույթների մասին:

Դ. Շահնազարյանը, որ 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան էր, ուշագրավ փաստեր է ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ծավալված գործողություններից:

Բանակցային գործընթացը, վերլուծաբանի խոսքով, փաստացի սկսվել է 1994-ին հայկական կողմի պարտադրած զինադադարից հետո: Այդ տարիներին, զինադադար պարտադրելուց բացի, հայկական կողմի հաղթանակներից էր նաև բանակցային  գործընթացում ներգրավվելը: Այս և մի շարք այլ հանգամանքներ առավելություն էին տալիս հայկական կողմին:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյային՝ բանախոսը նկատում է, որ այդ իրադարձությունները փոխել են բանակցությունների ընթացքը: Հայկական կողմին հաջողվել է զինադադար պարտադրել՝ այդպիսով մեծացնելով բանակցային սեղանին հայտնվելու իր շանսերը և ոչ միայն:

Դ. Շահնազարյանի խոսքով ապրիլյան պատերազմը ապացուցեց այն, ինչը 20 տարի շարունակ միջազգային հանրությանը չէին կարողանում ապացուցել դիվանագետներն ու քաղաքագետները. Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել:

«ԼՂՀ ճանաչումն այլընտրանք չունի, քանի որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդունում է ղարաբաղցիների պահանջը, և ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն է՝ անկախ հանրապետություն: Միջազգային ճանաչումը ԼՂՀ անվտանգության միակ երաշխավորն է», - հոմոզմունք է հայտնել վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ոչ ֆորմալ կրթության ծրագիրն իրականացվում է ԼՂՀ կառավարության և «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության համակարգող Կ. Օհանջանյանի աջակցությամբ: